Ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգ խցերում արձանագրված դաժան ծեծի ահազանգից գրեթե մեկուկես ամիս անց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանի հետ այցելել էր «Նուբարաշեն» ՔԿՀ եւ հանդիպել ցմահ դատապարտյալներին։
Նախարարությունը դրանից հետո պաշտոնական հաղորդագրություն տարածեց, թե արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ, լսել` վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների պահման պայմաններին առնչվող հարցեր։ Եվ ոչ մի խոսք չէին նշել՝ դատապարտյալներին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ, մինչդեռ, ըստ լուրերի, ցմահները բարձրացրել են այդ հարցը, եւ Սրբուհի Գալյանը ոչ միայն չի դատապարտել կատարվածը, այլ մի բան էլ սպառնացել է, որ այսուհետ ցանկացած «վատ պահվածքի» դեպքում նման պատժի են արժանանալու:
Տեղեկացանք, որ ցմահ դատապարտյալների բարձրացրած հարցերի՝ պահման պայմանների, սննդի, տեսակցության, հեռախոսակապերի եւ այլ հարցերի վերաբերյալ Սրբուհի Գալյանը խոստացել է փորձել լուծումներ գտել, ցմահներից նա 1 ամիս ժամանակ է ուզել, այժմ դատապարտյալները սպասում են հունիսի կեսերին՝ տեսնելու Գալյանը կատարում է խոստումը, թե ոչ։
Նշենք, որ ապրիլի 3-ի ցմահներին ծեծի ենթարկելու դեպքերի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) եւ 454-րդ հոդվածի 2-րդ մասով (պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը)։
Քննչական կոմիտեից մեզ այսօր փոխանցեցին՝ գործով մեղադրյալ այս պահին չկա։
Բաց մի թողեք
Ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ․ Լուսանկար
Հրազդանի կիրճում վրաերթի են ենթարկվել 3 անչափահաս տղաներ․ Լուսանկար
Հասցրել են արդեն ջրի վերջին կաթիլին…