Վարչապետն ու կինը շարունակում են թիրախավորել Հայ առաքելական եկեղեցին: Նիկոլ Փաշինյանն արդեն քանի օր է՝ ֆեյսբուքյան գրառումներով կասկածի տակ է դնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ սրբազանների կուսակրոնությունը։
Էջմիածնում Գերագույն հոգեւոր խորհուրդը` եպիսկոպոսների մասնակցությամբ, երկուշաբթի ժողով էր գումարել եւ ծավալուն հայտարարություն տարածել։ Հոգեւորականները Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի գրառումները որակել են կործանարար, որը սպառնալիք է Հայ առաքելական եկեղեցու հեղինակությանը։ Մայր Աթոռն ուղիղ չի արձագանքել կուսակրոնության ուխտը խախտելու մեղադրանքներին, բայց ասում է, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական ու քաղաքական գործիչների իրավասությունից։
Եթե Նիկոլ Փաշինյանն այս օրերին բացառապես հոգեւորականներին է թիրախավորում, ապա նրա կինն էլ սկանդալային գրառումներ է անում տարբեր հասարակական-քաղաքական գործիչների, անգամ լրագրողների հասցեին: Մի երկրում, որտեղ ծեր մորը խնամող լրագրողին կարող են մեկ ամսով կալանավորել` դատարանին կոռումպացված անվանելու համար, վարչապետն ու նրա կինը կարող են ամենագռեհիկ պիտակներ օգտագործել, վիրավորել ու զրպարտել տարբեր մարդկանց եւ մնալ անպատիժ:
Դեռ որքա՞ն է հանրությունը հանդուրժելու այս պահվածքը: Հրապարակ թերթը զրուցել է նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանի, փաստաբան Հայկ Ալումյանի եւ իրավապաշտպան Վարազդատ Հարությունյանի հետ:
Զ. Նախշքարյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Մենք մի աշխարհում ենք այսօր ապրում, որն իմ պատկերացումներով՝ չի կարող լինել իրական: Վարչապետի հայտարարությունները մեր իրականության մեջ դետալներ են, ընդամենը՝ դետալներ: Փոքր էլեմենտներ` այն իրականության, որի մեջ գտնվում են մեր հասարակությունը, քաղաքականությունը, մեր երկրի ինստիտուտները: Այսօրվա իրականության մեջ նման գործողություններն իրավական հետեւանք չեն թողնում, մենք դրանում համոզվել ենք բազմիցս: Չեմ պատկերացնում, որ այլ պայմաններում նման իրավիճակ հնարավոր լիներ: Ես բացառում եմ, որ այլ երկրում կարող է նման իրավիճակ ստեղծվել, որքանով ես եմ տեղյակ, որքանով ես եմ ուսումնասիրել, նմանատիպ իրավիճակներ այլ երկրներում պարզապես բացառում եմ: Անգամ չեմ կարող պատկերացնել, թե դատարանն ինչ պատիժ կարող է սահմանել այս ամենին, որովհետեւ ժողովրդավար երկրներում անպատկերացնելի է, որ կարող է նման բան լինել»:
Փաստաբան Հայկ Ալումյանն ասաց. «Նախ՝ որպեսզի դատաիրավական համակարգն այս հարցով զբաղվի, պետք է դատական համակարգին դիմող լինի, ես չգիտեմ՝ եղե՞լ են արդյոք դատարան դիմողներ: Հավանաբար, հոգեւորականներն իրենց պատվից ցածր են համարում այդ անձի դեմ որեւիցե ձեւով պայքարելը, այդ թվում՝ դատարաններ դիմելը: Ամեն դեպքում, եթե դիմեն դատարան, չենք կարող հստակ ասել, թե ինչ վճիռ կկայացնի դատարանը: Այն տեսակետներին, որ այդ անձը վերջին շրջանում է միայն զբաղվում մերկապարանոց հայտարարություններով, դա այնքան էլ այդպես չէ` նա այդ ոճով խոսում է 2018 թվականից սկսած: Նա արդեն մոտ 8 տարի է՝ ողողում է մեր հասարակությունը մերկապարանոց հայտարարություններով:
Այդ մարդու ասածները Քրեական օրենսգրքի հետ կարող են խնդիրներ առաջացնել: Նա իր դերի մեջ է, երբեք չի եղել ուրիշ, երբեք չի եղել լավը, ինձ նրա պահվածքը չի զարմացնում ընդհանրապես: Ուղղակի փոխվել են թիրախները, նրա դրսեւորումներն անփոփոխ են: Ինչո՞ւ են մարդիկ զարմանում, ինչո՞ւ են կարծում, որ նման խոսքեր օգտագործելը սրացումների արդյունք է։ Ոչ, պարզապես թիրախներն են փոխվել, իսկ հայհոյանքը միշտ է նրան ուղեկցել»:
Վարազդատ Հարությունյանը, խոսելով վարչապետի վերջին գրառումների մասին, շեշտեց. «Հայ առաքելական եկեղեցին՝ որպես բացառիկ սոցիալական ինստիտուտ, Սահմանադրությամբ ամրագրված է, ուստի գործադիր՝ աշխարհիկ իշխանությունն իրավունք չունի Սահմանադրության 18-րդ հոդվածում ամրագրված ինստիտուտի նկատմամբ նման էքսպանսիոնիստ վարքագիծ դրսեւորել: Նիկոլ Փաշինյանն իրեն իրավունք է վերապահում որոշելու, թե ով պետք է լինի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդը, եւ եթե առաջնորդն այս կամ այն տեսանկյունից իրեն դուր չի գալիս, նա կարծում է, որ կարող է ստիպել հոգեւորականությանը, որպեսզի եկեղեցին փոխի իր հոգեւոր առաջնորդին: Այդ ամենը պարունակում է սահմանադրական կարգի տապալման հնարավոր հատկանիշներ, սա այն հիմնական խնդիրն է իրավական առումով, որ ես տեսնում եմ: Մյուս խնդիրը վերաբերում է անձնական կյանքի գաղտնիությանը, վարչապետն ու իր կինն այս հարցում ունեն անկաշկանդ վարքագիծ, ինչն օրենքի տեսանկյունից կարող է ունենալ հետեւանքներ: Բայց իմ նշած «կարող է»-ն վերաբերում է նորմալ իրավական համակարգ ունեցող պետություններին:
Այն բառապաշարը, որով խոսում է Փաշինյանը, հատկապես այդ հայտնի վուլգար արտահայտությունը, նկարագրում է պետության գլխի պատկերացումները մարդկանց սեռական հարաբերությունների, զգացմունքների ու ինտիմ կյանքի վերաբերյալ: Նման վուլգար բառերով նկարագրություն տալը փաստում է այն մասին, որ Փաշինյանը նաեւ կանանց նկատմամբ ունի խտրական վերաբերմունք, ցավալի է, որ կանանց իրավունքների մասին խոսող գործադիր մարմնի ղեկավարը նման խոսքերով է նկարագրում կին-տղամարդ հարաբերությունները»:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի