24/06/2025

Հայկական ծագում ունեցող ցանցը՝ 25 միլիոն դոլարի COVID խարդախության կիզակետում․ 14 ձերբակալություն Լոս Անջելեսում

COVID-ի անվան տակ՝ միլիոնների հափշտակում. Սան Ֆերնանդո ու Գլենդեյլի հայերի ձերբակալությունը ցնցել է Լոս Անջելեսը:

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, ԱՄՆ ներքին անվտանգության մարմինների իրականացրած լայնածավալ գործողության արդյունքում Լոս Անջելեսում ձերբակալվել են 14 անձինք՝ մեղադրվելով ավելի քան 25 միլիոն դոլար հափշտակելու մեջ, որը նախատեսված էր COVID-19-ի տնտեսական օգնության և փոքր բիզնեսների վարկերի ծրագրերի համար։

Ինչ են հայտնում պաշտոնական աղբյուրները

Այս խոշորագույն քրեական ցանցը, որի մի մասն, ըստ նախաքննության, գտնվում է Հայաստանում, օգտագործել է կեղծ ձեռնարկություններ, կեղծ փաստաթղթեր, կեղծված հարկային հայտարարագրեր, որպեսզի հափշտակի հսկայական ծավալի պետական միջոցներ։
Քրեական գործի առանցքում՝ հայազգի կազմակերպիչներ են

• Հետաքննության տվյալներով՝ այս ամենը սկսվել է դեռևս 2018-ին, Վահե Մարգարյանի կողմից, ով գործել է «William McGrayan» կեղծանվամբ։

• 2021-ին Սարկիս Սարգսյանը՝ հայտնի որպես Samuel Shaw, ներկայացրել է կեղծ հայտ՝ ավելի քան $700,000 PPP վարկ ստանալու համար։

• Մերի Բաբայանը, նույն ինքը՝ Mery Diamondz, համատեղ Վահե Մարգարյանի և Հովհաննես Հովհաննիսյանի (John Harvard) հետ, ենթադրաբար խաբեությամբ ստացել է մոտ $3 միլիոն վարկ բանկից։

• 2023-ին Ֆելիքս Փարքերը և Աքսել Մարկարյանը (Axsel Mark) ներկայացրել են կեղծ փաստաթղթեր՝ համապատասխանաբար ստանալով $2 միլիոն և $5 միլիոն։

• Նույն տարվա նոյեմբերին գումարի մի մասը՝ առնվազն $100,000, փոխանցվել է Հայաստան։

Որոնման ընթացքում առգրավվել է․

• Մոտ $20,000 կանխիկ գումար

• Փող հաշվող սարքեր, տասնյակ սմարթֆոններ ու նոութբուքեր

• Երկու լիցքավորված ատրճանակ և տուփերով փամփուշտներ

Ժամանակագրություն՝ ըստ դատախազության․

• 2018 – Սխեմայի մեկնարկը

• 2021-2023 – Վարկերի ու պետական օգնության շորթման ակտիվ փուլ

• Նոյեմբեր 2023 – Փողերի լվացում՝ փոխանցումներով Հայաստան

• Հունվար 2025 – Սխեմայի ավարտ

• Մայիսի 28 – Ձերբակալություններ