13/06/2025

Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ. Շառլ Ազնավուր

Այսօր ֆրանսահայ մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է, մտավորական, անհատականություն, ում անունի կողքին, եթե անգամ ածականներ չդնենք, ապա անունն արդեն իսկ խոսուն է, շատ հաճախ՝ ով է հայը, օտարների համար բացահայտման խորհրդանիշ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանն ու շարունակել․

Հայաստանի ապագայի մասին, Ազնավուրը ժամանակին փիլիսոփայել է․ Ես կարծում եմ, որ ամեն ինչ մեր ձեռքերում է։ Յուրաքանչյուրի կյանքն իր ձեռքերում է, իմ ճակատագիրն այդ ամենի ապացույցն է։ Բայց հարկավոր է առաջին հերթին ճիշտ դռների մոտենալ եւ կարողանալ բացել դրանք։

Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ:

Մայրերը ամեն ինչ գեղեցկացնելու առանձնահատուկ ձիրք ունեն: Շնորհիվ նրանց, և հաճախ միայն նրանց համար, ծնված օրվանից մենք դառնում ենք առասպելական անձնավորություններ:

Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը և ծաղր ու ծանակը ընտանիքիս էր բաժին հասնում: Ես պարտական եմ նրան: Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին, պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…

Ինձ համար անկրկնելի է նրա երգերից Մնան, ահա այս տողերով, մյուս բոլորն էլ են հրաշալի․

Մնա՜,
Էլի՜ մնա,
Մնա ինձ հետ,
Մարմնիս վրա,
Ձեռքերիս մեջ,
Թևատարա՜ծ,
Բավարարվա՜ծ,
Խենթ ու խելա՜ռ,
Ու հևասպառ:
Մնա սիրով
Ու նվաղած,
Եվ գիշերով
Ցանկապատված,
Սրտիս վրա,
Առանց ամոթ,
Մնա կրքոտ,
Մե՜րկ համարյա:
Այդպե՜ս մնա,
Չհագեցած,
Կյանքիս վրա,
Ձեռքս սեղմած,
Գիսախռիվ,
Մարմնակործա՜ն,
Հե՜զ, անխռո՜վ,
Ու ինքնիշխան:
Այստեղ մնա,
Բառ մի ասա,
Հրճվիր, ցնծա,
Մաշկիս վրա,
Հույսի գրկում
Ու գիշերվա,
Մինչև դրսում,
Լույսը բացվեր,
Իմ սե՜ր, իմ սե՜ր…

Լուսանկարում՝ Ազնավուրն ու ձեռքի դիրքերը.

May be an image of 1 person