11/07/2025

Պուտինը Ստալինին վերադարձնում է Ռուսաստանին և դա քաղաքական հստակ ուղերձ է

Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Ռուսաստանի Դաշնության մի շարք բնակավայրերում «համաժողովրդական նախաձեռնությամբ» կանգնեցվել է Ստալինի կիսանդրին:

Այդ մասին անցած օրերին ռուսաստանյան մամուլում տասնյակ հրապարակումներ են արվել, այդ թվում՝ ՌԻԱ-Նովոստի պետական գործակալության մեկնաբանի հեղինակությամբ: Իշխող նարատիվն այն է, որ Ռուսաստանը պետք է վերականգնի իր ամբողջական պատմությունը, իսկ առանց Ստալինի դերակատարության անաչառ գնահատման դա հնարավոր չէ:

Ընդ որում, մամուլը վկայակոչում է սոցհարցումների արդյունքներ, ըստ որոնց նույնիսկ հետխորհրդային Ռուսաստանում ծնված սերնդի ներկայացուցիչների գրեթե կեսը Ստալինին համարում է անցյալ դարի ամենանշանավոր պետական-քաղաքական և ռազմական գործիչներից մեկը՝ համաշխարհային մասշտաբով:

Որքանո՞վ են հավաստի այդ տվյալները՝ պարզ չէ, բայց անառարկելի իրողություն է, որ «պողպատե առաջնորդի» ծննդյան և մահվան տարելիցի օրով հազարավոր մոսկվացիներ և հյուրեր Կրեմլի պատի մոտ նրա գերեզմանին ծաղիկներ են խոնարհում:

Ստալինի պատմա-քաղաքական ռեաբիլիտացիայի միտումներին անդրադարձել է նաև ամերիկյան Bloomberg-ը: Պարբերականի ներկայացմամբ՝ «գավառական քաղաքներում Ստալինի կիսանդրու տեղադրումը, գուցե, կարելի է բացատրել տեղական մարմինների «գավառամտությամբ» կամ խորհրդային անցյալի հանդեպ կարոտախտով, բայց Մոսկվայի մետրոպոլիտենի «Տագանսկայա» կայարանում «Ժողովրդի երախտագիտությունն առաջնորդին» հարթաքանդակի վերականգնումը, որտեղ Ստալինը պատկերված է գեներալիսիմուսի համազգեստով և ամբողջ հասակով, անկասկած քաղաքական բարձրագույն ղեկավարության որոշումն է»:

Ըստ ռուսաստանյան մամուլի, այդ հարթաքանդակից Ստալինի կերպարը վերացվել է 1956 թվականին, երբ դատապարտվել է անձի պաշտամունքը: Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակին ընդառաջ վերականգնված հարթաքանդակը, ինչպես ամերիկյան պարբերականն է վկայում, մոսկվացիների կողմից «ընդունվել է եթե ոչ խանդավառությամբ, ապա՝ ակնհայտ հարգանքով»:

Միանգամայն հասկանալի է, որ Մոսկվայի մետրոպոլիտենի հանգուցային կարաններից մեկում Ստալինի գեներալիսիմուսական կերպարով հարթաքանդակի ռեստավրացին խորհրդանշում է «ուժեղ ձեռքի իշխանությունը»: Եթե պատկերավոր ասվի, ապա Ստալինի տեսքով մոսկվացիներին ներկայացել է «հաղթանակած Պուտինը»:

Մանավանդ որ պետական-պաշտոնական քարոզչությունն այնպես է ներկայացնում, որ Ռուսաստանը պատերազմում է ոչ թե ուկրաինական ժողովրդի և նրա պետականության, այլ՝ «ֆաշիստների գործակալ Բանդերայի և նրա գաղափարական հետնորդ նեոնացիստների դեմ»: Ռուսաստանի նախագահն անձամբ Ուկրաինայի դեմ պատերազմը համեմատել է Մեծ հայրենականի հետ:

Ամերիկյան պարբերականի հեղինակը հիշեցնում է, որ 2017 թվականին Վլադիմիր Պուտինը Ստալինին անվանել է «բարդ կերպար»: Նա խոստովանել է, որ հիացած է «պատերազմ վարող» Ստալինով, բայց չի կարող մոռանալ, որ նրա իշխանության օրոք «միլիոնավոր մարդիկ ենթարկվել են ահաբեկչության»:

Ո՞րն է այս «միզանսցենի» նպատակը: ԱՄՆ-ում փորձում են Վլադիմիր Պուտինի քաղաքական ընկալումներում երկվությու՞ն տեսնել, շարունակում են հուսալ, որ նրա նպատակը ԽՍՀՄ վերականգնումը չէ՞, թե արձանագրում են Ռուսաստանի նախագահի ռադիկալացու՞մը:

Ինչ էլ որ Արևմուտքում կանխատեսեն կամ երևակայեն՝ իրականությունը մեկն է. Վլադիմիր Պուտինը Ստալինին վերադարձնում է Ռուսաստանին: Եվ դա քաղաքական հստակ ուղերձ է, որ Պուտինի դարաշրջանը նրա հեռանալով չի ավարտվելու կամ նա ամեն ինչ անելու է, որպեսզի իրենից հետո Ռուսաստանում «դավաճան Գորբաչով» չծնվի: