Օրերս հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայց է ներկայացրել աշխատանքից հեռացված 8 աշխատակիցների դեմ, որոնք, ըստ ընկերության, փետրվարին ԶՊՄԿ-ում տեղի ունեցած 10 օրյա գործադուլի նախաձեռնողներն էին։
Հիշեցնենք, որ գործադուլավորները պահանջում էին աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում։ Ընկերությունը այդ օրերին հրապարակային հայտարարություններ արեց՝ ակնարկելով, որ գործադուլավորների հետևում այլ ուժեր և շահեր կան։
Գործադուլի կազմակերպիչներն իրենց հերթին պնդում էին, որ սա սոցիալական արդարացի պահանջ է և օրինական գործադուլ։
Ընկերությունը դեռևս այդ օրերին հայտարարեց, որ աշխատանքից ազատում է 8 աշխատակցի, որոնք «հրահրել, կազմակերպել են սաբոտաժ»։ Հետագայում այդ աշխատակիցները դիմեցին դատարան՝ աշխատանքի վերակագնվելու հայցով։
Իսկ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ն է այս նախկին աշխատակիցների դեմ հայցով դիմել դատարան՝ պահանջելով նրանցից մոտ 5 միլիարդ դրամի չափով փոխհատուցում՝ ընկերությանը պատճառած վնասի համար։ Նախկին աշխատակիցները դա որակել են որպես հաշվեհարդար։ ԶՊՄԿ-ից խնդրեցինք մեկնաբանել՝ որքանով է տրամաբանական է աշխատանքից հեռացված անձանցից նման փոխհատուցում պահանջելը, արդյո՞ք սա հաշվեհարդար չէ։
Ընկերության լրատվության բաժնի պետ Արայիկ Մարգարյանը նշեց, որ իրավական գործընթացը չի կարող հաշվեհարդար համարվել և այդ գործընթացով ընկերությունը փորձում է դատարանի միջոցով նախկին աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական ստանալ և պաշտպանել իր օրինական շահերը։
«2025 թ․ հունվար-փետրվար ամիսներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում արձանագրված արտադրական գործընթացի ավելի քան 10 օրվա ամբողջական դադարեցումը ընկերության տնտեսական գործունեության իրականացման խոչընդոտում էր՝ պայմանավորված մի շարք անձանց կողմից իրականացված ապօրինի և ոչ իրավաչափ գործողություններով։ Մասնավորապես՝ դրսևորվել են սաբոտաժի դեպքեր, ինչպես նաև անօրինական կերպով այլ աշխատակիցները զրկված են եղել աշխատանքի ներկայանալու և աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից։
Այս ապօրինությունները հանգեցրել են էական տնտեսական վնասների՝ ընկերության և դրա հարյուրավոր աշխատակիցների, բազմաթիվ կապալառու ընկերությունների և այլ շահագրգիռ կողմերի համար։ Նման գործողությունները պետք է իրավական գնահատական ստանան։ Խնդիրն ունի բացառապես իրավական ճանապարհով լուծում ստանալու նպատակ՝ տեղի են ունեցել հակաիրավական գործողություններ, սաբոտաժի դեպքեր, խախտվել են ընկերության բազմաթիվ աշխատակիցների, ընկերության իրավունքները, երկրին հասցվել է զգալի վնաս և դրա գնահատականը պետք է տրվի քաղաքակիրթ եղանակով», – մեզ փոխանցեց ընկերության լրատվության բաժնի պետը։
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել