24/06/2025

Արմաշում Փաշինյանի շարասյան պատճառով 3 մարդ է տուժել, այդ թվում՝ կին պարեկ, վրաերթ է եղել

Հունիսի 8-ին’ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։

«Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է Նիսան մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։

Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող Հյունդայի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։

Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում’ պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։

Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք  անում՝ չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել»,-հայտնում են ՆԳՆ-ից։

Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել: Վթարի է ենթարկվել քաղաքացի Շահնազարյան Յուրիկի ավտոմեքենան: Չնայած Նիկոլ Փաշինյանը, ըստ տեղեկությունների, ուղղաթիռով է վերադարձել Երեւան, սակայն, հավանաբար, նրան ուղեկցող շարասյունը շտապել է: Դիմեցինք Ներքին գործերի նախարարությանը, մեզ հայտնեցին,  որ պարեկային մեքենան,  որը ավտովթարի մասնակից է որեւէ առնչություն չունի Փաշինյանի շարասյան հետ։  Մինչդեռ,  նշենք` տեղեկությունը մեզ փոխանցել էին ականատեսները։ ՆԳՆ-ից նաեւ փոխանցեցին`  հավելյալ ճշտում են, հայտարարությամբ հանդես կգան։

Հգ. նոր մանրամասներ։ Քիչ առաջ վարչապետի խոսնակն արձագանքեց մեր լուրին` նշելով, թե այն չի համապատասխանում իրականությանը։ Մենք կապ հաստատեցինք Արմաշի բնակիչներից մեկի հետ, որը մեզ պատմեց` Փաշինյանի ավտոշարասյան անցնելու համար երթևեկությունը կանգնեցվել է. շարասյունը անցնելուց հետո մեքենաներ են բախվել իրար։