07/06/2025

Թեհրանը բարձրաձայն դիրքորոշում կարտահայտի՞ «ակնկալիքների» մասին

Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին շնորհավորել է առաջիկա Ղուրբան Բայրամի տոների կապակցությամբ: Ըստ հաղորդագրության, քննարկվել են հայ-իրանական հարաբերությանն ու ռեգիոնալ իրավիճակին առնչվող հարցեր:

Հիշեցնեմ, որ Իրանի նախագահը նախօրեին հեռախոսազրույցներ էր ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ, Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև Նիկոլ Փաշինյանը:

Իհարկե, այդ հեռախոսազրույցների վերաբերյալ մեդիափորձագիտական դիտարկումների առանցքում է Էրդողանի հայտարարությունը, որ Իրանից ակնկալում է աջակցություն «զանգեզուրյան միջանցքին»:

Թեհրանը բարձրաձայն չի արձագանքել այդ հայտարարությանը, բայց կասկած չկա, որ թե Ալիևի, թե Էրդողանի հետ քննարկումներում Փեզեշքիանը խոսել է այդ մասին, և թերևս իր խոսակցության վերաբերյալ որոշակի իրազեկումներ փոխանցել նաև Նիկոլ Փաշինյանին:

Էրդողանի հայտարարությունը այդուհանդերձ առաջա՞րկ էր Իրանին, որևէ բովանդակության շուրջ պայմանավորվելու համատեքստում, թե՞ բոլոր դեպքերում այն ավելի շատ շանտաժ էր:

Փաշինյան-Փեզեշքիան հեռախոսազրույցից հետո Թեհրանը բարձրաձայն դիրքորոշում կարտահայտի՞ այն «ակնկալիքների» կապակցությամբ, որ արել է Թուրքիայի նախագահ Էրդողանը Լաչինում կայացած Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա գագաթնաժողովից վերադարձի ճանապարհին:

Թեև հնարավոր է, որ Թեհրանն առավել արդյունավետ համարի լուռ դիվանագիտությամբ հակազդելը, քան հրապարակային հակադրության և հետևաբար «նստվածքի» տեղիք տալը: