Երևանյան այցի արդյունքներով մամուլի ասուլիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ ընդգծել է տարածաշրջանային խնդիրները 3+3 ձևաչափում քննարկելու և լուծումներ գտնելու կարևորության մասին, ինչպես նաև կրկին հիշեցրել, որ հայ-ադրբեջանական կարգավորման հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև 2020-2022 թվականներին ձեռք բերված համաձայնություններն են:
Լավրովը Երևան է այցելել Տիրանայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև կարճատև երկխոսությունից, Եվրոպայի խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահի հետ նրանց առանձին հանդիպումներից հետո:
Ժամանակային առումով այդ այցը համընկել է Բուդապեշտում Թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովին, որի նշանակությունը Թուրքիայի նախագահ Էրդողանը ձևակերպել է այնպես, որ Հունգարիան Եվրամիությունը կամրջում է թուրքական աշխարհի հետ:
Լավրովի երևանյան այցից ընդամենը մեկ օր անց Իլհամ Ալիևն արտաքին քաղաքականության հարցերով իր օգնական Հաջիևին գործուղել է Բրյուսել: Բաքվի մամուլը տեղեկացնում է, որ Հաջիևը դիվանագիտական առաքելությունն սկսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայայի հետ հանդիպումից, որի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի գործընկերության ընթացիկ վիճակը և հեռանկարները, մասնավորապես տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված հարցերը:
Հաջիևը նաև հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի պետի տեղակալ Լորենց Մայեր-Մինեմանի հետ:
Նույն օրն Ադրբեջանի նախագահի օգնականը հանդիպում է ունեցել նաև Եվրամիության արտաքին կապերի ծառայության գլխավոր քարտուղար Բելեն Մարտինես Կարբոնելի հետ: Այդ մասին վերջինս ծանուցել է սոցիալական X հարթակում հետևյալ գրառումով. «Հանդիպեցի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:
Մենք քննարկեցինք Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունները, Հայաստանի հետ (հարաբերությունների) կարգավորմանը ԵՄ աջակցությունը և տարածաշրջանային իրադարձությունները: Եվրամիությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղությանը և առաջընթացին»:
Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահը ձգտում է վերականգնել հատկապես Եվրամիության հետ համագործակցությունը: Ուշագրավ է, որ Ալիևն իր օգնականին Բրյուսել է գործուղել ԵՄ կողմից Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելուց մի քանի օր հետո: ԵՄ պատժամիջոցները կիրառելի են առաջին հերթին Ռուսաստանի «ստվերային նավատորմի» նկատմամբ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան արդեն իսկ պատժամիջոցներ է սահմանել նավթի վաճառքով զբաղվող ադրբեջանական ընկերության, «Զանգեզուր» և Ադրբեջանին պատկանող ևս չորս լցանավերի նկատմամբ, երբ բացահայտվել է, որ դրանք ռուսական նավթ են մատակարարում Թուրքիայում գործող ադրբեջանական STAR նավթավերամշակման գործարանին:
Ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի և քաղաքական կարգավորման ոչ մի հեռանկար նույնիսկ չի ուրվագծվում: Ռուսաստանի նկատմամբ «դժոխային պատժամիջոցների» մասին օրենքի նախագիծ է մշակվել ԱՄՆ Կոնգրեսում, որ ցանկացած պահի կարող է դրվել քվեարկության և ընդունվել, եթե նախագահ Թրամփը վերջնականապես համոզվի, որ Պուտինը խաղաղություն չի ուզում:
Այս իրավիճակում ՆԱՏՕ-ի և մանավանդ Եվրամիության հետ հարաբերությունների վերբեռնմանն ուղղված քայլերը, որ Հաջիևի բրյուսելյան առաքելությամբ նախաձեռնում է Իլհամ Ալիևը, բնականաբար, ունեն քաղաքական խոր ենթատեքստ:
Չնայած անդամության հարցում պահպանվող սահմանափակումներին, Եվրամիության հետ համագործակցությունը խորացնելու ուղեգիծ է պահում նաև Թուրքիան, առանց որի աջակցության Ադրբեջանը միջազգային և տարածաշրջանին վերաբերող խնդիրներում ազդեցիկ կշիռ չի կարող ունենալ:
Մոսկվայի դեմ ալիևյան դեմարշներից ի՞նչ հետևություններ կանի Ռուսաստանի նախագահը՝ բարդ է կանխատեսել: Առայժմ կարելի է միայն արձանագրել, որ Ադրբեջանի նախագահը դիվանագիտական հմտությունների և հնարավորությունների զինանոցը գործի է դրել, որպեսզի չներգրավվի «Մեծ Եվրասիայի» պուտինյան նախագծին:
Եվ այդ բարդ իրավիճակում նրան առաջնորդում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այնպես որ, Լավորվի առաջարկած 3+3 ձևաչափն այս փուլում Թուրքիայի համար պահանջված չէ, բայց Էրդողանը ձգտում է խուսափել Ալիևի «եվրոպական կողմնորոշմամբ»:
Բաց մի թողեք
Փորձ է արվում «մահակը» փոխարինել սոցիալ-տնտեսական բարգավաճման «քաղցրաբլիթով»
Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային հատկացնել մինչև 50 միավոր Tomahawk հրթիռներ
«Հյուսիս-հարավը» բավարարում է Իրանի և Ռուսաստանի շահերը, բայց հակադրվում Թուրքիային և Ադրբեջանին