«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ. 16.06.2025թ.
Երկրի գործադիր իշխանության ղեկավարը՝ իրեն հարող անձանց հետ, հերթական անգամ թիրախ է դարձրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ հընթացս Ամենայն Հայոց Կաթողիկոսի և բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ հրապարակայնորեն հնչեցնելով սպառնալիքներ, արժանապատվությունը վիրավորող ու մարդու իրավունքները ոտնահարող արտահայտություններ՝ միաժամանակ կոպտորեն խախտելով հանրային էթիկայի նորմերը:
Տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների և մեր անմիջական հարևանությամբ ծավալվող խիստ վտանգավոր զարգացումների պայմաններում փոխանակ լծվելու երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավմանը և պետական ու հանրային դիմադրողականության ամրապնդմանը, ուղղակի ողբերգական է, որ Հայաստանի իշխանությունները քայքայիչ գործողություններ են իրականացնում հենց ներազգային կյանքում՝ Եկեղեցու դեմ:
Փաստացի, նախաձեռնված է Եկեղեցու դեմ ատելություն հրահրելու իշխանության արշավ, որն ունի համակարգված բնույթ և տեղի է ունենում վարչապետի կարգավիճակի անօրինական գործադրմամբ կամ չարաշահումով:
Այս գործողություններն ակնհայտորեն հակասահմանադրական են, որևէ ձևով չեն համադրվում Եկեղեցու և կրոնական կազմակերպությունների գործունեությունը չխոչընդոտելու վերաբերյալ օրենսդրական պահանջների հետ: Դրանք կոպտորեն ոտնահարում են մարդու անձնական կյանքի իրավունքի պաշտպանության միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պահանջները:
Եկեղեցին ունի իր ներքին կառավարման իրավունքը՝ դարերի ընթացքում ձևավորված կանոններով ու սրբազան ավանդույթներով, և որևէ պետական մարմին կամ պաշտոնյա Եկեղեցու ներքին հարցերին միջամտելու իրավասություն չունի:
Եկեղեցականներին վարկաբեկելու միջոցով նախաձեռնված այս անօրինական գործողություններն ուղղված են եկեղեցու և ազգային շահերի դեմ, որոնք խորացնում են հանրության մեջ պառակտումն ու բաժանարար գծերը՝ թուլացնելով և վերացնելով պետության դիմադրողականությունը, ինչն ի վերջո հանգեցնելու է պետականության կորստի:
Խիստ մտահոգիչ ու վտանգավոր ենք համարում հատկապես, որ Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական խոսույթն ուղղակիորեն զուգահեռվում է ադրբեջանական իշխանության քարոզչական կեղծ թեզերի ու պատումների հետ:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր հավատքի, ինքնության ու միաբանության միջնաբերդն է, մեր ազգի գոյության հենասյունը:
Հարվածել Եկեղեցուն, փորձել վարկաբեկել Սրբազան այս հաստատությունը՝ նշանակում է խարխլել երկրի անվտանգությունը և սպասարկել հակահայկական ուժերի շահերը:
Սահմանադրական իրավասու մարմիններից պահանջում ենք, որ համարժեք միջոցներ ձեռնարկեն՝ վարչապետի և նրան հարող անձանց հակաօրինական քայլերն անհապաղ կանխարգելելու և արձանագրված դեպքերի առնչությամբ համապատասխան հակազդեցության միջոցներ կիրառելու նպատակով:
Որպես Եկեղեցու նվիրյալ զավակներ` մենք հնարավոր իրավական բոլոր միջոցներն օգտագործելու ենք ապահովելու համար մեր Սուրբ Եկեղեցու ու ազգային նվիրական արժեքների իրավական պաշտպանությունը և զերծ պահելու դրանք բոլոր տեսակի ոտնձգություններից:
Աստված պահապան մեր ժողովրդին, մեր Սուրբ Եկեղեցուն և մեր Հայրենիքին:
Բաց մի թողեք
Փորձենք մեր կյանքը կազմակերպել Աստծուն և աղոթքին ապավինած. Ամենայն Հայոց Հայրապետ
Նա այն մարդն էր, ում արվեստը ճանաչում էին առանց թարգմանության․ Ավինյանը՝ Ազնավուրի արձանի բացմանը․ Տեսանյութ
Հուլիսի 18-ը Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահի` Նելսոն Մանդելայի միջազգային օրն է. Մտքեր