Մայիսի 26-ին Երևան կժամանի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն: Նա Երևանում հանդիպում կունենա Հայաստանի արտգործնախարարի հետ, նախատեսվում է նաև նրա մասնակցությունը Երևանյան երկխոսություն դիվանագիտական համաժողովին: Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը փաստորեն հաջորդում է Հայաստան ՌԴ ԱԳ նախարարի այցին:
Սա առավել ուշագրավ է նրանով, որ մայիսի 20-ին՝ Սերգեյ Լավրովի այցից ժամեր առաջ, տեղի էր ունեցել Ֆրանսիայի և Հայաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը: ՌԴ արտգործնախարարի հայաստանյան այցից հետո Ֆրանսիայի ԱԳ նախարարի ժամանումը Հայաստան կարող է լինել ոչ թե պարզապես այց, այլ՝ «ստուգայց», հասկանալու համար, թե Երևանն ինչ հարցեր և օրակարգեր է շոշափել Սերգեյ Լավրովի հետ հանդիպումներում:
Առավել ևս, որ թե Միրզոյանը, թե նաև Լավրովը արել են հայտարարություններ, որոնք կարող են Ֆրանսիայի մոտ առաջացնել առնվազն հարցեր: Միևնույն ժամանակ, թերևս հարկ է չմոռանալ, որ քաղաքականությունը, այն էլ համաշխարհային՝ բոլորովին միագիծ երևույթ չէ, որն արտացոլվում է գերազանցապես հրապարակային հայտարարությունների և հռետորաբանության տրամաբանությամբ: Ֆրանսիան այսօր իր հռետորաբանությամբ թերևս ամենից հակառուսական տրամադրությամբ պետություններից է:
Մյուս կողմից, հարկ է իրավիճակը դիտարկել ըստ շահերի հնարավոր դասավորության: Այդ իմաստով, այսօր կա մի իրավիճակ, երբ Եվրոպայի ուսերին կարող է հայտնվել ուկրաինական պատերազմի, կամ նույնիսկ՝ կարգավորման բեռը:
Այդ իմաստով, եթե անգամ Ուկրաինան է ձևավորում Ռուսաստանի հետ շփման մեխանիզմ, կարո՞ղ է արդյոք Ռուսաստանի հետ հաղորդակցության հեռանկարը բացարձակ մերժել Ֆրանսիան:
Մի բան է հռետորաբանությունը, մեկ այլ բան իրական քաղաքականությունը: Այդ իմաստով, կարո՞ղ է արդյոք Հայաստանը լինել Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև հաղորդակցության «յուրօրինակ» խողովակ:
Համենայն դեպս, միջազգային քաղաքականության տրամաբանության համատեքստում այդօրինակ մեխանիզմները բազմաթիվ են: Այլ հարց է, թե ինչ օրակարգեր կարող են շոշափվել հաղորդակցության այս կամ այն մեխանիզմով կամ խողովակով:
Բաց մի թողեք
Ի՞նչ ծրագրեր ունի Բրյուսելը Բաքվի ուղղությամբ և ․․․ Ուկրաինայում
Ռուսաստան – ԱՄՆ երկխոսությունը սրվո՞ւմ է
Եվրամիությունն անվտանգության հարցերով «խորացված երկխոսություն» է միայն անոնսավորել