Հայհոյանքներ գրելը, կաթողիկոսին փոխելու մասին խոսակցությունները մեծ հրճվանք է առաջացրել ադրբեջանական կողմի մոտ, թշնամի Ադրբեջանը շարունակում է կրակել ՀՀ խաղաղ բնակիչների ուղղությամբ։
Այսօր ևս ադրբեջանցիները կրակել են Խոզնավարի ուղղությամբ, սկսել են ժամը 00:00-ից, շարունակել մինչև լուսաբաց։
Պարզվում է, ոչ միայն Խոզնավարի վրա է կրակել թշնամին, այլ նաև Խնածախի․ «Մեզ մոտ էլ են կրակոցներ լսվել, կրակել են 00:00-ից հետո… դե, ամեն օր էլ կրակում են, նորություն չի։ Չգիտենք՝ ի՞նչ անենք, զայրույթ կա, մինչև մեր իշխանությունները զբաղված են անհիմն գրառումներով, հայհոյանքներով, մեզ մոտ կրակում են»։
Ըստ խնածախսցու՝ ադրբեջանցիները միայն հաճույք են ստանում այն ամենից, ինչ կատարվում է մեր երկրում, և շարունակում են ակտիվ կրակել Սյունիքի ուղղությամբ, բնակելի տների ուղղությամբ․ «Ի՞նչ է պատրաստվում անել իշխանությունն էս կրակոցների հետ, սա՞ է խաղաղությունը, սա՞ է իրանց խոստացածը, էս ի՞նչ է, երկու ամսից ավելի է, կրակում են ամեն օր, բայց Փաշինյանը զբաղված է, նա կարևոր գործ ունի՝ ստատուս գրել, եկեղեցուն ու քրիստոնյա ժողովրդին հայհոյել, սա՞ է ժողովրդավար երկիրը։ Խոսքեր չունենք, ուզում ենք, որ չկրակեն, բայց ամեն օր կրակում են, արդեն սովորական է դարձել»։
ՊՆ-ն հայտնել է, որ մայիսի 30-ին՝ ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։
Ինչպես նաև, ՀՀ պաշտպանության նախարարությունն հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 29-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Բաց մի թողեք
Քաղաքական ցինիզմի աննախադեպ օրինակ Ալիևի կողմից
«Ապահով վայրն» Ռուսաստա՞նն է, Արաղչին Մոսկվա է մեկնել, որ քննարկի «ի պահ հանձնելու» իրավական պայմաննե՞րը
Ինչ է ասել Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում