08/06/2025

Նախկինի ու ներկայի «փոխօգնության» հերթական մի դրվագ

Նիկոլ Փաշինյանը նախօրեին կառավարության նիստում հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ նախկին իշխանությունը, ոչ թե փորձում է ապացուցել, որ ինքը կոռումպացված չի եղել, այլ փորձում է հանրությանը համոզել և հավաստիացնել, որ ներկայիս իշխանությունն էլ այդպիսին է: Թերևս այդպես է:

Բայց ամբողջ հարցն այն է, որ ներկայիս իշխանությունն այդ առումով լիուլի օգնում է նախկին իշխանությանը: Ըստ էության՝ սա նախկինի ու ներկայիս «փոխօգնության» հերթական մի դրվագ է, կամա, թե ակամա: Ներկայիս իշխանությունը, դրա առանձին պաշտոնյաներ, պատգամավորներ, այդ իշխանության մերձակա շրջանակներ, կայացրած որոշումներ, գործնականում էապես օգնում են նախկին իշխանությանն այն հարցում, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը՝ օգնում են նախկին իշխանությանը հավաստիացնել հանրությանը, որ ներկայիս իշխանությունն էլ, ըստ էության, նույնն է և Հայաստանում փոխվել են ոչ թե երևույթներ, այլ՝ անուններ:

Բառացիորեն նախօրեին, հենց նույն օրը, երբ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսում էր այդ մասին, կայացվել է որոշում, որով արտաքին գործերի նախարարի տիկինը նշանակվել է կառավարության ենթակայության ներքո գործող Ներդրումների աջակցման կենտրոնի գործադիր տնօրեն:

Նոր տնօրենին անձնակազմին է ներկայացրել փոխվարչապետը: Այդ կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ են վարչապետը, փոխվարչապետները, կառավարության մի շարք անդամներ, այդ թվում նաև արտաքին գործերի նախարարը:

Խնդիրը բացարձակապես այն չէ, որ կայացված որոշումը ոչ մի հակասություն չունի օրինականության հետ: Եվ խնդիրը նաև որևէ անազնվության կամ կոռուպցիոն ռիսկի կանխավարկած դիտարկելը չէ: Խնդիրը ամենից առաջ արժեքային-մտածողական դաշտում է, հանրությանը հղվող մեսիջի դաշտում:

2018 թվականին խնամի, ծանոթ, բարեկամի սկզբունքը մերժող Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիներին բազմաթիվ են օրինակները, երբ պետական համակարգում, պետական ենթակայության կառույցներում դրսևորվում են այդօրինակ կապերով նշանակումներ:

Եվ սա, իհարկե, երևույթներից մեկն է միայն, որը պարզապես հերթական անգամ վկայում է, որ, եթե նախկին իշխանությունը ներկայացնող ներկայիս ընդդիմությունը փորձում է գործող իշխանությանը քարոզչական դաշտում ներկայացնել հանրությանը որպես «իր նման», ապա գործող իշխանությունն արդեն պրակտիկ դաշտում է բոլորովին անկաշկանդ ներկայանում հենց այդպիսին: