21/06/2025

Կրթված զոմբի չի լինում

Երբ մենք բողոքում ենք մեր հասարակության կրթական մակարդակից, նկատի ունենք այն, որ խելացի, գրագետ, բավարար գիտելիքներ ունեցող հանրությունը կհասկանար, թե ինչ է կատարվում մեր երկրում, եւ կփորձեր իշխանություն փոխել:

Հրապարակ թերթը գրել է․ Կգիտակցեր, թե ինչ ավերածություններ է արել այս իշխանությունը, ինչպիսի երկիր է ստացել 7 տարի առաջ, եւ ինչ երկիր ունենք այսօր: Կհասկանար, որ այս իրավիճակի մեղավորը ո՛չ Պուտինն է, ո՛չ էլ անգամ Ալիեւը, ո՛չ նախկինները, ո՛չ նախկինի նախկինները, այլ 2018-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը` իր թիմով:

Նաեւ չէր ուտի այն «կտերը», որ 7 տարի շարունակ հրամցնում են իրեն, թե` 1991-ին, 1994-ին, 1997-ին… 2017-ին… Արցախն արդեն հանձնված էր: Գրագետ ու կրթված հանրությունը թույլ չէր տա, որ իրեն խաբեն, թե «Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը վաղուց էին հողերը տվել, խեղճ Նիկոլն ի՞նչ աներ»:

Չէր հավատա այն ապուշությանը, թե Ալմա-Աթայի հռչակագրով են որոշվել հետխորհրդային երկրների սահմանները: Կհասկանար, որ բանակցային փաստաթղթերը, 2019 թ. Լավրովի պլանը չհրապարակելը, «խաղաղության համաձայնագրի» նախագիծը չհանրայնացնելն արդեն իսկ հանցագործություն են սեփական ժողովրդի հանդեպ, եւ ամեն ինչ մինչեւ վերջին պահը գաղտնի պահելու տակ վտանգներ կան թաքնված:

Կրթված հասարակությունը թույլ չէր տա, որ իշխանությունը «կեղտոտ ոտքերով» ներխուժեր Եկեղեցի, փորփրեր մարդկանց անձնական կյանքը, շանտաժի ենթարկեր, վախեցներ, ապօրինի քրեական վարույթներ հարուցեր` վերարտադրվելու ստոր նպատակով:

Գրագետ հասարակությանը դժվար կլիներ խաբել ու մոլորեցնել եւ կրկին քվե խնդրել: Երբ մենք բողոքում ենք հասարակության կրթական մակարդակից` հասկանալի է, իսկ ինչո՞ւ է բողոքում իշխանությունը. կրթական ցածր ցենզն է իրենց վերարտադրման գրավականը: