17/06/2025

Ալիևը կրակել է իր նման մանր եղջերավոր անասունի վրա

Ադրբեջանը գիշերը դարձյալ կրակել է Խոզնավարի ուղղությամբ, և դարձյալ վնասել բնակելի տուն, գոմ, նաև մանր եղջյուրավոր անասուններից մեկին:

Սա այն բանից հետո, երբ նախօրեին Հայաստանի ՊՆ-ն տարածել էր հայտարարություն տներից մեկին կրակելու համար և հորդորել Ադրբեջանին հետաքննություն իրականացնել:

Դրանից հետո, սակայն Ադրբեջանը հայտարարել էր, թե հայկական կողմը տարածում է ապատեղեկատվություն: Եվ հաջորդ գիշերը Ադրբեջանի զինուժը դարձյալ կրակում է Խոզնավարի ուղղությամբ, և դարձյալ թիրախավորում քաղաքացիական կառույցները:

Այս իրավիճակը հաճախ է գնահատվում սահմանամերձ բնակչության հանդեպ հոգեբանական ճնշման միջոց: Այո, անկասկած դա այդպես է: Սակայն, Ադրբեջանն իր այդ գործողություններով ըստ էության «խոցում» է նաև հոգեբանական այլ թիրախներ:

Մասնավորապես, Բաքուն օրինակ, այդօրինակ վերաբերմունքով ու գործողություններով, ըստ էության, ստեղծում է մի իրավիճակ, երբ պաշտոնական Երևանը հայտնվում է թե Հայաստանի հանրության, թե միջազգային հանրության առաջ որոշակի նվաստ վիճակում:

Երևանը փորձում է իրավիճակից դուրս գալ հայտարարություններով, որ չեն պատասխանում Ադրբեջանի կրակոցներին, որպեսզի չարդարացնեն էսկալացիա հրահրելու հաշվարկները:

Սակայն, այդ հայտարարությունները հազիվ թե որևէ կերպ խորքային գնահատաելիության արժանանան միջազգային տիրույթում և առավել ևս Հայաստանի հանրային շրջանակում, բացառությամբ, իհարկե, իշխանության հավատավոր հետևորդների, որոնք, անշուշտ, պատրաստ են հավանություն տալ ցանկացած մտքի:

Այդպիսով, Ադրբեջանը շարունակում է Հայաստանի քաղաքական հեղինակազրկման ուղղված գործողությունները, և սահմանային կրակոցները այդ գործողությունների շարքից են:

Դա թերևս «նախընտրական» հաշվարկ է, եթե նկատի ունենանք այն, որ պաշտոնական Երևանն ակնհայտորեն դիմում է Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագիրը մինչև Հայաստանի խորհրդարանի ընտրություն ստորագրելու համար, որպեսզի այդ ստորագրությունը ներկայացվի ընտրողին որպես «խաղաղության օրակարգի» արդյունք:

Ադրբեջանը մի ձեռքով «խորհրդակցում» է Հայաստանի իշխանության հետ այդ հարցում՝ ինչպես հավաստիացնում է պաշտոնական Երևանը, մյուս ձեռքով կրակում սահմանին և, ըստ էության, հեղինակազրկվում Հայաստանի իշխանությանը, այդպիսով Երևանի համար գործնականում բարձրացնելով պայմանագրի ստորագրության կարիքը և միաժամանակ իր համաձայնության գինը: