03/07/2025

Ինչ ցուցմունք է տվել ՔԿ-ում 590 հազար դոլար գողացողը․ մանրամասներ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է, թե ովքեր են կատարել Քննչական կոմիտեից 590 հազար դոլարի գողությունը։

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ գողությունը կազմակերպել է Քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, իսկ կատարել է Էդգար Գրիգորյանը, ով նոյեմբերի 9–ի գործով մեղադրյալներից է։

Ըստ մեղադրանքի՝ Գրիգորյանը 2 անգամ է մտել Քննչական կոմիտեի շենք։ «Գրիգորյանը կրել է ռետինե դիմակ, բժշկական դիմակ, ակնոց, շենքից դուրս գալիս եղել է արդեն կերպարանափոխված»,-փոխանցում են ՀԿԿ-ից։ Գրիգորյանը շենքից դուրս է եկել մտնելուց 16 ժամ անց։ Մեկնել է մարզ, որ եթե իրեն հետեւեն՝ շեղի, ուղիղ տուն չի գնացել։ Նա գումարը բաժանել է մի քանի մասի։ Իրավապահների հայտնաբերած գումարից պակաս է եղել 11 հազար դոլար։

Գոռ Թադեւոսյանն ու Էդգար Գրիգորյանը կալանավորված են։ Նրանք ընդունել են իրենց մեղքը, զղջացել կատարածի համար։ «Հրապարակ»-ին մանրամասներ են հայտնի դարձել , մասնավորապես, գողությունը կատարած Էդգար Գրիգորյանի ցուցմունքից։ Նա իրավապահներին նախ ասել է՝ ընդունում է մեղքը, զղջում է կատարածի համար, ապա հայտնել է գողություն անելու դրդապատճառների մասին։

Ըստ նրա, հայրը 1994 թվականին զոհվել է արցախյան ազատամարտում, մայրն իրեն եւ եւս 2 երեխայի մեծացրել է միայնակ եւ մինչեւ հիմա բնակարան չունեն, գողությունը կատարել է մոր համար բնակարան գնելու նպատակով։ Նա նաեւ հայտնել է, որ գողությունը կազմակերպած Գոռ Թադեւոսյանի հետ մտերմացել է վերջերս՝ ընդհանուր ընկերոջ միջոցով, նախկինում միմյանց չեն ճանաչել։

Էդգար Գրիգորյանը դեմ է եղել, որ իր կալանքի որոշումը բողոքարկվի Վերաքննիչ դատարան՝ ասել է, որ հասկանում է՝ կալանք պիտի լինի։ Ի դեպ, իրավապահ համակարգից մեզ նաեւ փոխանցում են՝ Էդգար Գրիգորյանը հայտնել է, որ իր մոտ եղած ամբողջ 590 հազար դոլար գումարը վերադարձրել է, եւ չգիտի, թե պակասող գումարը որտեղ է, մեր զրուցակիցը կատակեց՝ գուցե Հակակոռուպցիո՞նն է սխալ հաշվել։