Ամերիկյան Wall Street Journal-ը վերլուծական հոդվածով փորձել է պատասխանել հարցին, թե Իսրայելն ինչպե՞ս կարողացավ «Առյուծ ժողովուրդ» ռազմագործողության առաջին օրերին Իրանի օդային տարածքի զգալի մասի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատել այն դեպքում, երբ Ռուսաստանը նույն նպատակին չի կարողանում հասնել Ուկրաինայի դեմ երեքուկես տարվա ընթացքում:
Ծավալուն հրապարակումից էական հատվածներ փոխանցում է իսրայելական vesty.go.il կայքը: Այդ հրապարակումն արժանի է խորը և բազմակողմանի ուսումնասիրության, բայց այս պահին արժե, թերևս, ուշադրություն դարձնել իսրայելցի վերլուծաբան Մայքլ Գորովեցի այս գնահատականին:
«Ըստ էության, այն, ինչ Իսրայելն արել է Իրանում, նույնն է, ինչ Ռուսաստանը ցանկանում էր անել Ուկրաինայում»:
Իսրայելիցի վերլուծաբանի գնահատմամբ՝ Ռուսաստանը կարծում էր, թե կարող է ինչ-որ գաղտնի-առեղծվածային գործողություն իրականացնել, ներթափանցել և գլխատել ուկրաինական վարչակազմը, բայց պարզվեց, որ այնքան էլ հեշտ չէ ներթափանցել ուկրաինական հանրության լայն շրջանակներ:
Նա գտնում է, որ Իրանում «ռեժիմն այնքան անընդունելի է, որ այնտեղ հեշտ էր գտնել Իսրայելի հետ համագործակցելու պատրաստ մարդկանց»:
Ասվածն, իհարկե, կարելի է չափազանցություն համարել, բայց ակամայից հիշվում է Ուկրաինայի դեմ հարձակման նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած խորհրդակցությունը, որի ընթացքում Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը չէր կարողանում ուղղակի պատասխանել «հատուկ ռազմագործողությանը կո՞ղմ է, թե՞ դեմ» ճակատային հարցին:
Իսկ իրականություն է, որ պատերազմի ողջ ընթացքում Ռուսաստանի հատուկ ծառայություններին չի հաջողվել Ուկրաինայի տարածքում որևէ նշանակալի-ռեսոնանսային գործողություն կամ ռուս և ռուսախոս բնակչության բողոքի զանգվածային ցույցեր կազմակերպել:
Դժվար է համոզված ասել, որ իրանական հանրության մեծ մասը կրոնապետության դեմ բացասաբար է տրամադրված, բայց որ Իսրայելն այդ երկրում ունի գործակալական ազդեցիկ ցանց, կարծես թե իրողություն է:
Ընդ որում, Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի սոցանցային գրառումը, որով նա հերքում է Ադրբեջանից Իրան իսրայելական լրտեսներ ուղարկելու մասին տեղեկությունները, պետք է հասկանալ տրամագծորեն հակառակ իմաստով, ինչը վկայում է, որ Իրանը տարիներ շարունակ թերագնահատել է իսրայելա-ադրբեջանական ռազմավարական համագործակցության իր համար վտանգավորությունը:
Թվում է, պատահական չէ, որ Իսրայելն Իրանի դեմ հարձակումն սկսել է Ռուսաստանի ռազմական օդանավակայանների դեմ «Սարդոստայն» հատուկ գործողությունից ընդամենը երկու շաբաթ հետո: Ռուսաստանում պնդում են, որ այդ «դիվերսիան» կազմակերպել են բրիտանական հատուկ ծառայությունները:
Իրանի դեպքում առայժմ երրորդ երկրի միջամտության մասին որևէ հստակ հասցեագրում չկա: Արտաքին գործերի նախարար Արաղչին և այլ պաշտոնյաներ միայն ասում են, որ Իսրայելը հարձակվել է ԱՄՆ իմացությամբ:
Իսրայելական աղբյուրները, սակայն, վկայում են, որ «Մոսադը» տևական ժամանակ Իրանի տարածք է տեղափոխել ԱԹՍ-ներ, անհրաժեշտ զինամթերք, ստեղծել արձակման հարթակներ: Նույն կերպ Ուկրաինան է ներկայացնում «Սարդոստայնի» նախապատրաստությունը: Երկու դեպքում էլ կասկածի տակ են ընկնում թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի սահմանակից երկրները:
Իսկ ամենաէականը, թերևս, այն է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում Ադրբեջանը կիրառել է նույն սցենարը, ինչ Իսրայելը՝ Իրանի դեմ հարձակման ժամանակ: Քառասունչորսօրյա պատերազմում Ադրբեջանը նաև բարձրաստիճան հայ զինվորականների, Արցախի ԱԱԾ պատասխանատու պաշտոնյաների է թիրախավորել:
Հարց է, թե արդյոք այդ գործողությունները նույնպես տարիների ընթացքում չե՞ն նախապատրաստվել: Եթե այդպես է եղել, ուրեմն Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ստրուկտուրացված լրտեսական ցա՞նց է ունեցել: Եվ անցած մոտ հինգ տարում ի՞նչ է արվել դրական կամ բացասական պատասխան ունենալու համար:







Բաց մի թողեք
Շիրակի մարզպետի խորհրդականը պաշտպանվում է իշխանության հովանավորությամբ․ Լուսանկար
Դեսպաններին էլի տարել են օկուպացված Արցախ, ինչ է պատմում Բաքուն
«Լուկօյլ» – Ադրբեջան գործարքին Պուտինը դեմ է` իմիջային կորուստ Ալիևի համար