Բաց նամակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին.
Մեծարգո՛ նախարար, ես՝ Վալենտին Խաչատրյանս, 2012-2024 թթ․աշխատել եմ Պոլիտեխնիկական համալսարանի լեզուների կենտրոնի հայոց լեզվի ամբիոնում նախ որպես ասիստենտ, ապա 2016 թվականից՝ որպես դոցենտ։ 2017-2018 ուստարվա սկզբին նշված կենտրոնի տնօրեն, միաժամանակ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հասմիկ Պետրոսյանը ամբիոնի դասախոսներիս է տրամադրել իր և համահեղինակ Անահիտ Մարտիրոսյանի կազմած «Հայոց լեզու» ուսումնական ձեռնարկը՝ նախատեսված ՀԱՊՀ (Պոլիտեխնիկի) քոլեջի ուսանողների համար։
Տիկին Պետրոսյանը նաև ինձ խնդրել էր սխալներ նկատելու դեպքում տեղեկացնել։ Բնականաբար այդպես էլ վարվել եմ, ուրիշ կերպ չէր էլ կարող լինել։ Չնայած այդ ձեռնարկը հիշեցնում է սխալների ժողովածու, բայց և հեղինակները չեն ընդունել կամ գիտակցել գոնե մեկ սխալ՝ դրսևորելով թշնամական վերաբերմունք։
Ամբիոնի դասախոսիս սրտացավ վերաբերմունքը արժանացել է բուռն ճնշումների և վիրավորանքների։ Ստիպված եմ եղել այդ մասին բանավոր հաղորդել համալսարանի ղեկավարությանը, սակայն վերջիններս ավելի են սրել լարվածությունը։ Հումանիտար առարկաների գծով պատասխանատու պրոռեկտոր Մ․ Բաղդասարյանին տեղեկացնելուս հետևանքը եղել է այն, որ օրեր անց ձեռնարկի համահեղինակ Հ․ Պետրոսյանը ամբիոնում մի քանի դասախոսների և գործավարուհու ներկայությամբ հանդիմանել է ինձ, գոռացել վրաս, ասել, թե իբր պրոռեկտորի մոտ վարկաբեկել եմ իրեն, և ձեռքը խփելով սեղանին՝ պահանջել իր դիմաց դնել սխալները, այլապես ինձ դատի է տալու։
Ստիպված եմ եղել մակերեսորեն անդրադառնալ որոշ սխալների և էլեկտրոնային ճանապարհով ուղարկել իրեն։ Վստահ եմ եղել, որ կգիտակցի ձեռնարկի թերություններն ու սխալները, որոնք անթիվ-անհամար են, շատերն անգամ դպրոցականները կարող են գիտակցել։
Սակայն մեկ ամիս անց ամբիոնի նիստ է գումարել՝ հրավիրելով նաև ռուսաց և օտար լեզուների ամբիոնների վարիչներին մի քանի աշխատակիցների հետ, ինձանից պահանջել է նախ ստորագրել գրախոսության ներքո, ապա և ընթերցել, որին ի պատասխան շնորհակալական խոսքի փոխարեն հետևել է իր՝ ինձ համար շոկային վիրավորանքներով լեցուն ելույթը։
Նախ` խոսքի սկզբում ասել եւ հետո կրկնել է հետևյալ արտահայտությունը․ «Վալենտին Խաչատրյանն իրավունք ունի՞ մեր շարքերում աշխատելու»։ Չբավարարվելով այդքանով՝ ավելացրել է, թե իբր մասնագիտական գրականությանը ծանոթ չեմ, գրախոսությունը սխալ եմ կազմել և այլ պարզունակ մտքեր արտահայտել՝ իր աչքի գերանը չտեսնելով և ուրիշի աչքի շյուղը տեսնելով։
Նույնիսկ ասել է, թե պետք է շտապ դասալսում կազմակերպել և պարզել՝ Վալենտին Խաչատրյանը ինչպես է վարում գիտական խոսքին վերաբերող դասը։ Այնուհետև հնամենի դասագրքերի վկայակոչումով փորձել է հերքել նշածս սխալներն ու թերությունները՝ ներկաների մոտ ստեղծելով իրավացի լինելու պատրանք։ Ինքս համբերատար լսել եմ։
