08/06/2025

Պատկերացրեք, ինչ հաճույքով կհրապարակեն Միքայել ու Բագրատ Սրբազանների մահվան վճիռը

«2020 թվականից եմ ասել, որ այս մարդիկ 3 թշնամի ունեն՝ Արցախը, սփյուռքը եւ հայ եկեղեցին»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հարձակմանը՝ Հրապարակին ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Արցախը հանձնված է, սփյուռքը հիմնականում խաղից դուրս վիճակում է, այսօր սփյուռքը ոչ մի դերակատարում չունի: Մնացել է վերջին խոչընդոտն իրենց ճանապարհին՝ հայ եկեղեցին: Եվ, անշուշտ, հայ եկեղեցին վերացնել հնարավոր չէ, բայց իրենք ուզում են վերահսկել հայ եկեղեցին, ինչի համար որ մեղադրում էին նախորդներին՝ ասելով, որ հայ եկեղեցին վերահսկվում է իշխանությունների կողմից: Հիմա հասկացել են, որ չի վերահսկվում, կատաղել են եւ փորձում են վրեժ լուծել ու վրեժ լուծելու այդ ճանապարհին ոչ մի բանի առաջ չեն կանգնում: Սրանցից ամեն ինչ հնարավոր է սպասել, ամեն ինչի ընդունակ են, ամեն վատ բանի ընդունակ են: Լավ բանի ընդունակ չեն, բայց ամեն վատ բանի ընդունակ են: Իսկ մենք էլ ասում ենք, որ ամեն ինչի էլ պատրաստ ենք»,- ասաց Սրբազանը:

Հարցին, թե արդյոք Փաշինյանի եւ նրա կնոջ հակաեկեղեցական հայտարարությունները կապ ունե՞ն Փաշազադեի այն հայտարարության հետ, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում, Սրբազանն ասաց, որ Փաշինյանը Ալլահշուքյուրի ասածն իբրեւ հրահանգ է ընդունել եւ կատարում է. «Վերացնում է այդ «սպառնալիքը», փորձում է վերացնել, բայց տանուլ է տալու, ինչպես մյուս բոլոր իշխանությունները․ ովքեր համարձակվել են հայ եկեղեցու դեմ սուր ճոճել, պարտվել են: Իրենց մենք խորհուրդ չենք տալիս սուր ճոճել, որի դեպքում հնարավոր է, որ խուսափեն պարտությունից, այլապես իրենց սպասվում է ֆիասկո»: Շիրակի թեմի առաջնորդը նկատեց, որ նրանց տեղը պատմության աղբանոցն է: Այս իշխանությունը եկեղեցու դեմ տարատեսակ դիսկուրսներ է ծավալել:

«Հոգեւորականները կոռումպացված էին, կոռումպացված հոգեւորականներին պիտի բացահայտեին, պիտի բացահայտեին շվայտ, ցոփ կյանքով ապրող հոգեւորականներին, կոռումպացված հոգեւորականներին պիտի ծնկի բերեին, եւ, անշուշտ, օխլոսը ծափահարել էր` այս ինչ լավ բան է անում: Նրանք, որոնք անբացատրելի, անիմաստ, տգետի, հիմարի` այս բառերն ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, այդ տգետի, հիմարի նման ատում են քահանաներին, հոգեւորականներին՝ առանց հասկանալու, թե ինչու են ատում: Ատում են, որովհետեւ պարզապես ունեն inferiority complex՝ ստորադաս լինելու բարդույթ: Քանի որ տեսնում են, որ իրենց  ինտելեկտով, պատմությամբ, խորքով, լայնքով, տարածքով գերազանցում են այս սքեմավորները: Պատկերացնո՞ւմ եք, սքեմավորը գերազանցում է ինչ-որ մեկին իր ինտելեկտով: Բա կարելի՞ է սա հանդուրժել, որովհետեւ իրենց մտածումի մեջ սքեմավորը պետք է լինի միջնադարյան խավարամիտ, չզարգացած, մինչեւ հիմա երեւի էլեկտրականությունից հեռու, մոմի լույսի տակ ապրող, էշի կամ ջորիի վրա նստած, ոտաբոբիկ քայլող, եւ հանկարծ պարզվում է` այս մարդիկ ինտելեկտ ունեն, գիտելիք ունեն, աշխարհի լավագույն համալսարանները գերազանց ավարտած մարդիկ են»,- շեշտեց Միքայել Աջապահյանը:

Ցանկացած հեղափոխություն հենվում է այս ստոր խավի վրա, որը ոչինչ չգիտի, ատելությունից բացի, միակ բանը, որ կարողանում է անել՝ ատելությունն է: «Սրանց հեղափոխությունից հետո պայմանները հարմար չեն մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելու համար, թե չէ՝ կոչնչացնեին: Պատկերացրեք, թե ինչ հաճույքով կոչնչացնին, ինչ հաճույքով կստորագրեին մահվան դատավճիռը Միքայել սրբազանի, Բագրատ սրբազանի, բայց պայմանները հարմար չեն, եւ, ստիպված, իրենց ատելությունը պիտի դրսեւորեն այս ձեւով»,- ասաց Սրբազանը: