17/06/2025

ՀՅԴ-ն «Սարդարապատ-2» է մտմտում. Հայտնի չէ՝ երբ այն տեղի կունենա՝ «պլյաժնի սեզոնից» առա՞ջ, թե՞ հետո

ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Իշխան Սաղաթելյանի սիրտը մայիսի 28-ին հերթական անգամ «թունդ էր առել»։ Այն աստիճան, որ զբաղված էր նոր Սարդարապատ սկսելու անոնսն անելով։ «Այո՛, մենք կանգնած ենք քաղաքական Սարդարապատի շեմին, ուրեմն Սարդարապատը միայն հիշողություն չէ, այլև՝ քաղաքական ուղեցույց։

Այսինքն՝ ժամանակն է, որ Սարդարապատի ոգին դառնա քաղաքական շարժում, ռազմավարություն, հաղթանակի հիմք ներկայում ու ապագայում։ Իսկ նրանք, ովքեր կփորձեն կոտրել Սարդարապատի ոգին, կկոտրվեն հենց իրենք»,- Հայաստանի առաջին Հանրապետության 107-րդ ամյակին նվիրված միջոցառմանը հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Որպես «ընդդիմության առաջնորդ» մկրտված, «Դիմադրություն» շարժումն առաջնորդած ու ձախողած գործչի խոսքով՝ Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը որոշվելու է, ուշադրություն՝ առաջիկա ամիսներին, և իրենք, ինչպես 107 տարի առաջ, այնպես էլ այսօր «գիտակցում են պահի լրջությունը»։ «Այս պայքարում կա հաղթելու մեկ ճանապարհ՝ վերստին վերականգնել Սարդարապատի վճռականությունն ու միասնականությունը։ Միայն այդ դեպքում մեզ աշխարհում կընդունեն, կհարգեն ու մեզ հետ հաշվի կնստեն»։

Կտրիճ դարձած Սաղաթելյանը, որն ակնհայտորեն ազդվել է իր քաղաքական պատրոնի՝ վերջերս տված հարցազրույցում արած շեշտադրումներից, նաև հոխորտացել է՝ «կարող ենք» և «անելու ենք»։ Էստեղ են ասել՝ կամենալը դեռ կարենալ չէ, ասելը դեռ անել չէ։ Ասող ու կարող էիք՝ մինչև հիմա անեիք։ Բայցևայնպես, հետաքրքիր կլինի իմանալ, թե կոնկրետ ե՞րբ են «անելու» իրենց առաջիկա անելիքը («պլյաժնի սեզոնի» «պաշտոնական» բացմանը քիչ է մնացել), քանի՞ հոգով, ումո՞վ ու ամենակարևորը՝ ո՞ւմ ցուցումով։

Երևի դեռ համապատասխան կենտրոնից «գոնգ» հրահանգ չեն ստացել, այ երբ ստանան, մեծ հավանականությամբ վերստին ականատեսը կլինենք փողոցային հերթական շարժման, որը, ենթադրաբար, կունենա «Սարդարապատ-2», «Հիմա կամ երբեք» կամ նմանատիպ այլ ուլտրահայրենասիրական անվանում։ ԱԺ 2026-ի ընտրություններից առաջ սա ՀՅԴ-ի և դրա կուրատորի թերևս վերջին ու ավարտական «ազատագրական ճակատամարտը» կլինի, միայն թե ոչ թե ընդդդեմ արտաքին թշնամու, պայմանական Սարդարապատի ազատագրման, այլ՝ ՀՀ իշխանության, ակցիա, որի ելքը կարելի է կանխատեսել՝ հաշվի առնելով նախորդիվ տեղի ունեցած հարևնման շարժումների անփառունակ վախճանը։

Իմիջիայլոց, «Հայաստան» խմբակցությունը, շաբաթներ առաջ անդրադառնալով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, որպես դրա հաջողության նախապայման շեշտել էր «փողոցում ձևավորված հզոր, համաժողովրդական ճնշումը», «անհրաժեշտ ընդվզող զանգվածի գեներացումը»։ Օրերս էլ մամուլը գրեց, թե խմբակցության փաստացի ղեկավարը՝ երկրորդ նախագահը, վերստին եղել է Մոսկվայում, այցի ժամանակ էլ քննարկել է իմպիչմենտի հարցը, «և չի բացառվում, որ մոտ օրերս հայտարարություն և ինչ-որ քայլեր կձեռնարկվեն»: Չի բացառվում, որ Սաղաթելյանի ասած «քաղաքական Սարդարապատը» հենց այդ՝ «առաջիկայում արվելիք հայտարարության» կամ ձեռնարկվելիք քայլերի համատեքստում էր։

Հ.Գ. Ինչպես երևում է՝ 135-ամյա ՀՅԴ-ի անելիքը շարունակում է մնալ էժանագին պոպուլիզմն ու վտանգավոր արկածախնդրությունը։ Մինչդեռ վերջինիս գլխավոր և ուշացած անելիքը պետք է լիներ ՀՅԴ գաղափարական հայրերից մեկի՝ Հովհաննես Քաջազնունու հորդորին հետևելը՝ քաղաքական դաշտից հեռանալը։ Անհերքելի է՝ 2021-ին մասնակցելով ԱԺ ընտրություններին և աֆիլացվելով Ռոբերտ Քոչարյանի հետ, դառնալով վերջինիս քաղաքական հենարանը՝ ՀՅԴ-ն այժմ հավասարապես կրում է նախկին նախագահի հանդեպ ՀՀ ժողովրդի տածած արգահատելի վերաբերմունքի բացասական հետևանքները։

Եվ 2026-ի ԱԺ ընտրություններից առաջ նախկին նախագահից տարանջատվելու ուղղությամբ քայլեր անելու փոխարեն՝ զառամյալ կուսակցությունը ստանձնել է Քոչարյանի, նրա որդու պաշտպանությունը, ընդ որում՝ ինչպես քաղաքական, այնպես էլ ֆիզիկական։ Օրերս ԱԺ-ում կրտսեր Քոչարյանի և ՔՊ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած լեզվակռվի ժամանակ հայաստանական կանանց իրականացրած «կոլցո օպերացիան» ձեզ վկայություն։