09/06/2025

Թրամփը ճակատամարտի է դուրս եկել Կալիֆորնիայի նահանգի ու դեմոկրատների դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լոս Անջելեսում և հարակից քաղաքներում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից և պետք է զինված ուժերի միջամտություն:

Կալիֆոռնիայում արդեն մի քանի օր է տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակցում են հիմնականում լատինամերիկացիներ՝ բողոքելով Թրամփի միգրացիոն խստացումների, ապօրինի միգրանտներին արտաքսելու քաղաքականության դեմ:

Կալիֆոռնիան, ըստ էության, համարվում է նահանգ, որտեղ ավանդաբար ուժեղ են դեմոկրատները: Ավելին, ըստ էության հենց Կալիֆոռնիան է դեմոկրատների առաջնորդության նահանգը ընդհանրապես քաղաքական դիրքերի իմաստով, ելնելով մի շարք հանգամանքներից: Կալիֆոռնիայի դեմոկտա նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ Ազգային գվարդիա կիրառելու Թրամփի որոշումն ապօրինի է և ինքը դա վիճարկելու է դատարանում:

Կալիֆոռնիային այդ իմաստով աջակցել և Թրամփի որոշումը դատապարտել է դեմոկրատների կառավարման ներքո գտնվող երկու տասնյակ նահանգ: Իրավիճակը Կալիֆոռնիայում կարող է դառնալ ներամերիկյան քաղաքական զարգացումների նոր ալիքի տրիգեր:

Գուցե ուշադրությունից պետք չէ բաց թողնել այն, որ այդ բռնկումները տեղի են ունենում այն գաղափարի բարձրաձայնմանը զուգահեռ, որ հնչեցրեց միլիարդատեր Իլոն Մասկը՝ ամերիկյան նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ, զուգահեռ գժտվելով Դոնալդ Թրամփի հետ:

Եթե Թրամփը տանուլ տա «Կալիֆոռնիայի ճակատամարտը», ապա դա կարող է հանգեցնել դեմոկրատների դիրքերի ուժեղացմանը թե Կոնգրեսի միջանկյալ ընտրությանը, թե նաև ընդհանրապես նախագահի հաջորդ ընտրությանն ընդառաջ:

Եվ հակառակը՝ Թրամփի հաղթանակի դեպքում դեմոկրատները կարող են ստանալ շատ լուրջ հարված, եթե օգտագործելով անկարգությունները, Թրամփը կարողանա գերակայության հասնել դեմոկրատների համար առանցքային նահանգում:

Եթե Թրամփին հաջողվի փոխել Կալիֆոռնիայի տասնամյակների քաղաքական ստատուս-քվոյի տրամաբանությունը, ապա դա, անշուշտ, կկարողանա կապիտալիզացնել համապետական մակարդակում: Այդ պայքարին զուգահեռ, թերևս «երրորդ ուժի» իր գաղափարը կփորձի առաջ մղել Մասկը:

Իհարկե, դժվար է ասել, թե՝ ի տարբերություն նրա տնտեսա-տեխնոլոգիական գաղափարների շատ արդյունավետ առաջմղման, ինչպիսին կլինի նրա քաղաքական գաղափարների ընթացքը, բայց, որ ժամանակի ընթացքում ամերիկյան հանրության մեջ աճելու է «երրորդ ուժի» պահանջը, թերևս, անկասկած է: