«Եթե Եվրամիությունն Ադրբեջանից լրացուցիչ գազի կարիք ունի, ապա պետք է կնքվեն երկարաժամկետ գործարքներ, ներդրումային ռիսկերի հաղթահարմանն աջակցություն կամ ուղղակի ֆինանսավորում, որպեսզի մենք լրացուցիչ գազ արդյունահանենք»,- Բաքվում ընթացող խորհրդաժողովի ելույթում ասել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Աբասովը:
Նրա ներկայացմամբ՝ Ադրբեջանը կարող է մեծացնել գազի արդյունահանման ծավալները, բայց դրա համար «պետք է ձեռքի տակ ունի «կապույտ վառելիքի» գնորդների հետ երկարաժամկետ պայմանագրեր»:
Ավելի առարկայական եւ հստակ արտահայտվել է Socar պետական նավթագազային ընկերության ներկայացուցիչ Բեգլարբեկովը: Նա ներկայացրել է, որ Կասպից ծովում «Ապշերոն» գազակոնդեսատային հանքավայրի շահագործման երկրորդ փուլի «ֆինանսավորման թույլտվությունը հնարավորություն կտա 2028-2029 թվականներին Ադրբեջանում արդյունահանվող գազի ծավալներն ավելացնել տարեկան 4,5 միլիարդ խորանարդ մետրով»:
Ըստ նրա, ֆինանսական ներդրումները գնահատվում են 2,5 միլիարդ դոլարի սահմաններում: «Ապշերոն» գազակոնդեսատային հանքավայրը Socar-ը շահագործում է Total և Admos ընկերությունների հետ, ուստի այնքան էլ հստակ չէ, թե Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցիչը ֆինանսական ի՞նչ ակնկալիքների մասին է ակնարկում կամ ու՞մ նկատի ունի փոխնախարար Աբասովը, երբ խոսում է «ներդրումային ռիսկերի հաղթահարման աջակցության» մասին:
Ադրբեջանը Եվրահանձնաժողովի հետ 2021 թվականին համաձայնագիր է ստորագրել և պարտավորվել, որ 2027 թվականից սկսած ԵՄ երկրներ արտահանվող գազի տարեկան ծավալները կհասցնի 20 միլիարդ խորանարդ մետրի: Ընդ որում, ինչպես մի քանի անգամ դժգոհել է Իլհամ Ալիևը, Եվրամիությունը որևէ ֆինանսական աջակցության և գազի գնման երկարաժամկետ պայմանագրերի կնքման պարտավորություն չունի:
Անցած տարիներին Ադրբեջանը փորձել է այդ հարցում պարզություն մտցնել, բայց պատասխանը մեկն է եղել. գազի գնորդ հանդիսանում են եվրոպական մասնավոր ընկերությունները, նրանք են որոշում գործարքի պայմանները, իսկ Եվրամիությունը չվերարտադրվող էներգետիկայի լորտում ներդրումներ չի կատարում:
Քաղաքական առումով Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարի ենթատեքստային հայտարարությունը, կարծես, վկայում է, որ Եվրոպայի ժողովրդավարական ընկերակցության Տիրանայի համաժողովի շրջանակներում Իլհամ Ալիևի և Եվրահանձնաժողովի նախագահ Լայանի հանդիպումը ԵՄ դիրքորոշման փոփոխություն չի արձանագրել. Եվրամիությունը գազի գնորդ չէ, պայմանավորվածությունները մնում են Socar-ի և մասնավոր ընկերությունների հնարավոր համաձայնության տիրույթում:
Ավելի վաղ Իլհամ Ալիևը դժգոհել է, որ Ադրբեջանի համար ֆինանսական լրացուցիչ ներդրումների ներգրավումը ոչ միայն խնդրահարույց, այլեւ ռիսկային է, չկա իրավական երաշխիք, որ գազի համաշխարհային շուկայում նոր և ավելի հարմար պայմաններ առաջարկող մատակարար հայտնվելու դեպքում եվրոպական մասնավոր ընկերությունները չեն հրաժարվի ադրբեջանական գազից:
«Եթե Եվրամիությունն ադրբեջանական գազի լրացուցիչ ծավալների կարիք ունի, ապա պետք է և ֆինանսական աջակցություն ցուցաբերի և երկարաժամկետ պայմանագրերի երաշխիքներ տրամադրի»,- պարոզորոշ ասում է պաշտոնական Բաքուն, ինչից հասկացվում է, որ Եվրահանձնաժողովի հետ այս փուլում քննարկումներ չկան:
Իլհամ Ալիևը փաստացի առաջարկում է նոր բանակցություններ սկսել, որովհետև եթե «Ապշերոն» գազակոնդեսատային հանքավայրի շահագործման երկրորդ փուլի ծրագիրը հետաձգվի, ապա Ադրբեջանը 2027 թվականին Եվրամիությանը 20 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու պարտավորությունը չի կարող կատարել:
Ասվածից, իհարկե, չի հետևում, թե Եվրամիությունը և Ադրբեջանը մոտ են էներգետիկ համագործակցության խզմանը, բայց, կարծես, կողմերը հասել են «ճշմարտության պահի»:
Բաց մի թողեք
Ինչ է կատարվում հայ – վրացական հարաբերություններում՝ բացասական է
Թեհրանը բարձրաձայն դիրքորոշում կարտահայտի՞ «ակնկալիքների» մասին
Կովկասի հարցում հնարավոր է ապավինել լարվածության ռիսկի արդյունավետ ու «կայուն կառավարմանը»