16/06/2025

Իրավապահ համակարգն արդեն պետք է արձագանքած լիներ․ Պողոսյան

«Հրապարակ»-ի զրուցակիցը սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն է:

– Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավն արդյո՞ք կարող ենք դիտարկել Հայաստանի սահմանադրությունը փոխելու եւ նոր սահմանադրություն ընդունելու՝ Ադրբեջանի առջեւ նրա ստանձնած պարտավորության լույսի ներքո: Այս արշավով նա հո՞ղ է նախապատրաստում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ դերի ամրագրումը Սահմանադրությունից դուրս բերելու համար:

– Նաեւ այդ նպատակը, ակնհայտորեն, Փաշինյանը հետապնդում է եւ, եթե հիշում եք, իր, այսպես կոչված՝ «Իրական Հայաստան»-ի տեսլականում ընդհանրապես, որեւէ ձեւով չէր խոսում Հայ առաքելական եկեղեցու հատուկ, բացառիկ կարգավիճակի մասին, այլ հավասարության մեջ էր դնում Հայաստանում գործող բոլոր  եկեղեցիները: Ընդամենը առաջինը նշված էր Հայ առաքելական եկեղեցին, բայց նույն շարքում, ինչպես Հայաստանում գործող մյուս եկեղեցիները: Ես սրանից ակնհայտորեն գալիս եմ այն եզրահանգմանը, որ Փաշինյանի համար եկեղեցու առանձնահատուկ դերը սահմանող գործող Սահմանադրության 18-րդ հոդվածը պետք է հանվի իրենց կողմից նախապատրաստվող նոր սահմանադրության նախագծից, բայց սա նրա հեռահար նպատակներից մեկն է: Մինչ այդ, կարծում եմ, Փաշինյանը շատ լրջորեն նպատակադրվել է ապօրինի կերպով հասնել Վեհափառ  հայրապետի հրաժարականին եւ նոր կաթողիկոսի ընտրությանը: Այսինքն, իր առաջնային նպատակը մեր եկեղեցուն վնաս հասցնելն է եւ անպայման կաթողիկոսին փոխելը, բայց ես վստահ եմ, որ դա իրեն չի հաջողվելու:

– Իրավական տեսանկյունից արդյո՞ք նա որեւէ լծակ ունի՝ այդ նպատակին հասնելու համար: Եկեղեցին, համաձայն ՀՀ սահմանադրության, անջատ է պետությունից:

– Ոչ մի լծակ չունի, այն ամենը, ինչ անում է Փաշինյանը, Սահմանադրության եւ համապատասխան օրենքի կոպտագույն խախտում է: Սահմանադրությունը ելնում է այն հիմնադրույթից, որ պետությունը եւ եկեղեցին անկախ են՝ ցանկացած եկեղեցի, ոչ միայն Հայ առաքելական եկեղեցին, պետությունը եւ կրոնական կազմակերպությունները միմյանցից անջատ են, եւ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ դերը մեր հոգեւոր, մշակութային կյանքում եւ այլ բնագավառներում: Ելնելով այդ դրույթից՝ Սահմանադրության 18-րդ հոդվածից, հանրային իշխանությունը՝ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք, առնվազն, ես շեշտում եմ՝ առնվազն, պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերեն մեր եկեղեցու եւ նրա առաջնորդի նկատմամբ եւ նման վիրավորական, ցինիկ արտահայտություններ չկատարեն: Առավել եւս, որ Փաշինյանը չի բավարարվում ոչ միայն զրպարտչական, տարբեր տեսակի վարկաբեկիչ տեղեկություններ տարածելով եկեղեցու վերաբերյալ, այլեւ նա, ըստ էության, նույնիսկ կոչ է անում գնալ Վեհարան եւ փոխել կաթողիկոսին: Ես կարող եմ այսպես մեկնաբանել իր խոսքերը: Կարծում եմ՝ այդտեղ արդեն քրեական հանցակազմ կա, բայց դա եթե մի կողմ թողնենք, ակնհայտ է, որ Փաշինյանի մեծ նպատակն այն է, որ հայ ժողովրդին զրկի իր ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից մեկից՝ մեր ազգային եկեղեցուց: Սա է, գլոբալ առումով, Փաշինյանի նպատակը:

– Այս ամենը հաշվի առնելով՝ իրավապահ համակարգը, մարդու իրավունքների պաշտպանը արդեն այս փուլից արդյոք չպե՞տք է արձագանքեն իրավիճակին: Թեեւ մենք գիտենք, որ, ցավոք, գործ ունենք գրպանային մարմինների հետ: Գումարած սրան՝ այս օրերի ընթացքում հոգեւորականության հասցեին հնչել են տարբեր, այդ թվում՝ ծանր հանցակազմ ենթադրող մեղադրանքներ:

– Իհարկե, իրավապահ համակարգը հենց հիմա արդեն արձագանքած պիտի լիներ, բայց քանի որ մենք ունենք այնպիսի իրավիճակ, երբ իրավապահ համակարգը ծառայում է ոչ թե Սահմանադրությանը եւ օրենքին, այլ միայն մեկ անձի, բնականաբար, միամտություն կլինի այդ համակարգից, ներառյալ ՄԻՊ-ից, որը մարդու իրավունքների պաշտպանության համակարգում է գտնվում, նմանատիպ գործողություններ ակնկալելը: Ես 100 տոկոսով համոզված եմ, որ դա չի լինի, ուստի  կարծում եմ, որ հասարակությունը՝ ինքը, պետք է դիմադրի մեր ազգային եկեղեցու նկատմամբ այս բոլոր ոտնձգություններին։

«Հրապարակ». Իրավապահ համակարգը հենց հիմա արդեն պետք է արձագանքած լիներ