Իսրայելի և Իրանի միջև ռազմական բախումները շարունակվել են նաև գիշերը՝ առաջացնելով մեծաթիվ զոհեր և վիրավորներ երկու երկրներում։
Իսրայելում մահացել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ երեխաներ, և վիրավորվել է ավելի քան 300-ը։ Ռումբեր են ընկել Թել Ավիվի, Հայֆայի և Բաթ Յամի բնակելի թաղամասերում։ Բաթ Յամում 8-հարկանի շենքի հարվածից 35 մարդ համարվում է անհետ կորած։
Իրանում, ըստ պաշտոնական աղբյուրների, առաջին օրը զոհվել է 78 մարդ, երկրորդ օրը՝ ավելի շատ։ Թեհրանում ռմբակոծվել է 14-հարկանի շենք, զոհվել է 29 երեխա։ Հարվածներ են հասցվել Պաշտպանության նախարարության շենքին, Շահրանի նավթաբազային, ինչպես նաև South Pars գազային դաշտին։
Իրանի ԱԳ նախարար Արաղչի՝ «Իսրայելը վիժեցրեց բանակցությունները»
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ հունիսի 16-ին Օմանում նախատեսված միջուկային բանակցությունները չեղարկվել են։
«Մենք չենք բանակցում, երբ մեր քաղաքներն ու քաղաքացիները ռմբակոծվում են։ Սա ինքնապաշտպանություն է, ոչ թե ագրեսիա»։
Նա նաև մեղադրեց ԱՄՆ-ին՝ «Իսրայելի գործողությունները խրախուսելու մեջ»։
Թրամփ. «Հեշտությամբ կարող ենք գործարք կնքել»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրել է. «Մենք կարող ենք հեշտությամբ գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև ու վերջ տալ այս արյունալի պատերազմին»։
Միաժամանակ նա զգուշացրել է.
«Եթե Իրանը որևէ ձևով հարձակվի ԱՄՆ-ի վրա, պատասխանն աննախադեպ կլինի»։
Եվրոպական դիվանագիտություն
Եվրոպական եռյակը՝ Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա, դիմել են Իրանին՝ նպատակ ունենալով կանխել լայնածավալ պատերազմը և վերականգնել դիվանագիտական շփումները։
«Չնայած իրավիճակի լարվածությանը, դիվանագիտական ուղիները պետք է բաց մնան», — ասել են ԵՄ պաշտոնյաները։
Տարածաշրջանային վտանգ
Իրանամետ հութիները հարվածել են Իսրայելի կենտրոնական մասում գտնվող Յաֆֆա քաղաքին, ինչը կարող է վկայել Իրանի դաշնակիցների ակտիվացման մասին։
Իրանը զգուշացրել է, որ եթե որևէ երկիր մասնակցի իր հրթիռների խոցմանն, իրենք կհարվածեն այդ երկրի ռազմական բազաներին։
Էներգետիկ շուկաներ ու տնտեսական արձագանք
Իսրայելի հարվածներից հետո South Pars գազային հսկա դաշտում արտադրությունը մասնակիորեն դադարեցվել է։
Նավթի համաշխարհային գները աճել են 9%-ով։
Թել Ավիվի ֆոնդային շուկան նվազել է ավելի քան 1%-ով, Սաուդյան Արաբիայի ցուցանիշները՝ 3.6%-ով։
Սրան զուգահեռ, ՄԱԳԱՏԷ-ն հաղորդում է, որ Իրանը խախտել է միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։
Իսկ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կոչ է անում Իրանի ժողովրդին դուրս գալ փողոց՝ ընդդեմ իշխանությունների։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով ԻՀՊԿ ռազմատիեզերական ուժերի ևս ութ հրամանատարի մահվան մասին:
ԻՀՊԿ-ն հայտնել է ևս ութ հրամանատարի սպանության մասին
«ԻՀՊԿ բարձրագույն հրամանատարության ականավոր ներկայացուցիչներ Մահմուդ Բաղերին, Դավուդ Շեյխիանը, Մոհամմադ-Բաղեր Թահերպուրը, Մանսուր Սաֆարպուրը, Մասուդ Թայեբը, Խոսրով Հասանին, Ջավադ Ջոուրսարը և Մոհամմադ Աղաջաֆարին մահացել են դաժան, բայց քաջի մահով», – ասվում է ԻՀՊԿ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Բաց մի թողեք
Բանսարկուն․ Իրանը երկու անգամ փորձել է սպանել Թրամփին. Նեթանյահու
Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին 30 հազար մարդ է մասնակցել
Իրանը պատրաստ է համաձայնագրի. Արաղչին հայտնել է՝ ինչ պայմանով