Երբեմն համացանցում «տեղեկությունների» եմ հանդիպում, իբր ՔՊ-ականները խիստ պահանջ են դրել Փաշինյանի առաջ, օրինակ՝ «զսպել» իր տիկնոջ, մեղմ ասած, ոչ կոռեկտ հանրային բառապաշարը: Հակառակ դեպքում, ըստ այդ «լուրերի», նրանք ոչ այն է՝ մանդատները վայր կդնեն, ոչ այն է՝ կհրաժարվեն պաշտոններից:
Այդ «տեղեկությունները», վստահ եմ, ծայրից ծայր սուտ են: Նման բան կարող են ենթադրել մարդիկ, որոնք ծանոթ չեն Փաշինյանի ղեկավարման ոճին եւ կարծում են, որ նրա ստորադասները կարող են անգամ մեղմորեն ակնարկել, որ նա այս կամ այն հարցում սխալ է: Լսեք, թե ինչպես է նա գոռգոռում ընդդիմադիր պատգամավորների վրա, եւ պատկերացրեք, թե ինչպես կխոսի յուրայինների հետ:
Բացառված է, այդպիսով, որ ՔՊ-ական պատգամավորներն ու պաշտոնյաները որեւէ արձագանք տան իրենց շեֆի քայլերին, բացի՝ անվերապահ հրճվանքից եւ սատարումից: Բայց խնդիրը ոչ միայն անձնական է:
Խնդիրը արդյունավետ գործող ինստիտուտների բացակայության մեջ է: Պոպուլիստական համակարգը հիմնված է ինստիտուտներն արհամարհելու վրա: Կա առաջնորդը եւ կա նրան սատարող «ժողովուրդը»:
Արանքներում՝ ձեւականորեն գոյություն ունեցող նախարարությունները, խորհրդարանը, բյուրոկրատիան, քաղհասարակությունը…, որոնք իրականում որեւէ դեր չեն խաղում, չեն կարող հակադրվել առաջնորդին, հակառակ դեպքում կպատժվեն «ժողովրդի» կողմից:
Ենթադրենք, վարչապետը գլխավոր դատախազին ասում է՝ «մի հատ մի բան գտեք, փակեք դրան», կարո՞ղ է դատախազն ասել, որ դա անօրինական է: Եթե նա այդպիսի բան ասի, դա կնշանակի, որ դատախազը գնում է «ժողովրդի կամքին» դեմ:
Այնպես որ՝ պալատականներն ու նազիր-վեզիրները ոչ միայն վերջնագրեր չեն ներկայացնում իրենց թագավորին, այլեւ նույնիսկ թեթեւակիորեն չեն քննադատում նրան: … Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարի, որ ՔՊ-ն պարտվել է ընտրություններում: Ի՞նչ կանի նրան Փաշինյանը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին. Շուտով մենք ներքին համերաշխություն ենք ունենալու․ Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանի կալանավորման առաջիկա հետևանքները
Հայաստանում ձևավորվում է Փաշինյանի համար ամենավտանգավոր քաղաքական իրավիճակը. Մարտիրոսյան