02/07/2025

Պարտադիր չէ՝ այս ամենն անձնապես ձեզ հետ կատարվի, որ հասկանաք` ամեն ինչ շատ ավելի վատ է, քան ձեզ թվում է

Խելացի մարդը չի սպասում, որ արհավիրքն իր տուն հասնի, նոր սկսի դրա դեմ պայքարել: Օրինակ, խելացի մարդը, տեսնելով Արցախի հետ կատարվածը, պետք է հասկանար, որ այդ ուղտը մի օր իր դռանն էլ կարող է չոքել, ինչքան էլ դրան չհավատաս:

Հրապարակ թերթը գրել է․ Այնպես, ինչպես արցախցիներն էին վստահ, որ հազարամյակներ ապրել են ու էլի մի քանի հազարամյակ կապրեն իրենց հողում, բայց մի քանի օրում թողեցին իրենց հայրենի երկիրը: Նույնը կարող է կատարվել նաեւ մեզ հետ:

Խելացի մարդը պետք է գիտակցի` պարտադիր չէ, որ հարկայինով ու ԱԱԾ-ով քեզ նեղեն, եթե հարեւանիդ ինչ-որ մեկն ասել է` խանութդ փակիր, խանգարում ես նորահայտ օլիգարխին:

Ապա վաղն էլ քո բիզնեսի, աշխատատեղի վրա է մեկն աչք դնելու, եւ քեզ են նույնկերպ դուրս մղելու: Եթե բարեկամդ հայտնվել է իրավապահների տեսադաշտում, մի քանի վախկոտի ցուցմունքի հիման վրա նրան մեղադրանք են առաջադրել ու կալանավորել, պարտադիր չէ, որ նույնը քեզ հետ կատարվի, որ հասկանաս` իրավապահները «գործ սարքելու» մեթոդով են շարժվում, եւ նույն հաջողությամբ դու ես մի օր հայտնվելու նրանց թիրախում:

Երբ երկրիդ ղեկավարն ամենաբարձր ամբիոնից բղավում է` «ձեզ տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալները», նախկին նախագահներին սպառնում է «պատերով տալ եւ քաղաքական դիակի մնացորդները դուրս հանել», պատերազմում ոտքը կորցրած մարդուն «համբալ» է անվանում, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ ՀՀ հիմնադիր նախագահին` «ժողովրդատյաց կեղծարարներ ու կեղծիք», մի վայրկյան անգամ մի կասկածեք, որ առիթի դեպքում ավելի վատ որակումներ է տալու ցանկացած մեկին` ձեզ համար թանկ հեղինակություններին, ձեր հարգանքը վայելող մարդկանց:

Պարտադիր չէ՝ այս ամենն անձնապես ձեզ հետ կատարվի, որ հասկանաք` ամեն ինչ շատ ավելի վատ է, քան ձեզ թվում է: