02/07/2025

Սովետական Միությունը տարածքներ է վերցրել Ֆինլանդիայից, օկուպացրել Էստոնիան, ի՞նչ կասեք․ Եղոյան

Խորհրդարանը մերժեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը, որից հետո ելույթով հանդես եկավ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, որն իր խոսքում ընդգծեց՝ ֆաշիզմի և նացիզմի դեմ տարած հաղթանակն անուրանալի է և մարդկության պատմության մեծագույն իրադարձություններից է, սակայն հարց ունի նախագծի հեղինակներին:

«Պարո՛ն Աբրահամյան (-խմբ․ նկատի ունի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին), սովետական պատմագրությունը Հայրենական մեծ պատերազմ է կոչում Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց 1 տարի 10 ամիս անց սկսված մի պատերազմ, որը ընդհանուր Երկրորդ համաշխարհայինի պատերազմներից մեկն էր, մասնավորապես Սովետական Միության և Գերմանիայի միջև մղվող:

Սովետական պատմագրությունը այն իր տեսանկյունից անվանում է Հայրենական մեծ պատերազմ:

Ինչպե՞ս եք դուք գնահատում մինչև այդ պատերազմի սկսվելը, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո և մինչև այդ պատերազմի սկսվելը՝ Սովետական Միության և Նացիստական Գերմանիայի միջև համագործակցությունը, մասնավորապես այդ համագործակցության շրջանակում Սովետական Միության կողմից եվրոպական 6 պետությունների վրա հարձակումը, մասնավորապես՝ Ֆինլանդիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի և Ռումինիայի:

Բոլոր այս դեպքերում Սովետական Միությունը իր տեսանկյունից ունեցել է որոշակի հաջողություն, որոշակի տարածքներ է վերցրել Ֆինլանդիայից, ամբողջությամբ օկուպացրել է Էստոնիան, Լատվիան, Լիտվան, այն ժամանակվա Լեհաստանի կեսը, Ռումինիայի մի մեծ հատվածը, որ այսօր Մոլդովայի Հանրապետությունն է:

Ինչպե՞ս այդ գործողությունները անվանենք, ինչպե՞ս դրանց վերաբերվենք: Ճի՞շտ է արել, սխա՞լ է արել: Ի՞նչ կասեք»,- ասաց պատգամավորը:

Ի պատասխան՝ Տիգրան Աբրահամյանը նշեց՝ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար մշտապես թեժ քննարկման առարկա եղող թեմայի մեջ ներգրավվածություն ունենալու նպատակահարմարություն չի տեսնում: