09/06/2025

Քննարկումը բավական թեժ է եղել. «Եթե դուք ամեն ինչի ընդունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք»

Երբ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական անգամ հարձակման ենթարկվեց Հայ առաքելական եկեղեցին, ու հայտարարվեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, շատերը կարծիք էին հայտնում, որ Մայր Աթոռը պետք է արմատական մոտեցում ցուցաբերի. ոմանք կարծում էին, որ պետք է նզովվեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, որոնք պատերազմ են հայտարարել ՀԱԵ-ին, ոմանք կարծում էին, որ եկեղեցու «զանգերը պետք է հնչեցնել», ոմանք վստահ էին, որ Եկեղեցին պետք է առաջնորդի համաժողովրդական շարժում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության:

«Փաստ» օրաթերթը գրում է. Որքան էլ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարությունը բավականին կոշտ էր, այնուամենայնիվ, քանի որ կոնկրետ գործողությունների սպասումը մեծ էր ու երբեմն չափազանցված, մեր հանրության որոշ մասի շրջանում կար ինչ-որ ափսոսանք, եթե չասենք հիասթափություն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն իրականում այնքան էլ հարթ չի ընթացել: Թե՛ բարձրաստիճան հոգևորականների և թե՛ աշխարհական անդամների մեջ եղել է բավական արմատական տրամադրված «թև», որը կոչ է արել ոչ միայն շատ կոշտ հայտարարություն անել, այլև դիմել կտրուկ գործողությունների:

Ավելին, նույնիսկ կոնկրետ գործողությունների առաջարկներ են եղել: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկումն այնքան թեժ է եղել, որ մեկ անգամ նույնիսկ ընդմիջում է հայտարարվել՝ մթնոլորտը հանդարտեցնելու:

Ի վերջո, ընդունվել է հայտնի հայտարարությունը, սակայն այս ամենը նշանակում է, որ, քանզի Նիկոլ Փաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցին ու բարձրաստիճան հոգևորականներին, Եկեղեցին գուցե իսկապես ստիպված լինի գնալ հայ հանրության և արմատական տրամադրված եկեղեցականների պահանջի ճանապարհով:

Երևի թե պատահական չէին նաև ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքերը. «Եթե դուք ամեն ինչի ընդունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք»:

Blog Image