Որպես ձախողված ոլորտ, ներդրումների ներգրավումը դեպի Հայաստանի տնտեսություն պետք է կառավարության համակարգված մոտեցման եւ լուրջ ուշադրությանն արժանանային, բացառելով այս ոլորտում ծանոթ-խնամի-բարեկամ սկզբունքը: Բայց իրականությունն այլ է:
«Հրապարակ» թերթը գրել է․ Երեկ ՀՀ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն է նշանակվել ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը: Այս մասին հայտնի դարձավ կառավարության հաղորդագրությունից: Հիմնադրամը զբաղվում է ներդրումների ներգրավմամբ եւ ներդրումային միջավայրի բարելավմամբ, Հայաստանի վերաբերյալ տեղեկությունների տարածմամբ: Համարյա նույն գործառույթներով ինչ ժամանակին իրականացնում էր «ԱՆԻՖ» հիմնադրամը, որի անունն այժմ կոռուպցիայի հետ է ասոցացվում:
Գոհար Աբաջյանին կոլեկտիվին ներկայացրել է ոչ ավել, ոչ պակաս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը` «վստահություն հայտնելով, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին»։ Ինչ փորձ ու գիտելիքներ ունի Միրզոյանի կինը, ինչպես պետք է դրանց ծառայեցնի Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, հանրությանը հայտնի չէ, իսկ սույն տիկնոջ կառավարման ընդունակությունների մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես նա կկայացնի ներդրումային հիմնադրամը, կարող ենք դատել նրա մի առաջարկով:
44-օրյա պատերազմի օրերին Գոհար Աբաջյանը կոչ էր արել խոշոր սուպերմարկետներին և խանութներին թանկացնել պոլիէթիլենային տոպրակների արժեքը, դարձնել 100 դրամ եւ գոյացած հասույթն ուղղել զինծառայողների հիմնադրամին: Ապրանքներ ու ծառայություններ թանկացնելու միջոցով հիմնադրամներին հարստացնելու կասկածելի գաղափարներից բացի Աբաջյանի նշանակումը այլ տեսակետից էլ է խնդրահարույց:
Բանն այն է, որ նրա ամուսինը՝ Արարատ Միրզոյանը, այդ նույն «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ է, ի թիվս այլ պետական բարձրաստիճան պաշտոնյաների՝ վարչապետի, փոխվարչապետերի ու նախարարների, եւ այս իմաստով նրա նշանակումը կարող է բերել շահերի բախման: Այս մասին երեկ արդեն խոսում էին մասնագետները:
«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի, կամ «Էնթերփրայզ Արմենիա»-ի տնօրենի պաշտոնը թափուր էր հունվարից, երբ հիմնադրամի տնօրեն Լեւոն Օհանեսյանը հրաժեշտ տվեց պաշտոնին: Նա ղեկավարել էր այս կառույցը 5 տարի եւ հեռանալուց թվարկել էր այն չնչին ներդրումները, որոնք հնարավոր է եղել ներգրավել իր պաշտոնավարման օրոք՝ 5 տարվա ընթացքում. MYLER Mountain Resort․ 70 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, Dalan Technopark. 135 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, Project Inter-Invest՝ 13 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումով եւ GreenRock Management Group. առնվազն 30 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում:
Ի դեպ, հեռանալուց Լեւոն Օհանեսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել իր ղեկավարած կենտրոնին աջակցող բազմաթիվ պաշտոնյաների, որոնց թվում էր նաև Արարատ Միրզոյանը, ինչպես նաեւ USAID հիմնադրամին, որը եւս կենտրոնին աջակցողների թվում էր եւ որը փակվեց հունվարին՝ ճիշտ այն ժամանակ, երբ հեռացավ Օհանեսյանը:
Բաց մի թողեք
Աստծուց կրա՞կ եք ուզում` է՞լ ինչ անի, որ իրեն չընտրեն, որ ինքը ազատվի այդ գերությունից
Իշխանությունը «խփել» է գլխներին, մոռացել են իրենց լրագրողական անցյալը
Պատկերացրեք, ինչ հաճույքով կհրապարակեն Միքայել ու Բագրատ Սրբազանների մահվան վճիռը