Այնուհետև բուռն վրդովմունքով ելույթ է ունեցել համահեղինակը՝ դարձյալ չարությամբ լցված, ոչ թե խոսել է իրենց ձեռնարկի առնչությամբ, որի շուրջ և գումարվել է նշված ժողովը, այլ հերյուրանքներ է հնչեցրել իմ եւ դոցենտ Լ․ Հայրապետյանի համահեղինակությամբ մեթոդական ուղեցույցի վերաբերյալ։ Դրանից հետո ավելորդ եմ համարել այդտեղ մնալը։ Իմ դուրս գալուց հետո էլ ամբիոնի վարիչը ինձ դոցենտի կոչումից զրկելու սպառնալիք է հնչեցրել։
Որևէ մեկը չի կարող երևակայել, թե հոգեկան ինչ ապրումներ եմ ունեցել․ 14 հոգանոց մասնագիտական խմբից որևէ մեկը չի համարձակվել խոսք ասել, մասնագիտական կարծիք հայտնել, հաստատել նշածս սխալները կամ գուցե ասել, որ ի վերջո այդպիսի քննարկումները միտված են աշխատանքում առկա թերությունները բացահայտելուն և ուղղելուն, որը բխում է բոլորիս շահերից, ուստի ինչու են հանիրավի վիրավորում ինձ։
Թերևս իրենք էլ իրենց տնօրենի նման չեն գիտակցել նշածս անթիվ-անհամար սխալներն ու թերությունները, ո՞վ իմանա, կամ էլ, ի տարբերություն ինձ, ավելի լավ են ճանաչել այդ անձին և նրա անսահմանափակ հնարավորությունները համալսարանում, ուստի գերադասել են լռել և չվտանգել իրենց աշխատանքը։ Այնուհետև այդ կանանց հաջողվել է իրենց ցանկությունը իրագործել և ինձ դատի տալ։
Փաստորեն հայ իրականության մեջ նաև հնարավոր է լավության դիմաց արժանանալ նման վերաբերմունքի և ընդհուպ հասնել դատարան։ Ստիպված եմ եղել դիմում-բողոք ներկայացնել ՀԱՊՀ այն ժամանակվա ռեկտոր Ո․ Մարուխյանին։ Օրեր անց ստացել եմ պրոռեկտոր տիկին Մ․ Բաղդասարյանի գլխավորած հանձնաժողովի պատասխանը, որում նշվել է, թե ամբիոնի ընդլայնված նիստում բոլոր «մեղադրանքներս» հերքվել են (իրենց կողմից մասնագիտական կարծիքս որակվել է որպես «մեղադրանք»), ուստի և իրենք հիմք են ընդունում ամբիոնի արձանագրությունը։
Հարկ ենք համարում նշել, որ ամբիոնի նիստում ինձ հանիրավի վիրավորելու և բարոյահոգեբանական մեծ ցավ պատճառելու հետևանքով սրահը լքելուս հաջորդ օրը նիստ են գումարել և առանց իմ ներկայության և համաձայնության իմ դեմ կազմել արձանագրություն, որը մինչ օրս չի տրամադրվել ինձ։
Մինչ ուզում էի պրոռեկտոր տիկին Մ․Բաղդասարյանին բացատրել, որ իրապես այդ գիրքը սխալաշատ է, այն հիշեցնում է սխալների ժողովածու, ինձ լռեցրեց՝ ասելով, որ ինքը չի կարող հաշվի չառնել 14 հոգանոց մասնագիտական խմբի կարծիքը։ Հետագայում կարծիքումս ավելացրել եմ ձեռնարկում առկա այլ թերությունների և սխալների մասին տեղեկություն ևս, այն հասցրել 16 տպագիր էջի՝ եզրակացնելով, որ այդ ուսումնական ձեռնարկի թերությունները լիովին ներկայացնելու համար գրեթե նույնքան շարադրանք է անհրաժեշտ։
Փաստաբանիս միջնորդությամբ ստացել եմ նաև ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արդի հայերենի բաժնի վարիչ բ․գ․թ․, դոցենտ Թաթուլ Ասոյանի կարծիքը վերոհիշյալ մասնագիտական կարծիքիս վերաբերյալ, որում հաստատվում են մատնանշածս բոլոր սխալներն ու թերությունները, դրանց կողքին ավելացվում են մի շարք այլ թերություններ ևս։
