Իրանա-իսրայելական պատերազմի պատճառով վերջին օրերին կտրուկ ավելացել է Իրանից Հայաստան տեղափոխվողների հոսքը։ Վերջին երկու օրվա ընթացքում օրական 2-3 հարյուր իրանցի է Հայաստան գալիս։
Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է Իրանի հետ սահմանակից Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը․ «Հոսքը կա, երեկվանից արդեն ավելի շատ, էս երկու օրը օրական 200, 300-ի չափով գալիս են, օրական արդեն սկսում է ավելանալ հոսքը։ Ես խոսում եմ մաքսատան աշխատողների հետ, ասում են՝ սովորականից շատ է արդեն հոսքը, նախորդ օրերին եթե օրական մի ավտոբուս, երկու ավտոբուս էր գալիս, հիմա արդեն տասն անգամ ավել են գալիս ավտոբուսները։ Էսօր երրորդ օրն է արդեն, ու ավելի շատ հոսք ենք սպասում, կարող ա հազարին մոտ լինի»։
Համայնքապետը նշեց, որ իրանցիները, քանի որ հիմնականում ավտոբուսներով են գալիս, տեղավորվում են Մեղրիի և հարակից բնակավայրերի հյուրանոցներում և սկսում տրանսպորտի փնտրտուքով զբաղվել, որ գան Երևան կամ Երևանին մոտ բնակավայրեր։
Ու արդեն հյուրանոցները չեն բավականացնում։ Համայնքապետի խոսքով՝ արդեն այսօր իրենք իրանցիներին տեղավորելու լուրջ խնդիր ունեն․ «Արդեն լուրջ խնդիր ունենք հյուրանոցներում, քանի հյուրանոց զանգել ենք, ոչ մեկում ազատ տեղ չկա։ Քանի որ մեր հյուրանոցները քիչ են՝ երեք-չորս հատ Մեղրիում ունենք, մի երեք հյուրանոց էլ Ագարակում կա, բայց դրանք փոքր՝ մինչև 25 տեղանոց հյուրանոցներ են, ու չեն հերիքում արդեն»։
Մեր հարցին, թե ինքն ինչ-որ խնդիր կամ ռիսկեր տեսնո՞ւմ է իրանցիների այս հոսքի հետ կապված, Խաչատուր Անդրեասյանն ասաց․ «Չէի ասի, թե ռիսկ եմ տեսնում, քանի որ իրենք մեզ բարեկամ ժողովուրդ են, բայց խնդիրներ կլինեն, ամեն դեպքում, հիմնականում տեղավորելու, տեղափոխելու, մնալու, որովհետև շրջանն ի վիճակի չէ էդքան մարդու ընդունել։ Հիմա սպասում ենք՝ երեկոյան հերթական հոսքը, որ եկավ, իրենց որտե՞ղ ենք տեղավորելու։ Իրականում, էլ մենք տեղ չունենք, նույնսիկ մտածում ենք վրանների խնդիր լուծենք, որովհետև, նայելով էս օրական աճին, մտածում եմ՝ էսօր ավելի շատ է լինելու հոսքը։ Տաքսիներն էլ են շատ քիչ, նույնսիկ խնդրել ենք, որ Կապանից տրանսպորտ ուղարկեն, որ կարողանան էդ մարդկանց տեղափոխեն Երևան»։
Ի դեպ, Անդրեասյանն ասաց, որ Իրանից Հայաստան տեղափոխվողների մեջ հայերի դեռ չի հանդիպել, հիմնականում իրանցիներ են, նաև Իրանում բիզնեսով զբաղվող այլ երկրների քաղաքացիներ։
Բաց մի թողեք
Էս ի՞նչ «բեսպրեդել ա», Ստեփանավանից Տաշիր էինք գալիս, մեքենան անհիմն տարան տուգանային հրապարակ․ քաղաքացի
ՀԷՑ-ի պետականացումը բացասական մեսսիջ օտարերկրյա ներդրողների համար
Ինչ է ստորագրվելու Թուրքիայում, որտեղ է կայանալու հանդիպումը