Վերջերս իմ գործընկեր Ազա Բաբայանը վարչապետին բնութագրել է որպես «խուլիգան»: ՔՊ-ական շեֆերից մեկը դժգոհեց, «ֆեյքերի ֆաբրիկան», ինչպես որ դա սովորաբար լինում է, տակը մի քանի տասնյակ հայհոյանք գրեց լրագրողի հասցեին:
Իսկ ես ամենայն անկեղծությամբ միանում եմ Ազայի տված բնութագրին, եւ նույն ֆաբրիկայի «դատն» ինձ բացարձակապես չի հուզում: Ի դեպ, հիմա մտածող մարդկանցից որոշակի «ամրություն» է պահանջվում՝ ամբոխահաճ ոռնոցներին հակադրվելու համար:
Ես դրանում սկսեցի համոզվել 2016 թվականից՝ «Սասնա ծռերի» «հերոսական ապստամբությունից» հետո: Փաշինյանը եւ նրա մերձակա շրջապատն իսկապես իրեն դրսեւորում է որպես խուլիգաններ, եւ խոսքը ոչ միայն վարչապետի հայտնի «անկողնային» գրառման մասին է, այլեւ, օրինակ, Ազգային ժողովում նրա ու նրա զինակիցների վարքի մասին:
Կամ՝ հիշենք Տեր-Պետրոսյանի՝ Մայր Աթոռ այցելելու կապակցությամբ ՔՊ-ականների մեկնաբանությունները: Սեռական բնույթի հայհոյանքներ այս պարագայում, որքան գիտեմ, չկային, բայց բոլոր դեպքերում դա այն լեզուն չէ, որով պետական բարձրաստիճան գործիչները պետք է խոսեն երկրի առաջին նախագահի մասին:
Այդ ամենը վտանգավոր միտում է, որովհետեւ խոսքը ոչ թե լրագրողների, հրապարակախոսների կամ նույնիսկ ոչ թե ընդդիմադիր գործիչների մասին է, այլ՝ պետության փաստացի ղեկավարի եւ այլ բարձրաստիճան ղեկավարների մասին:
Ուզենք, թե չուզենք, նրանք ոչ միայն օրակարգ, այլեւ մտածելակերպ ու ճաշակ են թելադրում հասարակության զգալի մասին: Փաշինյանի կողմնակիցների՝ «ապրես, մեռնեմ դուխիդ, մեր հզո՜ր վարչապետ» արձագանքը շատ դեպքերում անկեղծ է:
Լեզուն ոչ միայն մտածողության արտացոլումն է, այլեւ մտածելակերպ է ձեւավորում: Այդ թվում՝ հանրային: …Ժամանակին մարդիկ թեթեւ հեգնանքով էին վերաբերվում առաջին նախագահի ռաֆինացված, ակադեմիական լեզվին:
Բայց հիմա ես մտածում եմ, որ պետական մակարդակով այդպիսի լեզվով խոսելը կարեւոր է: Դա միայն առաջին հայացքից է երկրորդական հարց թվում. լեզուն շատ բաների ցուցիչ է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Բաց մի թողեք
«Տհաճ հանդիպում էր՝ տհաճ տպավորություններով». Էդգար Ղազարյան
Եւս մեկ հարված Բանակին՝ Եռագույն երանգների վրա խզբզոց է․ Գեղամ Մանուկյան
Ե՞րբ ենք բացահայտելու Փաշինյանի քաղաքականության սնանկությունը․ Սուրեն Սուրենյանց