16/10/2025

Ադրբեջանի հանրությանը մեկ ուղերձ է հղել. «Ադրբեջանը բոլոր հարցերում Թուրքիա է»

Մայիսի 28-ին՝ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության հռչակման տարելիցի օրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվել է Լաչինում, մասնակցել «միջազգային օդանավակայանի» բացմանը:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլը գրել է, որ նա մայիսի վերջին կայցելի Բաքու: Տեղեկատվությունը կառուցված էր այն վարկածով, որ մայիսի 7-ին Բաքու կայցելի Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, 8–ին Ալիևը կմեկնի Մոսկվա, այնուհետև Նաթանյահուի հետ քննարկումները կշարունակվեն, իսկ քաղաքական «մարաթոնը» կեզրափակվի Թուրքիայի նախագահի հետ բանակցություններով:

Այդ նախածրագիրն իրականություն չդարձավ, Թուրքիան Իսրայելի վարչապետի օդանավին միջանցք չտրամադրեց, Ալիևը չմեկնեց Մոսկվա, իսկ Էրդողանը՝ Բաքու: Թուրքիայի նախագահը նախընտրեց այցելել Լաչին, որտեղ հանդես եկավ չափազանց ենթատեքստային հայտարարությամբ. «Ադրբեջանը մեր երկրամասն է»:

Նույն օրն, ինչպես ֆեյսբուքի անձնական էջում գրառմամբ հայտնում է Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գյուլթեքին Հաջիևան (Հաջիբեյլի), Բաքվի մոտակա Նովխանի ավանում տեղի է ունեցել աննախադեպ բազմամարդ ակցիա, ընդդիմության հազարավոր ներկայացուցիչներ հարգել են ԱԴՀ հիմնադիր Մամեդ Էմին Ռասուլզադեի հիշատակը:

Այդ առթիվ Գյուլթեքին Հաջիևան գրել է. «Տեսա բազմամարդ երթից լուսանկարներ և ինձ շատ լավ զգացի: Դա Ալիք Քերիմլիին մեկուսացնելու՝ Իլհամ Ալիևի սին ջանքերին ժողովրդական զանգվածների պատասխանն է»: Ալի Քերիմլին «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդն է:

Վերջերս ոստիկանությունը ձերբակալել է նրա թիկնապահին: Քերիմլին ասել է, որ Իլհամ Ալիևը մարդկանց վախ է ներշնչում. «Չի կարելի Ալի Քերիմլիի կողքին կանգնել, դա ձեր կյանքի համար վտանգավոր է»,- մեկնաբանել է ԱԺՃ առաջնորդը:

Նովխանիում Ռասուլզադեի հիշատակի ոգեկոչումը վկայում է, որ Ադրբեջանում ԱԴՀ հիմնադիրների հանդեպ հարգանքը պահպանվում և նոր դրսևորումներ է ունենում:

Չնայած Հեյդար Ալիևի կողմից 1998 թվականին ստորագրված կարգադրությանը՝ Բաքվում առայսօր Ռասուլզադեի հուշարձան կանգնեցված չէ: Մի քանի անգամ քննարկվել է նրա վերահուղարկավորում կազմակերպելու հարցը, բայց որոշում այդպես էլ չի կայացվել:

Ադրբեջանցի ընդդիմադիրները համոզված են, որ Ռասուլզադեի քաղաքական կերպարի վերահաստատումը հանրային շրջանակներում կնսեմացնի Հեյդար Ալիևին: Մայիսի 28-ին հազարավոր մարդիկ այցելել են Նովխանի, որտեղ ծնվել է Ռասուլզադեն: Նույն օրը Թուրքիայի նախագահը հայտարարել է. «Ադրբեջանը մեր երկրամասն է»:

Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությունը հռչակվել է Օսմանյան Թուրքիայի անմիջական հովանավորությամբ, նրա զինված ուժերի մասնակցությամբ: ԱԴՀ առաջին կառավարությունը փաստացի գործել է Նուրի փաշայի վերահսկողության ներքո:

ԱԴՀ պատմությունն Ադրբեջանում մատնված է մոռացության: Պաշտոնական քարոզչությունը պետական անկախության հիմնադիր է համարում Հեյդար Ալիևին, իսկ նախորդ երկու տարիների իշխանություններին անվանում «դավաճան»:

Հեյդար Ալիևի պանծացումը, Ադրբեջանում դինաստիական իշխանության հաստատման ջանքերն, ըստ երևույթին, լրջորեն անհանգստացնում են Էրդողանին, որովհետև Բաքվի անկախական ձգտումները հակասում են Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերին:

ԱԴՀ հռչակման տարելիցի օրը վտարանդի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը հիշեցրել է Ռասուլզադեի ասույթը. «Մեկ անգամ բարձրացված ազատության դրոշը չպետք է խոնարհվի» և ավելացրել. «Բոլորիս պարտքն է՝ թույլ չտալ, որ Պուտինն իջեցնի Ռասուլզադեի բարձրացրած դրոշը»:

Ի՞նչ խորհուրդ ուներ Թուրքիայի նախագահի Լաչին այցը: Ամենայն հավանականությամբ՝ նա միջազգային դերակատարներին և Ադրբեջանի հանրությանը մեկ ուղերձ է հղել. «Ադրբեջանը բոլոր հարցերում Թուրքիա է»: Ըստ երևույթին՝ Իլհամ Ալիևը մեծ դժվարությամբ է համակերպվում դրան: Էրդողանը, երևի, փորձում է «վերակենդանացնել» Ռասուլզադեին: Կստացվի՞: