Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի է ունեցել ծեծկռտուք, որին հաջորդել է մեքենայով վրաերթ: Դրա հետևանքով զոհվել է երիտասարդ մայրը, իսկ նրա երկամյա որդին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Օրերս առաջ տեղի էր ունեցել վիճաբանություն վերջին զանգի առնչությամբ, Վեդիում, որին հետո միջամտել են ծնողները, որոնցից մեկը սպանվել է: Հայաստանյան լրահոսում այս շարքը չունի վերջ: Գրեթե ամենօրյա ռեժիմով ողբերգական ավտովթարների մասին հաղորդագրություններին սկսել է ուղեկցել գրեթե ամենօրյա ռեժիմով ողբերգական վիճաբանությունների և ծեծկռտուքների մասին տեղեկությունների շարքը:
Վիճաբանությունների և ծեծկռտուքի առիթ է դառնում ամեն ինչ, նույնիսկ կենցաղային մանրուքը: Ընդ որում՝ այդ ամենի մասնակիցները չունեն դույզն-իսկ կաշկանդվածություն, որ ծեծը կարող է ունենալ որևէ իրավական հետևանք:
Դա ինքնին հետևանք է իրավապահ համակարգի դե ֆակտո անգործության և անգործունակության: Հայաստանում ներքին գործերի համակարգի ռեֆորմի փաթեթի ներքո պարզապես տեղի է ունենում համակարգի աշխատանքային բարձիթողիություն:
Նորաստեղծ պարեկային ծառայության ներդրումը ոչ միայն որևէ կերպ չի փոխել ճանապարհային երթևեկության մշակույթը, այլ նաև հասարակական հարաբերությունների, մասնավորապես քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծի և դրա անկաշկանդ դրսևորումների առումով:
Ավելին, ժամանակի ընթացքում ակնառու է պատկերի վատթարացումը: Եվ դա այն պայմաններում, երբ համակարգին հատկացվող բյուջետային փողերը ավելանում են: Փողերն ավելանում են, իսկ աշխատանքային հանրային էֆեկտը՝ նվազում:
Սա իր հերթին համակարգի համար քաղաքական պատասխանատվության դեֆիցիտի հետևանք է: Խորհրդարանի ոլորտային հանձնաժողովը պարբերաբար ինչ-որ լսումներ է անցկացնում խնդրահարույց թեմաներով, որոնք սակայն ոչ մի ազդեցություն չեն թողնում իրավիճակի վրա, որովհետև դրանք աշխատում են ոչ իբրև քաղաքական պատասխանատվության մեխանիզմ, այլ զուտ իբրև «ցուցանակ»:
Այս ամենի հետևանքը կլինի շատ ցավոտ: Եվ բանն ամենևին քաղաքական հանգամանքը չէ, այլ հանրային սոցիալ-հոգեբանական: Այն առանց էլ չափազանց ծանր ռեժիմում է քաղաքական սուր դիմակայության հետևանքով:
Դրան է ավելանում նաև այն հանգամանքը, որ կենցաղային, հանրային հարաբերություններում ուժի անկաշկանդ կիրառումը կամ դրա սպառնալիքը դառնում են «նորմ»: Իսկ, ի տարբերություն քաղաքականության, հասարակական հարաբերությունների մակարդակը արդեն մանր հյուսվածքային-բջջային է: Եթե սոցիալ-հոգեբանական լարումը և քայքայումը հասնում է այդ մակարդակ, այն արդեն կարող է բերել տոտալ և գրեթե անշրջելի կոլապսի:
Բաց մի թողեք
Քաղաքական ցինիզմի աննախադեպ օրինակ Ալիևի կողմից
«Ապահով վայրն» Ռուսաստա՞նն է, Արաղչին Մոսկվա է մեկնել, որ քննարկի «ի պահ հանձնելու» իրավական պայմաննե՞րը
Ինչ է ասել Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում