21/06/2025

Ինչ սպասել Թուրքիա այցից

Պաշտոնական Երեւանը համառորեն չի հաստատում տեղեկությունները, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա՝ հանդիպելու նախագահ Ռեջեփ Էրդողանին։ Սակայն վերջին օրերի մամուլում համառորեն տեղեկություններ են տարածվում, որ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա է մեկնելու։

Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանի մամուլի քարտուղարը, արձագանքելով տեղեկություններին, ասել է․ «Վարչապետի այցերի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն տրամադրվում է անհրաժեշտ պահին», այսինքն` ձեզ չի վերաբերում, երբ հարմար կգտնենք, այն ժամանակ էլ կհայտնենք։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի հերքել, որ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա, բայց թե ինչ օրակարգով, հայտնի չէ։ Թուրքական կողմից եւս որեւէ տեղեկություն չկա Փաշինյանի հնարավոր այցի վերաբերյալ, եւ սա ոչ թե բացառում է այդ այցը, այլ ցույց է տալիս Հայաստանի հանդեպ թուրքական կողմից հետաքրքրության բացակայությունը։

«Այցը, բնականաբար, պլանավորվել էր մինչեւ Իսրայելի հարձակումն Իրանի վրա»,- կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը․ «Նման այցերը մեկ օրում կամ մեկ ժամում չեն պլանավորվում, մանավանդ որ Հայաստանն ու Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ»։

Քաղաքագետը հայ-թուրքական հարաբերություններում եւ այդ այցի մեջ բացասական բան չէր տեսնի, եթե հայկական կողմն ունենար օրակարգ․ «Հասկանայինք՝ այդ հանդիպումն ինչի համար է, ինչին պետք է ծառայեցնել, ինչ դեր ենք վերապահում Թուրքիային, բայց եթե օրակարգ չունենք, դա դառնալու է հերթական հարթակը, որտեղ հայկական կողմին հարկադրելու են կատարել Ադրբեջանի բոլոր պայմանները` ինչ-որ խաղաղության փաստաթուղթ ունենալու համար։ Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ինչ հաշվարկով է մոտենում այցին։ Մյուս կողմից՝ եթե հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա չեն, չունես ստրատեգիական մի գործընկեր, որը քո անվտանգության կայուն երաշխավորն է, հայ-թուրքական դիալոգը մեզ համար մեծ էֆեկտիվություն չի կարող ապահովել: Եթե Փաշինյանն այդ պատրանքն ունի, որ Թուրքիան է դառնալու մեր անվտանգության երաշխավորը, ապա պետք է հիասթափեցնել՝  չաշխատող տարբերակ է, Թուրքիան նշան ցույց չի տվել, որ ինքը պատրաստ է զսպել Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը եւ բալանսավորված քաղաքականություն երաշխավորել։

Ճիշտ հակառակը՝ Անկարայից բազմաշերտ՝ իշխանական բուրգի բոլոր ներկայացուցիչների կողմից տասնյակ անգամներ հայտարարություններ են հնչել, որ հայ-թուրքական հարաբերություններում կլինի առաջընթաց, եթե առաջընթաց կա հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Այս համատեքստում է պետք դիտարկել այցը։ Մեր տիպի փոքր երկրները դատապարտված են անվտանգության որեւէ համակարգում լինել՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար, որովհետեւ ինքնուրույն այդ խնդիրը լուծել չեն կարող»։

Այլեւս իրականություն է, որ Թուրքիան միջնորդի դեր է ստանձնել հայ-ադրբեջանական հարաբերություններում, սակայն որ այս այցով խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կդրվի կառուցողական հենքի վրա, անգամ իշխանական շրջանակները նման եզրահանգում չեն անում։ Չնայած խաղաղություն կոչվող պայմանագրի տեքստի շուրջ կողմերն ամիսներ առաջ եկել են համաձայնության, սակայն Ալիեւն օրեցօր նոր պահանջներ է հրապարակում եւ հրաժարվում է ստորագրել, թղթի կտորով կապել իր ձեռքերը, սահմանափակել ախորժակը, նա ծավալապաշտական նկրտումներ ունի։ Քաղաքական կուլիսներում քննարկում են, որ Ալիեւին, ըստ ամենայնի, հաջողվել է դեռ ամիսներ առաջ կոմպրոմիսի գնալ Արեւմուտքի հետ՝ իրեն չեն ճնշի, չեն ստիպի պայմանագիր ստորագրել, ինքն էլ վետո չի դրել, տվել է համաձայնությունը, որ 2026 թվականի գարնանը Երեւանը հյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովը։

Գաղտնիք չէ՝  Փաշինյանին խաղաղության պայմանագիրն օդուջրի պես պետք է, որ 26-ի ընտրություններից առաջ այն ծածանի քարոզչական նպատակներով, հանրությանը մանիպուլացնի, որ վերջապես բացել է բաղձալի խաղաղության դարաշրջանը: Չէ՞ որ այդ թղթի կտորն ունենալու հաշվարկով Ադրբեջանին նվիրեց Արցախը, Կիրանցից տարածքներ՝ հույս ունենալով, որ Արեւմուտքի ճնշմամբ պայմանագիրը կյանքի կկոչվի:

Բայց քանի դեռ Փաշինյանը չի կատարում Արեւմուտքի հիմնական պահանջը՝ Ռուսաստանին մեր երկրից իսպառ դուրս հրավիրելու ուղղությամբ, ուստի վարչապետի հաշվարկը սխալ դուրս եկավ․ Արեւմուտքը ձեռքերը չի լվանում Հայաստանից, բայց Ալիեւին էլ պատին դեմ չի տալիս։ Ճիշտ հակառակը․ ասում են՝ եվրոպացի գործիչները Փաշինյանին սին հավաստիացումներ են տվել, որ այդ համաժողովի անցկացումը Երեւանում ոչ պակաս քարոզչական էֆեկտ է ունենալու, որքան խաղաղության պայմանագրի ստորագրումը:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ձեւավորվել է Ռուսաստանի` Ուկրաինա ներխուժումից հետո՝ եվրոպական երկրների միջեւ երկխոսության նոր հարթակ ստեղծելու նպատակով, առանց Ռուսաստանի եւ Բելառուսի մասնակցության, այսինքն՝ հերթական հակառուսական միջոցառումն է դա։ Այս շրջանակի անդամները, անկախ ԵՄ անդամակցությունից, քննարկում եւ կարծիքներ են փոխանակում անվտանգության, էներգետիկայի եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերով։ Նման կարեւոր գագաթնաժողովի հյուրընկալումը փորձելու են Հայաստանի նման փոքր, զարգացող երկրի համար դիվանագիտական տեսանկյունից որպես լուրջ նվաճում ներկայացնել` 26-ի ընտրություններից անմիջապես առաջ։ Հուսով են նաեւ, որ մինչեւ այդ միջոցառումը՝ հաջորդ տարվա ապրիլ, Ադրբեջանը չի գնա ռազմական էսկալացիայի, եւ խաղաղությունը երաշխավորված կլինի: Բացի այդ, ՔՊ-ական իշխանությունը կկարողանա իր կողմը գրավել հակառուսական տրամադրվածներին։

Այս համատեքստում մեր ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը նախկինի պես այլեւս սեւեռված չէ պայմանագրի կնքման վրա եւ հատուկ չի ընդգծում, որ Ադրբեջանն է հրաժարվում ստորագրել պայմանագիրը։ Դիցուք՝ Պրահայում ընթացող GLOBSEC 2025 միջազգային համաժողովի շրջանակում՝  ուրբաթ օրը, Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է թեմային․ «Ներկայումս այդ նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Այժմ մենք խորհրդակցությունների փուլում ենք Ադրբեջանի հետ՝ հասկանալու, թե ինչպես իրականացնել ստորագրումն ու հետագա վավերացումը։ Մենք շարունակում ենք այդ գործընթացը եւ հուսով ենք, որ հնարավորինս շուտ կհասնենք արդյունքի»։