03/07/2025

Փորձում ենք գտնել այն քաղաքական ուժերին, որոնք երկիրը կարող են տանել ճիշտ ճանապարհով

Մարտի 27-ին մի խումբ մտավորականներ` Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը, դիզայներ, քանդակագործ Արման Նուռը եւ մի շարք այլ գործիչներ, ազդարարեցին «Հայոց տուն» ապակուսակցական ուժի ստեղծման մեկնարկի մասին։

Հրապարակ թերթը գրել է․ «Հայոց տունը», ըստ նրանց, հայկական էլիտայի ձեւավորմանն ու ամրապնդմանն ուղղված, ապակուսակցական կառույց է՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ եւ փորձառու գործիչների ներգրավմամբ: Արմեն Չարչյանի խոսքով, ինչու-ների պատասխանների փնտրտուքների մեջ իր համար ազգային ընտրանին մի քիչ ավելի բարձր է հնչում, ինքը կօգտագործեր պատասխանատու առաջնորդություն։

«Դա հայրենասեր, հայրենիքին ու ազգին անուրանալի ծառայություններ մատուցած, վաստակաշատ, պետականամետ մտածողությամբ, բարձր կրթական ցենզ ունեցող մարդկանց միավորում է, որոնք ունեն զգալի հանրային արժեք ու գնահատանք, ունակ են ձեւավորել հանրային կարծիք, պաշտպանել հայի գենետիկ կոդն ու ուղղորդել իշխանությունների գործողությունները դեպի ազգային առաջընթաց»,- նշել էր նա: «Կերպարվեստ, գեղարվեստ, քանդակագործություն, կրթու­թյուն եւ այլն, անդրադառնում ենք մշակութային բոլոր ոլորտներին, ունենում ենք քննարկումներ, հարցադրումներ են արվում, խնդիրների համար լուծումներ են առաջարկվում»,- ասաց նա:

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ մեր այն հարցին, թե մարտի 27-ից ի վեր ինչ աշխատանքներ է արել «Հայոց տուն»-ը, ինչ պարբերականությամբ են ունենում հանդիպումներ եւ քննարկումներ, որ ոլորտներին է նախաձեռնությունն անդրադառնում, նշեց. «Հանդիպումներ լինում են ամեն շաբաթ, քիչ հետո մենք ունենալու ենք նիստ: Հաճախակի ենք հավաքվում, հիմնականում ներկա են լինում հիմնադիր խորհրդի անդամները: Քննարկումները լինում են ըստ ոլորտների: Խոսում ենք քաղաքական հարցերից, մշակույթից, կրթությունից: Այժմ շրջանառվում է «Կրթության եւ գիտության» մասին օրենքի նախագիծը, որի մասին թե՛ Գիտությունների ազգային ակադեմիան, թե՛ մեր կազմակերպությունն ունի հստակ մոտեցում, խոսքը ակադեմիական քաղաք կառուցելու մասին է: Մեր նպատակը ոչ թե քաղաքական կուսակցություն ստեղծելն է, այլ կենսական նշանակություն ունեցող խնդիրների շուրջ քննարկումներ կազմակերպելը, փորձել ելքեր փնտրել, գտնել այն քաղաքական ուժերին, որոնք իրավիճակը կարող են տանել ճիշտ ճանապարհով: Փորձել ստեղծել համերաշխության, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ, տալ թշնամանքին ու ատելությանը ավարտ: Նման հարցեր ենք քննարկում»:

Իսկ փնտրտուքների արդյունքում տեսնո՞ւմ եք այն քաղաքական ուժին, որը, ինչպես նշում եք, իրավիճակը կարող է տանել ճիշտ ճանապարհով։ Պատմաբանն ասում է. «Լուրջ չի լինի, որ ես հիմա անուններ տամ, մեր նպատակի մեջ դա չի մտնում, մեր տարբերությունն այն է, որ մենք ավելի շատ աշխատում ենք միջավայր ու մթնոլորտ ձեւավորել` առողջ քաղաքական ուժերի առողջ գործունեության համար, քան այս կամ այն քաղաքական ուժին հարելով փորձել առաջ մղել նրան, իշխանության խնդիր դնել եւ այլն: Մեր ծրագրերի մեջ չկան նման հարցեր: Մեր խնդիրն առողջ քաղաքական դաշտ ձեւավորելն է, որպեսզի երիտասարդ, խոստումնալից ուժերը կարողանան ասպարեզում դրսեւորել իրենց` ի շահ ժողովրդի: Մենք հանդիպումներ ենք ունենում տարբեր քաղաքական ուժերի, հասարակության տարբեր շերտերի հետ, միջոցառումներ ենք կազմակերպում, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ է իրենից ներկայացնում «Հայոց տուն»-ը»: Հարցին` ո՞ր քաղաքական ուժերի հետ եք հանդիպումներ ունեցել, Մելքոնյանն ընդգծեց. «Մենք պատնեշ չենք դնում այս կամ այն կուսակցության հետ հանդիպելու համար, հասարակական կազմակերպություններ, մտավորական խավի ներկայացուցիչներ, հանդիպումներ միությունների հետ եւ այլն, ամեն դեպքում՝ անուններ չեմ կարող տալ, մարդիկ գուցե չեն ուզում, որ իրենց անունները հնչեն: Անուններ հնչեցնելը սխալ է»:

Իշխանափոխության հարց, իմպիչմենտ․ այս հարցերը կա՞ն ձեր օրակարգում։ «Խոսքի մեջ, բնականաբար, իշխանափոխության մասին քննարկում լինում է, բայց որ դնենք այդպիսի հարցեր, քննարկենք օրակարգում` ոչ: Իմպիչմենտի խնդիր էլ առաջ չենք քաշել, դրա հեռանկարը չենք տեսնում այս պահին: Եթե արդյունք լիներ, հեռանկար լիներ, կարելի էր նաեւ այդ հարցը քննարկել, բայց եթե նման հեռանկար չենք տեսնում, իրատեսական չէ այն, էլ ի՞նչ քննարկենք»,- ասում է Աշոտ Մելքոնյանը: