3+3 ձևաչափի արտգործնախարարական նոր հավաքի կազմակերպման հավակնորդ են Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես հնարավոր է դատել Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունից, որ հնչել է Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են համաձայնել, որ ձևաչափի առաջիկա երկու հավաքները անցկացվեն Հայաստանում ու Ադրբեջանում՝ ձեռք բերելով դրա շուրջ պայմանավորվածություն:
Դատելով ՌԴ ԱԳ նախարարի խոսքից՝ Երևանն ու Բաքուն այդ առնչությամբ ունեն «վեճ», թե որ երկիրը պետք է առաջինն ընդունի 3+3-ի արտգործնախարարական հավաքը: Հիշեցնեմ, որ վերջին անգամ այդ ձևաչափի նախարարական հավաքը անցկացվել է Թուրքիայում՝ նախորդ տարի հոկտեմբերի վերջին: Դրանից առաջ նախարարական հավաք էր անցկացվել Թեհրանում:
Իսկ ընդհանրապես այդ ձևաչափի առաջին՝ փոխնախարարների մակարդակով հավաքը տեղի էր ունեցել Մոսկվայում: Ըստ էության ստացվում է, որ այժմ հերթը Երևանինն ու Բաքվինն է, և թերևս կա անհամաձայնություն, թե ով պետք է լինի հաջորդ ընդունողը:
Միևնույն ժամանակ չի բացառվում, որ դրանով հանդերձ, հարցը նաև ավելի լայն քննարկման առարկա է: Այսինքն, Երևանն ու Բաքուն քննարկելով այդ հարցը՝ նաև մյուս երեքի մասնակցությամբ, միևնույն ժամանակ այն տեղավորում են ավելի լայն գործընթացը մեջ, որը ներառում է նաև հայ-ադրբեջանական կարգավորման հարցերը:
Իրավիճակը ինչ-որ առումով կարող է մոտ կամ համեմատելի լինել Cop29-ի պատմությանը, երբ Ադրբեջանը դրա հնարավորությունը ստացավ հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության և պայմանավորվածության հիման վրա, որի դիմաց ազատ արձակվեց նաև 32 հայ գերի:
Արդյո՞ք 3+3 ձևաչափի նոր հանդիպման թեմայի վերաբերյալ քննարկումներում շոշափվում է մարդասիրական համաձայնության որեւէ նոր տարբերակ: Համենայն դեպս դա կարող է լինել այդ առնչությամբ մի հնարավորություն, որի ուղղությամբ ջանք, անշուշտ, պետք է գործադրել:
Բաց մի թողեք
Բաքվում վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան. ՌԴ հայերի միությունը դիմել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներին
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Իրանին
Իրավիճակը Թեհրանում՝ Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո. Լուսանկարներ