08/06/2025

Ովքե՞ր են կանգնած Ծաղկաձորում բարձրահարկ շենքերի կառուցման ետեւում, ի՞նչ անուններ են շրջանառվում

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018 թվականից մինչ օրս զբաղված է գործ անելու իմիտացիա ստեղծելով: Արագաչափերը սկոտչող, երկու միլիոնանոց ժողովրդին անխտիր վարչապետ կարգող Փաշինյանը, որը ժամանակին հայտարարում էր, թե «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», այսօր ամեն քաղաքացուց փող է քերում, հարկերն ու տուրքերն է բարձրացնում:

Բայց միեւնույն ժամանակ վերարտադրվելու խնդիր ունի եւ այնքան ողորմելի վիճակում է հայտնվել, որ էլեկտորատին հաճոյանալու համար պատրաստ է ամեն ինչի` անգամ վարկաբեկող տեղեկություններ է տարածում եկեղեցականների մասին, ինտրիգ է ստեղծում սրբազանների շուրջ, անդադար խոսում է նախկինների թալանը հետ բերելու մասին, այն դեպքում, երբ հենց իր իշխանության օրոք պետության արտաքին պարտքը կրկնապատկվել է` հատելով 12 միլիարդ դոլարի սահմանը: Թե ում գրպանն են գնացել այդ միլիարդները, եւ ով է թալանում Հայաստանը՝ սնվելով պետական բյուջեից, ավելի քան պարզ է:

Փաշինյանը եւ նրա իրավապահները հիմա փորձում են ժողովրդի մոտ «թալանը» հետ բերելու իմիտացիա ստեղծել: Ամեն օր, օրը նույնիսկ մի քանի անգամ, հաղորդագրություններ են տարածում, թե ինչքան հող ու փող հետ բերեցին նախկիններից: Նույն հաղորդագրությունները մի քանի անգամ են տարածում` օրերի կամ ամիսների կտրվածքով, որ մարդիկ մտածեն, թե տարբեր գործերի մասին է խոսքը: Մի անգամ հաղորդագրություն են տարածում ապօրինի գույքի հետ կապված վարույթ հարուցելիս, մի անգամ՝ դատարան դիմելիս: Բայց դատական կարգով հաստատված եւ հետ բերված գույքն ու միջոցները չնչին են: Ինչ էլ հետ են բերել` մարդիկ հոժարակամ հանձնել են, որ քաշքշուկներից ազատվեն:

Հատկապես Գլխավոր դատախազությունը վերջին շրջանում վերածվել է հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ի քույր կազմակերպության, երբեմն դատախազության հադորդագրություններն ընթերցելիս կամ հենց անձամբ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին լսելիս թվում է, թե իշխանական Perfect TV-ն ես պատահմամբ միացրել: Նախորդ ամիս Վարդապետյանն Ազգային ժողովի ամբիոնից խոսեց Ռոբերտ Քոչարյանից մեծ չափով գումարներ բռնագանձելու հայցի մասին՝ հանրության մոտ իմիտացիա ստեղծելով, թե Քոչարյանն ահռելի ունեցվածք ունի, եւ իրենք զբաղված են նախկինների թալանը հետ բերելով: Իսկ երեկ էլ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբրեւ Ծաղկաձոր քաղաքում գտնվող՝ շուրջ 1 միլիոն դոլար արժեքով հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Այն պատկանում էր Սամվել Մայրապետյանին: Հերթական անգամ հանրությանը մոլորեցնելով՝ փորձում են իմիտացիա ստեղծել, թե պետության օգտին գործ են անում` պետական հողը հետ բերելով, սակայն Ծաղկաձորում նույն այս իշխանության թեթեւ ձեռքով այնպիսի հսկայական տարածքներ են հատկացվել տարբեր իշխանամերձ օլիգարխների, որոնք բարձրահարկ շենքեր են կառուցում` անտառները ոչնչացնելով, Ծաղկաձորը դարձնելով ամայի տարածք:

Ծաղկաձորի բնակիչները փորձեցին պայքարել` չհաջողվեց: Հիմա նրանք ասում են` «Ծաղկաձորը բետոնաձոր է դարձել»: Իրավիճակն այնքան կրիտիկական էր, որ անգամ գրողներն էին փորձում պայքարել, որոնք Ծաղկաձորում հանգստյան տուն ունեն եւ ամեն տարի մեկնում են Ծաղկաձոր` ստեղծագործական հանգստի:

Ծաղկաձորի գրողների հանգստյան տան տնօրեն Մովսես Մանուկյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` վերջին տարիներին ի՞նչ վնասներ են հասցվել Ծաղկաձորին, եւ ովքե՞ր են անտառներ ավերելով բարձրահարկ շենք-շինություններ կառուցում՝ ոչնչացնելով սաղարթախիտ անտառներն ու կանաչապատ տարածքները: Մանուկյանը նկատեց. «Պետությունը տարածքներ էր դուրս գրել անտառային ֆոնդից, հետո սխալ սեփականաշնորհումների ու խարդախությունների արդյունքում գործը հասավ Քննչական կոմիտե, խոսքը 60 հեկտար տարածքի մասին է, եւ հիմա արդեն բարձրահարկեր են կառուցում, իշխանության թողտվությամբ է այդ ամենը կյանքի կոչվում: Ծրագրեր կան, որ կարողացել ենք կասեցնել` հասարակական լսումների արդյունքում, սակայն կան նաեւ մի քանիսը, որ չենք կարողացել կասեցնել: Եթե գոնե շինարարությունն անտառից դուրս են անում, մի տեղ էլի հասկանում ես, ասում ես` ոչինչ, բայց կան նաեւ մեծ ծրագրեր անտառներում: Եթե որոշում ես անտառներում 12 հարկանի շենք կառուցել ու քոթեջներ, ի՞նչ է դա ենթադրում, որ պետք է անտառները կտրես, ոչնչացնես: 2006 թվականին որոշում ընդունվեց, որի համաձայն՝ Ծաղկաձորում չի թույլատրվում կառուցել չորս հարկանի շենքից բարձր շենք, բայց հետո եկավ Սերժ Սարգսյանը, մի քանի խախտումներ եղան, ինչից հետո արդեն սկսվեցին բացահայտ խախտումները»:

Ովքե՞ր են կանգնած Ծաղկաձորում բարձրահարկ շենքերի կառուցման ետեւում, ի՞նչ անուններ են շրջանառվում։ «Տարբեր անուններ են շրջանառվում, այժմ մեծ ծրագիր է իրականացնում Խաչատուր Սուքիասյանը, մյուս ծրագիրը կապում են Ալեն Սիմոնյանի հետ, մյուսը՝ Սամվել Ալեքսանյանի փեսայի հետ, իշխանական անուններ են»,- ասաց Մանուկյանը: