Հայաստանում լրագրող աշխատելը երբեք այսքան վտանգավոր չի եղել, որքան նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանի ղեկավարման շրջանում:
Հրապարակ թերթը գրել է․ 2018-ից հետո Հայաստանում հաստատվել է ժողովրդավարության քողի տակ թաքնված ավտորիտար ռեժիմ, որը չի խուսափում նման ռեժիմներին բնորոշ դրսեւորումներից` խաղաղ ցուցարարների վրա լուսաձայնային նռնակներ նետելուց մինչեւ քաղաքական հողի վրա բանտարկություններ, ոստիկանների մասնակցությամբ ընդդիմադիր քաղաքացուն առանձնակի դաժանությամբ խոշտանգելուց մինչեւ Եռաբլուրում ոստիկանների կողմից որդեկորույս մայրերի ծեծի ենթարկելու դեպքեր, եկեղեցու ներքին կյանք ներխուժելուց մինչեւ ակտիվիստներին տեսախցիկների առջեւ ծեծի ենթարկել, լրատվամիջոցների ու լրագրողների դեմ աննախադեպ թվով դատական հայցերի հարուցումներ:
Նախօրեին մենք տեսանք, թե ինչպես էին «Մեդիահաբի» լրագրող Վահե Մակարյանին` թեւերն ոլորելով դուրս բերում Ազգային ժողովից, իսկ երեկ 24 նյուզ լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանն իր մասնագիտական աշխատանքը կատարելու ժամանակ ոստիկանի կողմից ենթարկվեց բռնության: Նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր էջում սպառնում է «Հրապարակին» դատի տալ, իսկ իրենց նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանն արդեն իսկ դատական հայցեր է ներկայացնում` «իշխանությունների սրտի օլիգարխ» արտահայտության համար:
Ինչո՞ւ է Հայաստանում ժողովրդավարությունը գահավիժում, ինչո՞ւ է նախկին ազատամիտ, լրագրողական անցյալ ունեցող իշխանությունը բռնանում ազատ խոսքի վրա: Այժմ Հայաստանում լրագրող աշխատելը մեծ քաջություն եւ համառ ջանքեր է պահանջում. մի կողմից՝ ֆեյքերի գրոհ, հոգեբանական ճնշումներ, մյուս կողմից` ծեծ, բռնություն, ինֆորմացիա հայթայթելու դժվարություններ:
ՔՊ-ական նախկին պատգամավոր, Հանրային հեռարձակողի խորհրդի նախկին անդամ Վահագն Թեւոսյանից, որը ժամանակին աշխատել է «Հայկական ժամանակում», հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է վերաբերվում, երբ ոստիկանը հարվածում է կին լրագրողին եւ հպարտորեն կանգնում ուղիղ եթերի տեսախցիկների առաջ: Թեւոսյանը բավականին ագրեսիվ տոնով եւ խիստ ջղաձգված նյարդերով նշեց. «Տեղի ունեցածով կզբաղվեն իրավապահները, դուք հիմա գնահատակա՞ն եք տալիս, տարիներ առաջ էլ իմ կնոջ նկատմամբ է բռնություն կիրառվել, նրան աստիճաններից բրթել ու շպրտել են, ես՝ ինքս էլ հարված եմ կերել ժամանակին, շատ ավելի վտանգավոր է եղել լրագրող աշխատելը առաջ: Ընդ որում, այն պարագայում, երբ մենք այսօրվա լրագրողների պես ընդդիմություն չէինք առաջնորդում: Հիմա լրագրողներից շատերն ավելի շատ ընդդիմադիր գործիչներ են, քան լրագրողներ, եւ պրակտիկորեն առաջնորդում են կամ մասնակցում են, կամ էլ հրահրում են որոշակի իրավիճակներ: Կոնկրետ այսօրվա դեպքի մասով գնահատականներ չեմ կարող տալ, որովհետեւ մանրամասներին ծանոթ չեմ, սակայն այն, որ Դուք կարծում եք, թե լրագրող աշխատելն այսօր վտանգավոր է դարձել, սխալ գնահատական է»։ Թեւոսյանը երեւի մոռացել է, որ իր նախկին ղեկավար Նիկոլ Փաշինյանը, լինելով «Հայկական ժամանակի» խմբագիրը, մասնակցեց Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավին, վարում էր նրա հանրահավաքները, նրա ցուցակով մտավ ԱԺ` առաջնորդելով ընդդիմությանը, ինչից հիմա վրդովվում է Թեւոսյանը:
Մենք նկատեցինք․ եթե անգամ որոշ լրագրողներ սադրում են, դա արդարացնո՞ւմ է բռնությունը, ժամանակին էլ Նիկոլ Փաշինյանն էր սադրում։ «Ոչ մի բռնություն արդարացված չէ, ինֆոբռնությունը նույնպես արդարացված չէ, իհարկե` ֆիզիկական բռնությունը տասնապատիկ անգամ արդարացված չէ»,- ասաց Թեւոսյանը: Անցյալում էլ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունն էր «Հայկական ժամանակին» մեղադրում ինֆոբռնության, խառնակչության եւ երկրում գաղջ մթնոլորտ ստեղծելու մեջ: Մեր զրուցակցին հարցրինք` առաջ ինքը նկատո՞ւմ էր, թե ինչ կեղծիքներ է տարածում Փաշինյանի խմբագրած օրաթերթը։ «Հիմա Դուք խոսում եք ինձ հետ ոչ թե որպես լրագրող, այլ որպես քաղաքական գործիչ, ով տալիս է գնահատականներ»: Նախկին լրագրող Վահագն Թեւոսյանը, փաստորեն, կարծում է, որ լրագրողն իրավունք չունի կարծիք հայտնելու` պետք է ռոբոտի կամ ձայնագրիչ սարքի դեր խաղա:
Նախկին լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն էլ է ժամանակին աշխատել «Հայկական ժամանակում»: Նրան հարց ուղղեցինք` առաջներո՞ւմ էր լրագրող աշխատելն առավել վտանգավոր, թե՞ այսօր: «Ես եւ Վահագն Թեւոսյանն աշխատել ենք նույն՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում: Բոլոր ժամանակներում էլ եղել են տարբեր գելխեղդներ` իշխանության մեջ, ինչպես նաեւ՝ ոստիկանական համակարգում: Այդ գելխեղդները մշտապես փորձել են խոչընդոտել լրագրողների աշխատանքը: Եթե Վահագն Թեւոսյանն ասում է, որ լրագրողներն են մեղավոր, որ բռնության են ենթարկվում, ապա ես կարո՞ղ եմ նույն տրամաբանությամբ ասել, որ, օրինակ, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանն էր մեղավոր, որ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանը դուբինկայով իրեն ծեծի էր ենթարկել, կամ այլ լրագրողներ մեղավո՞ր էին, որ հայտնվում էին գելխեղդ ոստիկանների դուբինկաների թիրախում: Լրագրությունն այսօր հավասար է կամիկաձեի, ես սա ասում եմ որպես նախկին լրագրող: Այսօր լրագրողներն աշխատում են մահաբեր պայմաններում: Շարքային մի ակցիայի լուսաբանումը լրագրողի համար այսօր կարող է դառնալ մեծ վտանգ: Եվ այսքանից հետո Արման Եղոյանը բոցաշունչ ելույթ է ունենում ԱԺ ամբիոնից եւ խոսում առաջներում լրագրողների եւ ցուցարարների նկատմամբ կատարված բռնարարքներից: Ես շատ կուզեի, որ Արման Եղոյանը, Վահագն Թեւոսյանի ձեռքից բռնած, այսօր Աշտարակի խճուղում ներկա գտնվեր եւ տեսներ, թե Նիկոլի անձնական գելխեղդներից մեկը, որի մականունը «Սաշ» է, որը նաեւ հայտնի է ընդդիմադիր բոլոր ցույցերի ժամանակ ցուցարարների, ընդդիմադիր պատգամավորների հանդեպ ագրեսիվ պահվածքով, որը նաեւ տարեց ցուցարարին անվանում էր «յո…նի բիձա», ինչպես էր այսօր լրագրող Մերի Մանուկյանին հարվածում: Ես պատկերացնում եմ, թե ինչ կլիներ, եթե նույն միջադեպը տեղի ունենար նախկին իշխանությունների ժամանակ: 3 վայրկյան անց Քասախի տռասային կտեսնեինք ԱՄՆ կամ ԵՄ երկրներից ֆինանսավորվող, այսպես կոչված, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին` գետնին պառկած: Մենք առ այս պահը որեւէ արձագանք նրանցից չենք լսել: Որեւէ արձագանք չեն հնչեցրել նաեւ միջազգային իրավապաշտպան լրագրողական կազմակերպությունները: Եթե այսպիսի դեպք լիներ տարիներ առաջ, երբ ես Եվրոպական ինտեգրման եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն էի, ինձ անպայման կզանգահարեր ՀՀ-ում ԵՄ դեսպանը եւ կես ժամանոց մուննաթ տեքստ կերկներ, դրանից հետո ինձ կզանգեին այլ եվրոպական կառույցներից եւ տեղի ունեցածից զատ նոր տեղեկություններ կպահանջեին այդ զարհուրելի միջադեպի մասին: Բայց քանի որ ոչ մի նման բան տեղի չունեցավ, դա խոսում է, որ եվրոպական ստանդարտները իրականում եվրոմառոլ, եվրոյոնջա են, որը հանրությանը կերցնում են այն ժամանակ, երբ իրադարձությունները համապատասխանում են իրենց աշխարհաքաղաքական շահերին: Ինչ վերաբերում է բռնարար ոստիկանին աշխատանքից հեռացնելուն, ապա այդ անձը նաեւ պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի առաջ, նա պետք է դատվի, աշխատանքից հեռացվելը քիչ է: Նկատենք նաեւ, լրագրողին բռնության ենթարկելու կադրը մի քանի անգամ նայել եմ, լրագրողը հանգիստ կատարում է իր մասնագիտական աշխատանքը, ո՛չ սադրում է, ոչ՛ էլ հրահրում»,- եզրափակեց Զոհրաբյանը:
Բաց մի թողեք
Էս ի՞նչ «բեսպրեդել ա», Ստեփանավանից Տաշիր էինք գալիս, մեքենան անհիմն տարան տուգանային հրապարակ․ քաղաքացի
ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար
Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը