24/06/2025

Արդյոք Մոսկվայում Նարիշկինն ու Ֆիդանը հիշել են վարձկաններին

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինը, որը, ըստ տարբեր հրապարակումների, բավականին սերտ բիզնես հարաբերություն ունի Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների հետ, ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հաստատել է, որ Մոսկվայում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ:

Ֆիդանը Մոսկվա էր մեկնել և հանդիպել էր Պուտինի, նրա օգնական, ուկրաինական հարցերով բանակցող Մեդինսկու, և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ: Փաստորեն, ԱԳ նախարար Ֆիդանը հանդիպել է նաև իր նախկին գործընկերոջ՝ Նարիշկինի հետ:

Մինչև 2023 թվականը, երբ Ֆիդանը Էրդողանի վերընտրությունից հետո նշանակվեց ԱԳ նախարար, նա Թուրքիայի հետախուզության երկարամյա ղեկավարն էր:

Նարիշկինի հետ Մոսկվայում նրա հանդիպումը, թերևս, ենթադրել է հարցեր ու քննարկումներ հենց այն շրջանի առնչությամբ, բնականաբար, ընդհուպ այս օրերին հասնող, որում Նարիշկինն ու Ֆիդանը հարաբերվել են որպես հետախուզությունների ղեկավարներ:

Իսկ այդ շրջանում եղել են վճռորոշ իրադարձություններ թե Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Սիրիայում, թե Կովկասում, մասնավորապես Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ, որին Թուրքիայի հետախուզության գործուն մասնակցությամբ եւ հավաքագրմամբ ներգրավվել են վարձկաններ հենց Սիրիայի «թուրքահպատակ» խմբավորումներից:

Այդ սխեմային, իհարկե, Ռուսաստանի հետախուզությունը չէր կարող չլինել քաջատեղյակ: Ավելին, պատերազմի օրերին ՌԴ արտաքին հետախուզությունը նաև հայտարարություն է տարածել այդ մասին, թեև ոչինչ չի արվել հայտարարությունից այն կողմ:

Ֆիդանի մոսկովյան այցի ընթացքում քննարկվել են նաև Կովկասին վերաբերող հարցեր: Նարիշկինի հետ եղե՞լ են այդ քննարկումները, և ի՞նչ շեշտադրումներով: Նարիշկինն ու Ֆիդանը հիշե՞լ են Արցախը, և ի՞նչ են հիշել:

Մոսկվայից հետո Ֆիդանը մեկնել է Լաչին, որտեղ մասնակցել է օդանավակայանի բացմանն ու ադրբեջանա-թուրք-պակիստանյան եռակողմ գագաթնաժողովին: Արդյոք Մոսկվայում Նարիշկինն ու Ֆիդանը հիշել են վարձկաններին և քննարկել նրանց ճակատագիրը, որոնք ըստ տարբեր տեղեկությունների բոլորովին չեն լքել այն տարածքները, որոնց նկատմամբ Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել նաև այդ վարձկանների գործադրման միջոցով: