ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը կտրուկ նախազգուշացում է հղել՝ արձագանքելով Ուկրաինայի կողմից ռուսական ռազմաօդային բազաների խոցմանը։ Նրա խոսքով՝ շաբաթավերջին տեղի ունեցած հարձակումներն ուղղվել են Ռուսաստանի միջուկային զսպման համակարգի երեք հիմնական հարվածային բաղադրիչներից մեկի՝ ռազմավարական ռմբակոծիչների դեմ, ինչը իրավիճակը դարձնում է առավել անկանխատեսելի։
«Երբ հարվածում ես մի երկրի գոյության համակարգին՝ մասնավորապես միջուկային զսպման կարողություններին, չես կարող կանխատեսել, թե ինչ քայլի կդիմի հակառակորդը։ Եվ հենց այդ պատճառով վտանգի մակարդակը կտրուկ բարձրանում է», — հայտարարել է Քելլոգը Fox News-ին։
Ուկրաինան հայտարարել է, որ դրոնային հարվածներ է հասցրել Սիբիրի և Ռուսաստանի հյուսիսում գտնվող ռազմաօդային բազաներին՝ մինչև 4300 կմ հեռավորությամբ։ Դրանցում, ըստ Կիևի, տեղակայված էին ռազմավարական ռմբակոծիչներ։ Քելլոգը շեշտել է, որ տեխնիկական վնասը երկրորդական է. իրական հետևանքը հոգեբանականն է. «Ռուսաստանը պետք է ընդունի, որ իր ամենախորքային և ենթադրաբար պաշտպանված տարածքներն այլևս ապահով չեն։ Սա փլուզում է Ռուսաստանի պաշտպանվածության պատրանքը։»
Քելլոգը նշել է, որ իրեն լրջորեն մտահոգում են այն տեղեկությունները, ըստ որոնց Ուկրաինան հարվածել է նաև Հյուսիսային Ռուսաստանի ռազմածովային բազային։ Եթե դա հաստատվի, ապա խոսքը կլինի միջուկային զսպման համակարգի մեկ այլ բաղադրիչի՝ սուզանավային հրթիռների բազայի դեմ հարձակումների մասին։
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հաստատել է, որ Նախագահ Թրամփը այդ գործողությունների մասին նախապես տեղեկություն չի ունեցել և դրանց հավանություն չի տվել։ Քելլոգը նշել է, որ Ստամբուլի բանակցություններում Կիևը հանդես է եկել «շատ ողջամիտ դիրքորոշմամբ», իսկ Մոսկվան՝ «ծայրահեղ մաքսիմալիստական պահանջներով»։
«Հիմա ավելի քան երբևէ անհրաժեշտ է փորձել կամուրջ կառուցել այս երկու մոտեցումների միջև։ Մենք մտել ենք այն փուլ, երբ սխալ հաշվարկը կարող է բերել անկառավարելի հետևանքների», — նախազգուշացրել է Թրամփի դեսպանը։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան