11/07/2025

«Վերջնական խաղաղությունը» շատ հեռու է․ Աշխարհաքաղաքական դիմակայության առանցքը

Թուրքիայի անվտանգության խորհուրդը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը, ողջունել այն և հույս հայտնել, որ պայմաններ կստեղծվեն վերջնական խաղաղության հաստատման համար, որից կշահեն բոլոր կողմերը, ըստ Թուրքիայի ԱԽ-ի:

Նախ` հատկանշական է, որ Ալբանիայում կայացած Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնությունից հետո Թուրքիայի ԱԽ նիստը անդրադառնում է նաև հայ-ադրբեջանական թեմային:

Ալբանիայում կայացավ Փաշինյան-Ալիև զրույց, որից հետո նաև եղավ Էրդողանի մասնակցությամբ շփման հայտնի դրվագը՝ Էրդողանի «պերճախոս» ժեստով: Դրանից հետո Էրդողանը նաև առանձին զրույց ունեցավ Ալիևի հետ:

Այդ ամենը արդյո՞ք ենթադրել է այնպիսի ծավալի ու բնույթի բովանդակություն, որը արժանի է եղել Թուրքիայի անվտանգության խորհրդում քննարկման: Թե՞ ԱԽ անդրադարձը այսպես ասած՝ հերթական է, այնքանով, որքանով հարցը Թուրքիան դիտարկում է իր համար հետաքրքրության մշտական առարկա:

Համենայն դեպս, բազմիմաստ է նաև ԱԽ անդրադարձում արտահայտվող «հույսը»՝ վերջնական խաղաղության հաստատման առումով:

«Վերջնական խաղաղություն» ասվածն, ըստ էության, հնչում է հարաբերական, որովհետև այդ ձևակերպումը կարող է ունենալ խաղաղության պայմանագրի ստորագրման իմաստ, կարող է նաև ունենալ հակառակ տրամաբանություն՝ որ վերջնական խաղաղությունը պայմանավորված չէ միայն խաղաղության պայմանագրով:

Ընդ որում, եթե դիտարկենք այս հանգամանքը նաև Բուդապեշտում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովում Էրդողանի ելույթի այն հատվածի ֆոնին, որտեղ նա խոսում է Միջին միջանցքի կառուցման ռազմավարական նշանակության և այդ հարցում թյուրքալեզու պետությունների աջակցությունը ակնկալելու մասին, ապա առնվազն չենք բացառի այն, որ Անկարայի համար «վերջնական խաղաղությունը» դա իր քաղաքական գերակայության ներքո Միջին միջանցքի կազմավորումն է:

Իսկ դա կնշանակի, որ «վերջնական խաղաղությունը» շատ հեռու է, քանի որ այդ հարցի վերաբերյալ պատկերացումներն են այսօր, թերևս, կազմում ռեգիոնալ նոր ճարտարապետության համար աշխարհաքաղաքական դիմակայության առանցքը: