ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ամերիկյան կողմը չեղարկել է երկու երկրների միջև հարաբերությունների վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպումը, որ կայանալու էր Մոսկվայում:
Զախարովան հույս է հայտնել, որ ամերիկյան կողմի վերցրած դադարը չի ձգվի երկար: ՌԴ ԱԳՆ խոսնակը մանրամասներ չի ներկայացրել, թե հատկապես ինչ պատճառով է ամերիկյան կողմը չեղարկել նախատեսված հանդիպումը:
Երկու օր առաջ տեղի ունեցավ ԱՄՆ ու ՌԴ նախագահների հեռախոսազրույցը, որում, բնականաբար, առանցքային թեման եղել է Իրանի դեմ Իսրայելի սանձազերծած պատերազմը: Պուտինն ու Թրամփը ունեցել են էական տարաձայնություն, որը կարող էր ազդե՞լ հաջորդիվ սպասվող դիվանագիտական ներկայացուցիչների հանդիպման վրա, թե՞ ամերիկա-ռուսական օրակարգում ներկայումս բոլոր հարցերը մղվում են երկրորդ պլան և առաջնային է դիտվում իրանա-իսրայելյան թեմատիկան:
Պետք չէ բացառել, անշուշտ, որ ամերիկյան կողմի դադարը տեխնիկական է: Բոլոր դեպքերում, իրան-իսրայելական պատերազմը իր մասշտաբով այնպիսի իրողություն է, որը վերածվում է համաշխարհային մեծ վերաձևումների նոր «շարժիչի»:
Ուկրաինական «թատերաբեմը» ըստ էության թերևս որպես այդպիսին դառնում է երկրորդական, և դա ոչ թե ժամանակավոր է, այլ, ըստ ամենայնի, իր բնույթով այդպիսին չի լինի այլևս, եթե նույնիսկ «վերադառնա» համաշխարհային լրահոսի առաջին էջեր:
Այդ մասով ԱՄՆ ու Ռուսաստանը կամ Պուտինն ու Թրամփը, թերևս, եկան որոշակի համաձայնությունների, որից այն կողմ այլևս բանն «իմպլեմենտացիան» է, բնականաբար, իր բազմաշերտ բարդություններով հանդերձ:
Բովանդակային առումով Մոսկվան ու Վաշինգտոնն, ըստ ամենայնի, կենտրոնանալու են արդեն մերձավորարևելյան իրողությունների վրա, ինչը կենթադրի որոշակի թե՛ տեխնիկական, թե՛ օրակարգային «նորամուծություններ»՝ երկկողմ շփումների սեղանին:
Բաց մի թողեք
Իրանն արագ բացահայտեց ու պատժեց «Մոսադին», իսկ դրանք 2020-ին նաև Արցախում էին
Բաքվի նոր հոգեխանգարումը՝ իբր իրանահայերը եկեղեցու միջոցով գաղտնի տվյալներ են փոխանցում Իսրայելին
«Թուրք զինվորը կարող է պարտվել, թուրքական դիվանագիտությունը չի պարտվում»