17/06/2025

Թրամփից մինչև Ռուբիո․ ԱՄՆ-ը միանշանակ մեսիջ է հղում Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության ժամանակն է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պետդեպի բարձրաստիճան պաշտոնյաները վերջին օրերին հրապարակավ հանդես են եկել հստակ ուղերձներով՝ աջակցելով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկար սպասված խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

Թրամփի ուղերձը՝ խաղաղության նոր դարաշրջանի մասին

Մայիսի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում Թրամփը հատուկ շեշտել է խաղաղության գործընթացի կարևորությունը՝ ընդգծելով․

«Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը։ Այժմ ժամանակն է պարտավորվել այդ խաղաղությանն ու սկսել բարգավաճման նոր դարաշրջան Հարավային Կովկասի ժողովուրդների համար»։

Ռուբիոյի գնահատականը՝ խաղաղությունը՝ որպես կայունության նախապայման
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նույնպես շնորհավորելով Ադրբեջանի ժողովրդին անկախության օրվա կապակցությամբ անդրադարձել է խաղաղության գործընթացին՝ նշելով․
«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանը, ինչը կարևոր է Հարավային Կովկասի բարեկեցության համար։ Մենք ողջունում ենք այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը»։

Ջեյքոբսը Բաքվից․ խաղաղությունը նաև էներգետիկ անվտանգության մաս է
Մայիսի վերջին Բաքվում կայացած էներգետիկ համաժողովի ժամանակ Պետդեպարտամենտի Էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը վերահաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը՝ տնտեսական ու ռազմավարական լեզվով․

«Խաղաղության համաձայնագիրը կբացի նոր դարաշրջան անվտանգության և բարեկեցության համար Հարավային Կովկասում», — հայտարարել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Թրամփը հետևում է գործընթացին և աջակցում խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին։
Այս միաձայն ուղերձները՝ Սպիտակ տնից, Պետքարտուղարությունից և դիվանագիտական համակարգից, վկայում են, որ Վաշինգտոնը խաղաղությունը համարում է ոչ միայն հնարավոր, այլև պարտադիր՝ Հարավային Կովկասում կայունության և զարգացման ապահովման համար։