2021 թ․ նույն հեղինակները տպագրել են խնդրո առարկա ուսումնական ձեռնարկի իբր լրամշակված, վերափոխված տարբերակը՝ դարձյալ սխալաշատ, նույն և նույնպիսի սխալներով։ Ստիպված եմ եղել այդ մասին հաղորդել նոր ռեկտորին՝ Գ․ Վարդանյանին, սակայն որևէ արձագանք այդպես էլ չի եղել։
2023 թ․ Լեզուների կենտրոնի հաշվետու ժողովում, որին ներկա է եղել նաև պրոռեկտոր Մ․Բաղդասարյանը, մանրամասնորեն ելույթ եմ ունեցել նշված անարդարությունների, մասնագիտական անբարեխղճության, ձեռնարկներում առկա անթիվ-անհամար կոպտագույն սխալների, վերոհիշյալ մասնագետի կարծիքի և այլ հարցերի շուրջ։ Դրան հետևել է նշված կենտրոնի տնօրեն տիկին Հ․ Պետրոսյանի խոսքը, որում մասնավորապես ասվում է, որ այդ ես չեմ ականավոր լեզվաբանը, մի դոկտոր ասել է, թե հոյակապ կառուցվածք ունի այդ գիրքը, ընդամենը մի երկու վրիպակ կա, որոնք կարելի է ուղղել և առաջ անցնել։
Պարզվում է, որ ձեռնարկներում առկա հարյուրավոր, գուցե և հազարի հասնող կոպիտ սխալները մեկ-երկու վրիպակներ են։Թերևս հնարավոր չլինի գեթ մեկ էջ գտնել, որում սխալ չլինի։ Միայն այն, որ խնդրո առարկա ձեռնարկներում լեզվական օրինակները բարբառային խոսքի նմուշներով են ներկայացված, արդեն բավական է դրանք գործածության համար պիտանի չհամարել։ Մի՞թե ՀԱՊՀ քոլեջի ուսանողներին գրական հայերենի փոխարեն պետք է բարբառային հայերեն ուսուցանել։Այդ ամենից հետո որևէ արձագանք չի եղել ռեկտորատի կողմից։
Ստիպված եմ եղել այս անգամ զեկուցագիր ներկայացնել նոր ռեկտորին՝ Գ․ Վարդանյանին, հայտնել այն մասին, որ նոր ձեռնարկում ևս մի շարք սխալներ կան, ներկայացրել եմ նաև նախորդ հրատարակության սխալների վերաբերյալ վերը հիշատակված մասնագետի կարծիքը, որպեսզի հայտնի դառնա, թե ինչ է տեղի ունեցել նախկինում։
Սակայն այդպես էլ որևէ պատասխան չի եղել, փոխարենը 2024 թ․ սեպտեմբերի 1-ին պայմանագրիս ժամկետի լրացման կապակցությամբ ծանուցագիր եմ ստացել, ուստի և ստորագրել եմ, որից հետո այլևս նոր պայմանագիր չի կնքվել ինձ հետ՝ այդպես էլ չպատասխանելով իմ դիմումին։ Թե՛ նախկին և թե՛ ներկա ռեկտորին բողոք-դիմում կամ զեկուցագիր հղելիս, հանուն արդարության, ակնկալիքս ընդամենը եղել է այն, որ լոկ մեկ նախադասությամբ պատասխանեին, թե իրապես այդ ձեռնարկներում առկա են բազում սխալներ, ուստի և հարկ է դրանք շտկել։
Պետք է ավելացնենք, որ այդ դասագրքի սխալաշատ լինելու վերաբերյալ նախկինում ԿԳՄՍ նախարարությանը բողոք է հղվել անգամ ՀԱՊՀ քոլեջի ուսանողներից մեկի ծնողի կողմից։ Սակայն նիստ է գումարել Հ․ Պետրոսյանը, իրեն անսխալական համարել, եւ ինձ հայտնի չէ, թե ինչ պատասխան են տվել նախարարությանը։ Իմ գիտակցմամբ, հայոց լեզվին նվիրված ցանկացած ուսումնական ձեռնարկում պետք է բացառել նույնիսկ մեկ վրիպակը։ Կարծել եմ, որ նման ձեռնարկներ կազմողները պետք է պատասխանատվության խիստ բարձր զգացողություն ունենան, սխալներ թույլ տալու դեպքում էլ պետք է շուտափույթ ուղղումներ կատարեն։
