2023 թվականի օգոստոսի 12-ին Կոմիտասի փողոցում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հեղինակը նախկին ՀՔԾ քննիչ, այժմ փաստաբան Հրաչյա Մուշեղյանն էր, որը ղեկին էր եղել ոչ սթափ վիճակում։
Հրապարակ թերթը գրել է․ Այն ժամանակ Հրաչյա Մուշեղյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։ Դեպքի առնչությամբ քննվում էր քրեական վարույթ, որի շրջանակներում մեկ անձի նկատմամբ հարուցվել էր քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։
Արդեն տեւական ժամանակ է՝ քրեական գործը դատարանում է, դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում, սակայն քննությունն առաջ չի գնում․ դեռեւս նախնական դատալսումների փուլում է։ Հրաչյա Մուշեղյանը «Հրապարակ»-ին հայտնեց՝ նիստերը հետաձգվում են․ «Նիստ չի լինում: Տարբեր պատճառաբանություններով չեն լինում․ մի անգամ՝ լույս չկա, չենք կարող անել, մի անգամ մեկը չի գալիս։ Ընդհանրապես, որ դատական գործին նայում ես, այս վիճակում է»։
Դեռ քրեական գործի քննության ժամանակ Մուշեղյանը միտում է նկատել, ասում է՝ ոչ օբյեկտիվ քննություն է եղել, ըստ նրա՝ բացահայտ կողմնակալ քննություն է տեղի ունեցել: «Բոլոր առարկությունները ներկայացրել եմ, իրենց հեչ պետքը չի, առանց պատճառաբանության մերժել են»,- ասում է նա։ Նախկին պաշտոնյան շեշտում է, որ փորձաքննությունը թերի են արել, արձանագրված խախտումները չեն արձանագրել, փորձաքննությունները տարբեր փորձագետներ են իրականացրել, հիմնավոր փորձաքննության զննության ընթացքում հայտնաբերվել են հետքեր, որոնք չեն արձանագրվել, միջնորդությունների վրա քննիչը «ականջներն ու աչքերը փակել է»։
Հարցին` իր նկատմամբ վերաբերմունքը պայմանավորվա՞ծ է նրանով, որ կիսատ է թողել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի (Մարտի 1-ի գործ) գործով քննությունը եւ դուրս եկել համակարգից, արձագանքեց․ «Ես քննությունը կիսատ չեմ թողել, այն ուղարկել եմ դատարան»։
Իսկ ինչո՞ւ եք ազատվել աշխատանքից, ասաց՝ «դա երկար պատմություն է»։
Հիշեցնենք, որ 2022-ին Հրաչյա Մուշեղյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից: Այդ ժամանակ մամուլը գրեց՝ Մուշեղյանի հեռանալու պատճառն ընդդիմության` թափ հավաքող հանրահավաքներն ու հնարավոր իշխանափոխության վտանգն է։ Ի դեպ, Արթուր Վանեցյան-Սասուն Խաչատրյան հայտնի ձայնագրության մեջ հիշատակվող Հրաչը հենց Հրաչյա Մուշեղյանն է, թեպետ զրուցակիցները նրան շփոթել էին դատավորի հետ։ Իրականում կալանքը պետք է տար դատավոր Վաչե Մարգարյանը, բայց քանի որ այդ գործով պակաս դերակատար չէր նաեւ Հրաչյա Մուշեղյանը, նրա անունն էր հնչել ձայնագրության մեջ` նրան շփոթել էին դատավորի հետ:
Բաց մի թողեք
Քարտեզ 2. Սահմանազատման արդյունքում ավելի շատ կորցնելու ենք քան ստանանք
Չեմ կարծում, թե դրանք և Աննա Հակոբյանի ասածները նույն բանի մասին են․ Նույն դահլիճում գտնվել, չի նշանակում կիսել նրանց գաղափարները
ՖԲ քոմենթներ․ Միայն սաղմոսները քիչ ա, Նիկոլ ջան, առավոտները պատարագ էլ մատուցի․ ՀՀ քաղաքացիներ