11/07/2025

Լավրովն ինչու չայցելեց Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության հուշահամալիր

Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայաստանյան այցի ծրագրից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցը հայկական կողմի նախաձեռնությամբ չի հանվել:

Թեման ուշադրության արժանացավ այն բանի պատճառով, որ Սերգեյ Լավրովը այցի շրջանակում ծաղկեպսակ դրեց Հաղթանակի զբոսայգու անմար կրակին, իսկ ցեղասպանության հուշահամալիր՝ չայցելեց:

Ընդ որում, այստեղ հատկանշական է այն, որ Սերգեյ Լավրովի այցը աշխատանքային էր, թեև բովանդակային իմաստով դրա ծրագիրը լիուլի տեղավորվում էր պաշտոնական ձևաչափին բնորոշ արարողակարգում:

Եվ թերևս հենց, այն է` եղել այցի աշխատանքային ձևաչափի պատճառը, որ չառաջանա Հայաստանի պաշտոնական արարողակարգի պարտադիր ծրագրի մեջ ներառվող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի անհրաժեշտություն: Աշխատանքային ձևաչափի պարագայում դա պարտադիր ծրագիր չէ:

Հայաստանի ԱԳՆ-ն փաստորեն պարզաբանում է, որ նախաձեռնությունը՝ Ծիծեռնակաբերդի փոխարեն այցելել Հաղթանակի այգու անմար կրակին, եղել է ռուսական կողմինը: Իսկ Ծիծեռնակաբերդ ուղարկվել է ծաղկեպսակ: Հայաստանն ըստ ամենայնի չի ունեցել առարկություն:

Սա գուցե մեծ աղմուկ է ոչ այնքան մեծ պատմությունից, հաշվի առնելով այն, որ ի վերջո թե Լավրովը, թե Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նախագահները, մի քանի անգամ են եղել Ծիծեռնակաբերդում:

Մյուս կողմից, դա եղել է մինչև 2020 թվականի պատերազմը և առավել ևս մինչև հայ-թուրքական շփումները: Ավելին, Սերգեյ Լավրովի Հայաստան այցի օրակարգում եղել է նաև հայ-թուրքական կարգավորման գործընթացը, որն, ի դեպ, պատերազմից հետո մեկնարկեց հենց Մոսկվայում կայացած Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից:

Հետևաբար, հնարավոր է ռուսական կողմը իսկապես փորձել է օգտագործել Հաղթանակի 80-ամյակի հանգամանքը և «շրջանցել» Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը: Թեև, այո, Հաղթանակի հոբելյանական տարելից էր, սակայն այն մեծ հանդիսությամբ նշվել էր Մոսկվայում և ինչպես Հայաստանի վարչապետը, այնպես էլ ՌԴ արտգործնախարարն էր մասնակցել դրան:

Մինչդեռ, այսպես ասած նշանակալից տարելից էր նաև ցեղասպանության զոհերի հիշատակի առումով՝ ողբերգության 110-րդ տարելիցը, և գուցե առավել պատշաճ ու հիմնավոր կլիներ այցը Ծիծեռնակաբերդ:

Առավել ևս, որ մեծ ցանկության դեպքում հնարավոր էր անգամ գտնել մոտ 30 րոպե ժամանակ՝ նաև Ծիծեռնակաբերդ այցելելու համար:

Հետաքրքիր է, Հայաստանի ԱԳՆ հայտնում է, որ նախաձեռնությունը Երևանինը չէր, բայց Երևանը փորձե՞լ է այդուհանդերձ քննարկել հարցը, թե՞ միանգամից համաձայնել է Մոսկվայի նախաձեռնությանը: Այլ կերպ ասած, նախաձեռնությունը գուցե Երևանինը չէր, բայց ըստ ամենայնի Երևանը կարող էր նույնիսկ գոհ լինել, որ Մոսկվան խուսանավել է սեփական նախաձեռնությամբ:

Թերևս, մեկ այլ ինտրիգ է նաեւ այն, թե արդյո՞ք դեր է ունեցել և այն, որ Երևան այցից երեք օր անց Լավրովը Մոսկվայում կհյուրընկալի Թուրքիայի նախագահ Հաքան Ֆիդանին: