Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը պահպանվում է, կա իրական ռիսկ և մենք փորձում ենք կանխել դա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
ԱՄՆ պետքարտուղարը փաստորեն համաձայն չէ Հայաստանի վարչապետի հետ, որը վերջին շաբաթներին արդեն երկու անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն:
ԱՄՆ պետքարտուղարը, սակայն հակամարտության ռիսկը համարում է իրական: Բայց ի՞նչ է փորձում անել ԱՄՆ այդ ուղղությամբ, որովհետև տեսանելի առումով Միացյալ Նահանգների դիվանագիտական թիմը, կարծես թե, ներգրավված չէ հայ-ադրբեջանական գործընթացում:
Պետք է ենթադրել, որ հայ-ադրբեջանական հակամարտության բռնկումը կանխարգելելու աշխատանքը Միացյալ Նահանգները իրականացնում է երեք ուղղությամբ՝ Մոսկվայի հետ երկխոսության գործընթաց, Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական գործընթաց, և Թուրքիայի հետ աշխատանք:
Համենայն դեպս, հայ-ադրբեջանական գործընթացի հանդեպ ուղիղ հետաքրքրությամբ ԱՄՆ վարչակազմը գոնե առայժմ աչքի չի ընկել որևէ շոշափելի նախաձեռնությամբ: Չի բացառվում իհարկե, որ այդպիսին լինի ապագայում:
Թեև, եթե ԱՄՆ վարչակազմը Մոսկվայի հետ շարժվում է ոչ թե դիմակայության, այլ երկխոսության տրամաբանությամբ, այդ պարագայում թերևս կարող են հայ-ադրբեջանական հակամարտության ակտիվացումը կամ տաք փուլը կանխելու առավել արդյունավետ ջանքեր լինել հարակից-միջավայրային արդյունքները:
Օրինակ, եթե հաջողությամբ ընթանա Իրանի շուրջ դիվանագիտական պրոցեսը, ապա դա ինքնին հայ-ադրբեջանական կայունության գրավական է: Հակառակի պարագայում կասկած չկա, որ Բաքուն կփորձի օգտվել Իրանի շուրջ որևէ ապակայունությունից և ինչ-որ հարցեր լուծել Հայաստանի ուղղությամբ:
Բնականաբար առանցքային է նաև Թուրքիայի գործոնը, քանի որ Ադրբեջանն, իհարկե, հազիվ թե որևէ ռազմական մասշտաբային գործողություն ձեռնարկի առանց թուրքական թե քաղաքական, թե նաև ռազմա-տեխնոլոգիական աջակցության:
Հետևաբար, Թուրքիայի հետ աշխատանքով ԱՄՆ կարող է ավելի շատ հարց լուծել հայ-ադրբեջանական կայունության համար, քան անմիջականորեն հայ-ադրբեջանական պրոցեսի ուղղված նախաձեռնությամբ:
Այդ իմաստով գուցե հատկանշական է, որ ԱՄՆ Թուրքիայի վրա բավականին պատասխանատվություն է դնում Մերձավոր Արևելքի, մասնավորապես սիրիական թեմայով: Այդ ամենով հանդերձ, անշուշտ ուշադրության է արժանի այն, որ նոր վարչակազմի պաշտոնամուտից ի վեր՝ արդեն գործնականում ուղիղ չորս ամիս, որևէ կերպ չի տպավորում հայ-ամերիկյան պաշտոնական հաղորդակցությունը:
Բաց մի թողեք
Իսրայելն արդեն հարվածում է՝ ինչ սպասել մեր տարածաշրջանում
ԱՄՆ – Իրան հարաբերություններում մտադիր է Իրանի հետ բանակցային գործընթացում թույլ չտալ «ֆալստարտ»
Մոսկվան ինչպե՞ս կվերաբերի «թշնամաբար դիրքավորված Ֆրանսիայի» հետ հարաբերությունը խորացնելու Տաջիկստանի քայլերին