Stern հանդեսի անցյալ շաբաթավերջին անցկացրած հարցումների տվյալներով Գերմանիայի կանցլեր Մերցի վարկանիշը մայիս ամսվա համեմատ բարձրացել է 1,3 նիշով: Այժմ նրա քաղաքականությանը վստահում է գերմանացիների 36 տոկոսը:
Այդ մասին հայտնում է inosmi.ru-ն և եզրակացնում, որ պատճառը նրա Վաշինգտոն այցն է, որ ընդհանուր առմամբ կարելի է հաջողված համարել:
Ըստ տեղեկությունների՝ Գերմանիայի կանցլերը Վաշինգտոնում է գտնվել Թրամփ-Մասկ լարվածության փուլում, ուստի ԱՄՆ նախագահը «դժվարությամբ է կենտրոնացել նրա հետ բանակցությունների վրա»: Այդուհանդերձ, Դոնալդ Թրամփը Ֆրիդրիխ Մերցին «անձամբ խոստացել է, որ Գերմանիայի տարածքից ամերիկյան զորքերը չի հեռացնի»:
Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» եզրակացնում է, որ Գերմանիայի կանցլերը փոխարենը խոստացել է երկրի ռազմական ծախսերը հասցնել տարեկան ՀՆԱ-ի հինգ տոկոսի: Դա չափազանց կարևոր է, որովհետև Գերմանիայի տարածքում ամերիկյան զորքերի ներկայությունը նշանակում է «միջուկային հովանոցի պահպանում»:
Հակառակ դեպքում Գերմանին հարկադրված կլիներ ընդունել Ֆրանսիայի միջուկային ապահովության երաշխիքը, իսկ Մերցը «վարում է Եվրոպայում առաջատար դիրքերի հասնելուն ուղղված արտաքին քաղաքականություն»: Ռուսաստանյան լրատվամիջոցի գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահն իր հերթին Եվրամիությունը թուլացնելու, համաշխարհային շուկայում նրա մրցունակությունը չեզոքացնելու նպատակ է հետապնդում, և ֆրանս-գերմանական ռազմավարական մերձեցումը նրան ձեռնտու չէ:
Inosmi.ru-ն փոխանցում է գերմանական երկրորդ հեռուստաալիքի փորձագետների տպավորությունը, որ Մերցին, այնուամենայնիվ, չի հաջողվել ԱՄՆ նախագահին համոզել Ուկրաինային ռազմական օգնությունը լիարժեք պահպանելու և Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցում, թեև Դոնալդ Թրամփը «նրա հիմնավորումներն ամբողջովին չի մերժել»:
Նույն աղբյուրը Թրամփ-Մերց բանակցություններից չափազանց ուշագրավ մանրամասնություն է դիտարկել: Ըստ այդմ, երբ Գերմանիայի կանցլերն առաջարկել է վերանայել Եվրամիության նկատմամբ մաքսատուրքերը, Միացյալ Նահանգների նախագահն «անսպասելի առաջարկել է երկկողմ առևտրա-տնտեսական հարցերով բանակցություններ սկսել», ինչին Մերցը «սկզբունքորեն համաձայնել է»:
Ըստ տեղեկությունների, Գերմանիայի կառավարության կառուցվածքում շուտով կձևավորվի առանձին ստորաբաժանում, իսկ կանցլեր Մերցը կնշանակի ԱՄՆ հետ առևտրա-տնտեսական հարցերով բանակցություններում իր հատուկ ներկայացուցչին:
Ռուսաստանցի փորձագետները կարծում են, որ կանցլեր Մերցն այդ հարցում Եվրահանձնաժողովի հետ խնդիրներ չի ունենա: Գերմանիայի տնտեսությունը Եվրամիության ընդհանուր ներուժի ազդեցիկ մասն է կազմում, Վաշինգտոնի և Բեռլինի միջև ցանկացած պայմանավորվածություն կարող է ԵՄ-ԱՄՆ «առևտրատնտեսական պատերազմի» հաղթահարման համար նախադեպային լինել:
Գերմանիայի երկրորդ հեռուստաալիքի վերլուծաբաններն առայժմ դժվարանում են կանխատեսել, թե որքանով վստահելի և կայուն կլինեն Թրամփ-Մերց բանակցությունների «ընդհանուր առմամբ դրական արդյունքները»:
Նրանք կարծիք են հայտնել, որ Գերմանիայի կանցլերին հաջողվել է հաղթահարել ամենահիմնական փորձությունը, ԱՄՆ-ում նա ուներ դեմոկրատների աջակցի և նույնիսկ գործընկերոջ համարում, բայց կարողացել է «շահել Թրամփի բարեհաճությունը»:
Ըստ նույն աղբյուրների՝ ԱՄՆ մեկնելուց առաջ Գերմանիայի կանցլերը նույնիսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ է խոչհրդակցել՝ հաշվի առնելով Սպիտակ տանը նրա և Դոնալդ Թրամփի միջև սկանդալային բանավեճի փորձը: ԱՄՆ-Գերմանիա հարաբերությունների «վերբեռնումն» ի՞նչ ընթացք կունենա, կախված է բազմաթիվ գործոններից:
Ուշագրավ է, որ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել է Ուկրաինային Taurus հեռահար հրթիռներ մատակարարելու մասին տեղեկատվությունը: Հնարավոր է՝ այդ որոշումն ընդունվել է Թրամփ-Մերց բանակցությունների համատեքստում:
Բաց մի թողեք
Մեծ Յոթնյակի՝ G7 գագաթնաժողովը սկսվել է լարված, Թրամփը խուսափում է խմբային հանդիպումներից, գերադասում է երկկողմանի ձևաչափը
Ստեղծված իրավիճակում ինչ կարող են անել Հնդկաստանն ու Հայաստանը
Իրանի միջուկային ծրագրերի դեմ արևմտյան կոնսոլիդացիան չի դրսևորվի նաև Ուկրաինայի հարցում