24/06/2025

Բիձինա Իվանիշվիլին կհեռանա՞, թե՞ Վրաստանը կտանի ԵԱՏՄ

Ռուսաստանի և Աբխազիայի միջև «համաձայնագիր է ստորագրվել», որով նախատեսվում է աբխազական Օչամչիրայի շրջակայքում ստեղծել ՌԴ Սևծովյան նավատորմի նյութա-տեխնիկական ապահովման հեռանակայան:

Այդ մասին ՏԱՍՍ-ի տեսասրահում հայտարարել է Աբխազիայի առաջնորդ Բադրա Գունբան: Ճշտող հարցին, թե արդյոք խոսքն Աբխազիայում Սևծովյան նավատորմի ռազմահենակայան ստեղծելու մասին չէ՞, Գունբան պատասխանել է, որ նյութա-տեխնիկական մատակարարման ապահովման հենակայան ստեղծվում է հատկապես Սևծովյան նավատորմի համար:

Ռուսաստանի կողմից Սևծովյան նավատորմի ռազմանավերի մի զգալի մասն Աբխազիա տեղափոխելու մասին տեղեկությունը մամուլում շրջանառվել է ռուս-ուկրաինական պատերազմից ամիսներ անց, երբ ուկրաինական կողմը մի քանի շատ ցավոտ հարվածներ է հասցրել Սևծովյան նավատորմի գլխավոր հենակայան Սևաստոպոլին:

Այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել, բայց և չեն հերքվել: Աբխազիայի առաջնորդի հայտարարությունը փաստացի հաստատում է, որ Ռուսաստանը Սևծովյան նավատորմի, այսպես ասած պահուստային ռազմահենակայան է ստեղծում կամ արդեն իսկ ստեղծել է:

Բադրա Գունբան Աբխազիայի առաջնորդ է ընտրվել ներքաղաքական սուր մրցակցության պայմաններում: Աբխազական ընդդիմությունը նրա նախորդին՝ Ասլան Բժանիային, հրաժարական է պարտադրել որպես «ռուսական դրածոյի»:

Ի պատասխան Ռուսաստանը դադարեցրել է Աբխազիային տրամադրվող բյուջետային օգնությունը, գրեթե լիովին դադարեցրել էլեկտրաէներգիայի մատակարարումը և աբխազական գյուղմթերքների ներկրումը: Նման ճնշմանը, բնականաբար, Աբխազիան դիմադրել չէր կարող:

Բայց առավել կարևոր է, թե ինչ է սպասվում ռուս-վրացական հարաբերություններին: Վրաստանում վերջին խորհրդարանական ընտրություններն անցել են աշխարհաքաղաքական-քաղաքակրթական բաժանարարի սկզբունքով:

Իշխող «Վրացական երազանքի» նախընտրական խոստումներից հիմնականը երկրի տարածքային ամբողջականության խաղաղ ճանապարհով վերականգնումն էր: Երկրի փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ընտրողներին համոզել է, որ եվրոպական ընտրությունը տանում է Ռուսաստանի հետ ռազմական առճակատման, իսկ իր քաղաքական ուժը Վրաստանի ամբողջականությունը կվերականգնի դիվանագիտական ճանապարհով:

Ռուսաստանն այսօր փաստացի Աբխազիան վերածում է ռազմահենակայանի: Այդ նպատակին է ծառայում նաև Սուխումի օդանավակայանի վերագործարկումը: Աբխազիան միջազգայնորեն ճանաչված է որպես Վրաստանի տարածք: Ըստ էության՝ Ռուսաստանի ռազմահենակայաններն ստեղծվում են Վրաստանի տարածքում՝ առանց պաշտոնական Թբիլիսիի համաձայնության:

Երկրի տարածքային ամբողջականությունը խաղաղ ճանապարհով վերականգնելու վրացական երազանքը վերջնականապես փլուզվել է: Ի՞նչ է սպասվում ռուս-վրացական հարաբերություններում:

Վրաստանի կառավարությանը չի հաջողվում վերբեռնել Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը, իսկ Եվրամիության հետ բոլոր կապերը սառեցված են: Բիձինա Իվանիշվիլին կհեռանա՞, թե՞ Վրաստանը կտանի ԵԱՏՄ: Դա չափազանց կարևոր է նաև Հայաստանի համար: