Մեկ շաբաթ է՝ երկրի վարչապետն ամենօրյա ռեժիմով գրառումներ է անում եկեղեցու, եկեղեցականների եւ անձնապես՝ կաթողիկոսի մասին, միաժամանակ մեջբերումներ է անում Սուրբ գրքից, պահանջում, որ կաթողիկոսի թեկնածուներն անցնեն բարեվարքության ստուգում, իսկ կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները, այդ թվում՝ կաթողիկոսը, հեռանան հոգեւոր ծառայությունից։
Եկեղեցին իրեն ուղղված մեղադրանքներում ավելի զուսպ գտնվեց եւ հանդես եկավ Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նկատել էր, որ եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն եւ դուրս են պետական եւ քաղաքական գործիչների իրավասությունից։ «Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին՝ լինել միաբան ու միասնական առ հայրենին եւ Սուրբ Եկեղեցին, հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջեւ ծառացած բոլոր մարտահրավերները եւ երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության եւ գայթակղության»,- հորդորել էին Մայր Աթոռից։
Իր վերջին գրառման մեջ, սակայն, Փաշինյանն արդեն հավատացյալներին կոնկրետ գործողությունների էր մղել․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս, ում բարեվարքությունը կաթողիկոսական ընտրություններից առաջ ստուգված եւ հաստատված կլինի։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետեւորդներին կոչ եմ անում՝ համախմբվել Վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որեւէ իրապես սրբազան հոգեւորականի Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ»։
Գրականագետ Դավիթ Գասպարյանը, անդրադառնալով իշխանություն-եկեղեցի օր-օրի սրվող հակամարտությանը, ընդգծում է․ «Եկեղեցին իր տեղն ու դերն ունի մեր կյանքում։ Եկեղեցուն հանգիստ պետք է թողնել առանց այն էլ մեր այս անհանգիստ, վերուվար արած իրականության մեջ։ Եկեղեցին ինքն իր ներսում կորոշի՝ ինչ եւ ինչպես անել կամ չանել, դրսի միջամտություններ, կարծում եմ, պետք չեն։ Այս ամենը ժողովրդի, մարդկանց վրա հեշտ չի նստում, առանց այն էլ Արցախի կորստից, վերջին պատերազմներից հետո լարումը շատ է թե՛ սահմաններում, թե՛ ներքին կյանքում, մշակույթի, կրթագիտական ոլորտներում, ամեն տեղ, գոնե լարման այս օջախը ժամանակավորապես պետք է հանգիստ թողնել եւ սպասել, որ ինքն իր մեջ իր լուծումը գտնի»։
Ի՞նչ նպատակ է հետապնդում վարչապետն ամեն օր հանրային հարթակում նույն հարցադրումը կաթողիկոսին ուղղելով, շատերի կարծիքով, հավանաբար, նոր զիջումներ են լինելու, եւ դրա համար այսկերպ հանրության ուշադրությունը շեղում է։ «Ես չեմ կարող ու չեմ էլ ուզում միանալ տարբեր ենթադրությունների, միայն կարող եմ ասել, որ ինձ համար հայոց եկեղեցին հայոց պետականության, հայոց ազգային գոյության եւ պահպանության հենքերից մեկն է եղել ու կա։ Իսկ մենք եթե որեւէ մի լավ բան չենք անում եկեղեցու համար, գոնե պետք է հանգիստ թողնենք նրան, ինքն իր ճանապարհը կգտնի ու իր հարցերը կլուծի, պետք չէ այդպես անիմա վիճակով մտնել այդ աշխարհ, պետք է հանգիստ թողնել այդ աշխարհը ու նաեւ ողջ եկեղեցական ոլորտը»,- եզրափակում է Գասպարյանը։
Դերասանուհի Աննա Էլբակյանի կարծիքով, իշխանությունը, վստահաբար, ավելի լավ գիտի, թե ինքն ինչ իրավունքներ ունի եւ չունի։ «Շատ ցավում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը, լինի դա վարչապետ, թե հասարակ քաղաքացի, իրեն իրավունք է վերապահում մի ուրիշ մարդու հետ՝ լինի դա վարչապետ, կաթողիկոս, ռեպլիկներով խոսել եւ ոչ իրեն հարգող մարդու խոսքերով վիրավորել։ Ու չմտածեք, թե ես նեյտրալ դիրք եմ բռնում, ոչ, ես ունեմ հստակ իմ դիրքորոշումը, բայց ինձ իրավունք չեմ վերապահի ասելու՝ իրավունք կա, թե չկա, այդ հարցերն իրենք ինձնից լավ գիտեն, եւ թե՛ իրավական, թե՛ բարոյական իմաստով պետք է հետեւեն այդ իրավունքին, որպես մարդ։ Ես ընդհանրապես տեսնում եմ, որ հիմա մեզանում շատ-շատ է իրար սեւացնելը, մինչդեռ պիտի լինի լրիվ հակառակը, պիտի լինի միաբանություն, իսկ ամեն մեկը պատասխան կտա Աստծո առաջ՝ լինի դա կաթողիկոս, եւ ոչ միայն, ու հատկապես Աստծո ծառաները։ Իսկ ընդհանրապես, ամեն մարդու խիղճ է տրված, անկախ նրանից՝ այդ մարդն իրեն հոգեւոր համարում է, թե ոչ, միեւնույն է, պատասխան է տալու իր խղճի եւ Աստծո առջեւ»,- ասում է դերասանուհին ու մտահոգություն հայտնում՝ ներկա իրավիճակի հետ կապված։
«Մեր «ծածկոցը» պետք է լինի մեր սուրբ ու մաքուր եկեղեցին, բայց ամեն ինչին կա ձեւ, տեղ, խոսելու կերպ, նաեւ՝ շփվելու, մաքրվելու կերպ, որովհետեւ բոլորս ենք մեղավոր Աստծո առաջ, մեկը՝ մի քիչ շատ, մեկը՝ մի քիչ քիչ, եւ Քրիստոսի խոսքերը՝ կուսակրոնության մասին, դարձյալ մարդն ինքն է որոշում՝ ինքն իր կյանքը նվիրում է այդ ծայրահեղ սրբությանը։ Ես միայն կարող եմ ասել՝ ում շատ տրվեց, շատն էլ պահանջվելու է, հիմա վարչապետին էլ շատը տրվել է՝ շատ բան էլ պահանջվելու է, նույնը՝ կաթողիկոսի դեպքում, բայց ես այնքան փոքր մարդ եմ եւ միայն կարող եմ մարդ-մարդ հարաբերության մեջ ասել՝ ուր ենք մենք հասել, գլուխս բռնել 2 ձեռքով եւ ասել՝ վայ մեզ․․․ ու գուցե սրբությունը սկսվի ամենապարզ, ամենաքիչ վաստակող մարդուց, ու հենց ինքը դառնա օրինակ։ Հետո՝ օրինակ ցուցադրողները պետք է լինեն օրինակելի, բայց իրար սեւացնելու կերպը մեզանում շատ է վատթարացել»։
Մտավախություն ունի՞, որ վարչապետն իր վերջին գրառմամբ ուղղակիորեն քաղաքացիական պատերազմ, խժդժություններ է հրահրում հավատացյալների շրջանում։ «Նախ՝ դա աղետ կլինի մեզ համար, եւ այսօր այն վախը, որ մենք իրար դեմ դուրս կգանք, շատ ավելի մեծ է, քան իմ մարդկային վախը, ու ես հիմա իսկապես հուզվում եմ։ Ես հիմա կյանքը կարող եմ դնել հանուն նրա, որ մենք, մեր եկեղեցիները լինենք միաբան, որ վարչապետը ներողություն խնդրի իր ռեպլիկների համար, ոչ թե նրա համար, որ ճիշտ է ասում կամ սխալ, գուցե ինքը հազար տոկոսով ունի այդ ինֆորմացիան, որը ճիշտ է, բայց այս դեպքում բաներ կան՝ մեր երկրի անվտանգության, մեր կեցության համար շատ ավելի կարեւոր, որ նժարների վրա դնելու չէ, նույնիսկ ագահությունը, կոռուպցիան, համեմատությամբ այն բարոյական ճգնաժամի, որ մենք ապրում ենք, որովհետեւ նախ հոգին է, հետո՝ մարմինը, եւ հոգուց են բխում մեր մարմնի բոլոր գործերը եւ պտուղները»։
Բաց մի թողեք
Ես հակաօրինական ոչ մի բան թույլ չեմ տվել, որ մտավախություն ունենամ. Խաչատրյան
Մոտեցող վտանգին անտարբեր Փաշինյանը դստեր հետ ժամանցային այց է կատարել
Իրանում մտահոգված չենք, ավելի մտահոգված ենք Հայաստանի համար, որը ներկա իշխանությունները էշի ականջում քնած են․ Իրանահայ