Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության «Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության» վարչությունը հունիսի 6-ն հաղորդել է, որ ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքներով «պարզվել է, որ «հանրապետության երեք անչափահաս բնակիչ», հանդիսանալով ծայրահեղական արգելված խմբավորման անդամ, վրեժխնդրությունից դրդված՝ ուսումնական հաստատություններից մեկի սովորողների և կրոնական պաշտամունքի օբյեկտի դեմ ահաբեկչական գործողություններ են նախապատրաստել»:
Հատուկ ծառայության տեղեկություններով՝ իրենց մտադրությունն իրականացնելու համար դեռահասները Telegram-ում փակ խումբ են ստեղծել և նյութեր և մեդիաֆայլեր տարածել, թե ինչպես կարելի է ստեղծել պայթյուցիկ նյութեր, ինքնաշեն հրազեն:
Նույն տեղում տարածվել են ահաբեկչության իրականացման և իրավապահ մարմիններից կատարվածի ու մասնակիցների հետքերը ծածկելու միջոցների և ձևերի մասին ուղեցույցներ:
Ձերբակալված դեռահասները Telegram-ի խմբում «հօգուտ ահաբեկչություն իրականացնողների քարոզչություն են իրականացրել, նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ինքնաշեն հրազեն եւ պայթյուցիկ»: Ըստ ԱԴԾ-ի հաղորդագրության՝ երեք դեռահասի նկատմամբ «մի քանի հոդվածներով քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է»:
Անվտանգության դաշնային ծառայության այս հաղորդագրությունը տարածվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից հաջողությամբ իրականացված «Սարդոստայն» գործողությունից հինգ օր հետո: Կիևը պաշտոնապես հաստատել է, որ այն իրականացվել է Ռուսաստանի տարածքից: Նման բնույթի և ծավալի գործողություն հնարավոր չէր լինի, եթե ուկրաինական հատուկ ծառայություններն Ռուսաստանում չունենային «հինգերորդ զորասյուն»:
Լուգանսկի մարզը միջազգայնորեն ճանաչված է որպես Ուկրաինայի ինքնիշխան տարածքի մաս, բայց փաստացի 2014 թվականից ի վեր նրա մի զգալի մասը վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Երեք դեռահասի ձերբակալությունը փաստում է, որ Ուկրաինան «գործակալական ցանց» ունի նաև Դոնբասի օկուպացված տարածքներում: Դա լուրջ հարված է ԱԴԾ պրոֆեսիոնալ վարկին:
Բայց ավելի ցայտուն է փաստի քաղաքական ենթատեքստը: Ռուսաստանի նախագահ Պուտինը «հատուկ ռազմական գործողության» նպատակ է հռչակել Դոնբասի ռուս և ռուսախոս բնակչության իրավունքների պաշտպանությունը:
Մոսկվայի պաշտոնական նարատիվն այն է, որ Ռուսաստանը Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ռուս և ռուսախոս բնակչությանն «ազատագրում է Կիևի նեոնացիստական ռեժիմից»: Ստացվում է տրամագծորեն հակառակ պատկեր. Դոնբասում նույնիսկ դեռահասներն են փակ խմբեր ստեղծում և ռուսական օկուպացիայի դեմ զինված պայքարի քարոզչություն իրականացնում:
ԱԴԾ-ն, հավանաբար, փորձել է ցրել ուկրաինական «սարդոստայնից» Ռուսաստանի հանրության շոկը, բայց ստացվել է «ինչպես միշտ»: Լուգանսկում երեք դեռահասի ձերբակալությունը փաստացի սպասարկում է Ուկրաինայի դիվանագիտական նարատիվը, որ ռուս և ռուսախոս բնակչությունը չի ճանաչում Ռուսաստանի տիրապետությունը, օկուպացված տարածքներում ոչ մի հանրաքվե չի անցկացվել:
Բաց մի թողեք
Գերմանիայի հասցեին Մոսկվայի սպառնալիքները Արևելյան Եվրոպայի երկրներին վախեր ներշնչելու համար են
Ռուսաստանի լռությունը Բաքվում պարտվողական ու «պերճախոս» է
Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը հաշվարկված է ոչ թե անհրաժեշտ ստորագրություն հավաքելու «միամտությամբ», այլ …