Սակայն ՀԱՊՀ լեզուների կենտրոնի տնօրեն Հ․ Պետրոսյանը հաշվի չի առել մասնագետների դիտողությունները, չի գիտակցել կամ անտեսել է սխալները և տարիներ շարունակ ուսանողների սեղանին է դրել ըստ ամենայնի սխալաշատ ու լուրջ թերություններով դասագիրք։ Վերջին տարիներին հաճախ է խոսվում այն մասին, որ ԿԳՄՍ նախարարությունը խրախուսում է ուսումնական գործընթացում գիտական գործունեություն ծավալողների ընդգրկումը։ Սակայն Պոլիտեխնիկական համալսարանի լեզուների կենտրոնից հանձին ինձ վտարվել է մի մասնագետ, որը շուրջ 70 մասնագետից բաղկացած կենտրոնում թերևս միակն է եղել, որ աշխատել և աշխատում է նաև որպես գիտաշխատող։
Այս տարվա ապրիլ ամսին դիմում-բողոք եմ հղել Ձեզ՝ կից ներկայացնելով վերոհիշյալ կարծիքները խնդրո առարկա ձեռնարկների սխալաշատ լինելու վերաբերյալ։ Այն հղվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ պարոն Ս․ Հայոցյանին, որն էլ իր հերթին հղել է ՀԱՊՀ ռեկտոր Գ․ Վարդանյանին։
Ինձ ՀԱՊՀ-ից պատասխանել են, որ այդ ձեռնարկները տպագրվել են որոշ հեղինակավոր մասնագետների դրական կարծիքների հիման վրա, ուստի այլ կարծիքներ չեն հետաքրքրում իրենց։ Նաեւ նշվել է, թե 2019 թ․ ամբիոնի նիստում հերքվել են նշածս սխալներն ու թերությունները։
Այսպիսով, ՀԱՊՀ ղեկավարությունը դույզն-ինչ չի կասկածում լեզուների կենտրոնի տնօրեն և հայոց լեզվի ամբիոնի վարիչ Հ․ Պետրոսյանին, իսկ վերջինս էլ իր հերթին իրեն ներկայացնում է անսխալական, չի ընդունում որևէ սխալ, և այդ ամենը այն դեպքում, երբ 16 էջանոց կարծիքումս վերհանել եմ անթիվ-անհամար թերություններ ու կոպտագույն սխալներ, դա հաստատել է նաև ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի արդի հայերենի բաժնի վարիչ բ․գ․թ․, դոցենտ Թ․ Ասոյանը, դեռ մի բան էլ իր կողմից նշել այլ թերություններ ևս։
Առանձին կարծիքով անդրադարձել եմ նաև ներկայումս ՀԱՊՀ քոլեջում գործածվող 2021 թ․ հրատարակությանը, որում մասամբ կրկնվում են նախորդ հրատարակության սխալները՝ վերջիններիս ավելացվելով նոր սխալներ։ Ձեզ խնդրում եմ ըստ արժանվույն քննել նախարարությանը ներկայացրածս փաստաթղթերը և խորամուխ լինել արդարության հաստատմանը։
Չի կարող բացահայտ կեղծիքն ու խաբեությունը ներկայանալ որպես ճշմարտության։ Բոլորովին էլ անլուրջ չէ հայերենի նմանատիպ ձեռնարկների գործածությունը կրթության ոլորտում։
Վալենտին ԽԱՉԱՏՐՅԱՆ; Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բաց մի թողեք
Ձեր ընտանիքի ցավն անսահման է, և մենք կիսում ենք այն ամբողջ սրտով. Լուսանկար
Երևանում լույս է տեսել ադրբեջաներեն նոր դասագիրք, հեղինակն արցախցի Աշոտ Մովսիսյանն է․ Լուսանկար
Վրաստանի մշակութային օրերը կհարստացնեն Հայաստանի մշակութային կյանքի գունապնակը․ ԿԳՄՍ նախարար